Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա չեմ կարող ասել` 15 զինվորն ինչից է մահացել, հրդեհից է մահացել, թե չգիտեմ ինչից. կապիտանի փաստաբան

Փետրվար 03,2023 14:56

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված թիվ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի դեպքով որպես մեղադրյալ ներգրավված կապիտան Եղիշե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը չի շտապում գնահատական տալ կառավարության նիստի ժամանակ վարչապետի առաջ քաշած վարկածին, թե Եղիշե Հակոբյանը հինգ լիտրանոց ավտոբենզինով փորձ է արել միացնել վառարանը:

«Վարչապետի գործողություններին գնահատական չեմ տալիս, բայց կարող եմ մի բան ասել, որ քրեական վարույթի շրջանակներում գնահատականներ տալը, վարկածները, որպես հաստատված հանգամանքներ ներկայացնելը, ամենաանշնորհակալ գործն է, անկախ այն բանից, թե դա ով կներկայացնի՝ լինի վարչապետ, թե ով: Դրան հետեւել են հրամանատարական կազմի ազատումներ, որոնք եւս կարծում եմ, արդարացված չեն եղել: Այնպես որ, պետք է քննություն կատարվի, եւ քննությունը բոլոր հարցերի պատասխանները տա ու դրա արդյունքների հիման վրա, միայն հաստատակամ եզրակացություններ անել: Այնպիսի հաստատակամ եզրակացություններ, որ հնչել են կառավարության նիստում, դա արդարացված չէ, որովհետեւ մի քանի վարկած է առաջ քաշվել ու դրանք դեռ ստուգվում են, իսկ ստուգման արդյունքում հնարավոր է՝ որոշ վարկածներ հերքվեն, որոշները՝ հաստատվեն: Այդ թվում այն վարկածը, որը առաջ է քաշել վարչապետը: Դեպքը ոնց է եղել, ով որտեղ է գտնվել, ով ինչից է մահացել, նշանակվել են փորձաքննություններ…հիմա ես չեմ կարող ասել՝ մարդիկ ինչից են մահացել՝ հրդեհից են մահացել, չգիտեմ՝ ինչից են մահացել, դիակի դատաբժշկական փորձաքննությունները դրա պատասխանը կտան: Երբ լինեն պատասխանները, նոր հնարավոր է եզրահանգումներ անել այդ աշխատանքային վարկածներ առաջ քաշելով»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:

Նա չցանկացավ մեկնաբանել նաեւ դասակի հրամանատարին, որը դեպքի հաջորդ օրը հայտնել էր, թե զինվորների կացարանում ավտոբենզին չի եղել. «Դասակի հրամանատարի ասածները չեմ մեկնաբանելու, բնականաբար, թե նա ինչ է ասել, ինչ է տեսել: Այս դետալներին, եկեք, չանդրադառնանք, ինչու չանդրադառնանք, որովհետեւ շատ վաղ է ասել՝ ով ինչ է տեսել կամ չի տեսել: Դասակի հրամանատարը, միգուցե շատ ավելի վաղ է հարցերին մոտեցում տվել, հաշվի առնենք, որ ցանկացած չփաստարկված խոսք կարող է լարվածություն առաջացնել տուժողների շրջանում: Մարդիկ սպասում են ինչ-որ գործողության, բայց դա պետք է լինի համաչափ ու կշռադատված ու բոլոր շարժառիթները, բոլոր դեպքի նպաստող հանգամանքները ի հայտ գան, ու հանրությունն իմանա դրա մասին: Թե չէ բենզին եղել է, թե չի եղել, եթե զինծառայողներ կան ու այնտեղ տեղակայված է տեխնիկա, կարող է ե՛ւ բենզին, ե՛ւ սալյարկա լինել, այլ նյութեր լինել, զինամթերք լինել: Շատ բան կարող է լինել, բայց արդյո՞ք սա հրապարակման կամ չհրապարակման ենթակա է, չենք կարող այս պահին ասել, որովհետեւ այդպիսի իրավիճակները կարգավորվում են որոշակի հրամաններով, այս պահին դատողություններ անելը տեղին չէ: Օբյեկտիվ, անաչառ քննությունը բխում է Եղիշե Հակոբյանի շահերից, անկախ նրանից՝ ինչպիսին կլինի ելքը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728