Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարածքներն օկուպացնելու մասին Լավրովի եւ մյուս բոլոր ասածները ժխտված են միջազգային միակ դատական որոշմամբ»․ Գյուլումյան

Փետրվար 03,2023 15:13

«Փորձագետներիս եւ քաղաքական ուժերի մոտ երկու տարբեր մոտեցումներ կան Արցախի հարցով՝ Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի, եւ Արցախը պետք է միանա ՀՀ-ին։ Երկուսն էլ գործող են։ Ձեր վերլուծությունները ո՞ր տարբերակին են վերաբերում»,-խորհրդարանական ընդդիմության հրավիրած՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանին հարցրեց ՀՀ սահմանադրական դատարանի նախկին դատավոր (լիազորությունները դադարեցվել են ՔՊ-ի նախաձեռնած օրենսդրական նախաձեռնությունների արդյունքում) Ալվինա Գյուլումյանը։

Անդրանիկ Թեւանյան

Անդրանիկ Թեւանյանը պատասխանեց․ «Կան երկարաժամկետ ռազմավարական նպատակներ եւ կա ստեղծված իրավիճակ։ Առաջին քայլն այն է, որ այս պահին ապահովենք Արցախի անվտանգությունը, Արցախի հայկական լինելը եւ քաղաքական օրակարգում դնենք Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը։ ՀՀ պետական քաղաքականության հիմքում դա պետք է լինի։ Հետագա գործընթացները թե ինչին կարող են հանգեցնել, դա արդեն այսօրվա հարց չէ։ Գլխավորն ինքնորոշման իրավունքն է, որովհետեւ այն մյուս բոլոր իրավունքների երաշխիքն է»։

Թեւանյանը շեշտեց, որ գործող իշխանության մոտեցումը հակառակն է․ «Նրանք ասում են՝ եթե անվտանգությունն ու իրավունքներն ապահովվեն, պատրաստ են կարգավիճակը դրանից բխեցնել։ Այսինքն, ասում են, որ կարող են Ղարաբաղն Ադրբեջանի կազմում դիտարկել, եթե Ալիեւը երդվի, որ կապահովի արցախցիների անվտանգությունը։ Ի դեպ, Ալիեւը, Էրդողանն ու Փաշինյանը գործում են համատեղ, ուղղակի Ալիեւն ու Էրդողանը շատ անկեղծ են հայ ժողովրդի հետ, իսկ Փաշինյանը՝ ոչ, որովհետեւ իրենք չեն թաքցնում, որ Ղարաբաղը հայաթափելու են, իսկ ՀՀ-ն դիտարկում են որպես «Արեւմտյան Ադրբեջան», իսկ Նիկոլ Փաշինյանը խաբում է՝ ասելով, որ եթե Ղարաբաղը տանք, անվտանգ ու խաղաղ ենք ապրելու, որ Թուրքիայի հետ սահմանը բացելուց երջանիկ ենք ապրելու։ Դա անհնար է։ Խաբեցին, թե հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների են, մինչդեռ Թուրքիան քանիցս ներկայացրել է նախապայմանները»։

Ալվինա Գյուլումյանը նաեւ նշեց, որ իր ասած երկու տեսակետների շուրջ հանրության շրջանում եւս կա տարակարծություն․ «Եթե խոսենք ՀՀ-ին միանալու մասին, ապա տարածքային ամբողջականության հարց է առաջանում։ Իսկ եթե խոսենք ինքնորոշման մասին, ապա ցանկացած պարագայում ինքնորոշման իրավունքը պահպանվում է։ Հետեւաբար, դա միասնական մոտեցման անհրաժեշտություն ունի։ «Գաճաճ» պետությունների առաջացումն էի ուսումնասիրում եւ հիշեցի Անդորրային, որն ավելի փոքր է Արցախից։ Իրենց կարգախոսն է՝ միասնությունն ուժ է ծնում։ Նույնը կարող է լինել մեր պարագայում, եթե միասնական լինենք»։

Ապա Ալվինա Գյուլումյանն ընդգծեց, որ տարածքներն օկուպացնելու մասին Լավրովի եւ մյուսների բոլոր հայտարարությունները ժխտված են միջազգային միակ դատական որոշմամբ՝ «Չիրագովն ընդդեմ ՀՀ-ի» գործով, որով Եվրոպական դատարանը, ճանաչելով Հայաստանի իրավազորությունը, հանգեց նրան, որ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու հիմքով է ճանաչվել ՀՀ-ի իրավազորությունը, ոչ թե տարածքների օկուպացիայի․ «Այսինքն, ըստ ՄԻԵԴ-ի, մենք իրականացրել ենք արդյունավետ իրավազորություն, ոչ թե օկուպացրել էինք այդ տարածքները։ Սա այն փաստաթուղթն է, որին միշտ հղում կարող ենք անել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728