Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ եք խոսում, ո՞վ եք դուք, արա՜»․ ՔՊ-ական Արսենյանն ակնարկում է, որ առաջնահերթություն են ոչ թե «120.000»-ը, այլ «3 միլիոն»-ը

Փետրվար 03,2023 14:21

«Ճիշտն ասած, քաղաքական մտքի դրսեւորում էի ուզում լսել, սակայն պատահական լսեցի վռնդվածների կողմից վռնդելու հոխորտանք»,- խորհրդարանական ընդդիմության հրավիրած՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր ընդդիմադիր պատգամավորների եւ արտախորհրդարանական քաղաքական գործիչների ելույթներից հետո հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

Նա դիմեց ներկաներին․ «Ինչի՞ մասին եք խոսում, էս ի՞նչ սպառնալիքներ եք ուղղում Հայաստանի գործող օրինական իշխանությանը։ Դուք տե՞ր եք ձեր սպառնալիքներին, հա՞։ Ձեր ասած խոսքերին տե՞ր եք։ Էն որ ասում ենք՝ պատասխանատու իշխանություն է գործում Հայաստանում, հենց դրա համար է պատասխանատու, որ ինքը հասկանում է իր գործողությունների հետեւանքները, հասկանում է, թե որ ասածից ու արածից ինչ կարող է լինել։ Այսօր նստած հաթաթաներ եք տալիս, հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ ինչ-որ ռոմանտիկ բաներ եք արտահայտում։ Ինչ-որ բան երեւի մոռացել եք իրականությունից, մոռացել եք, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումն ինչի բերեց, ինչի առջեւ ենք մենք՝ ՀՀ-ն ու ՀՀ-ի ժողովուրդը կանգնած։ Ղարաբաղի 120 հազար բնակիչներ… 3 միլիոն Հայաստանի բնակիչներ։ Պատասխանատու ենք մենք այդ մարդկանց համար, մեր երկրի համար։ Առաջնայնությունները ճիշտ դրեք, ճիշտ պատկերացրեք»։

Դահլիճից պատասխան բղավոց հնչեց, կարծես թե՝ «տո դու սկի քո տղու համար» պատասխանատու չես։ «Դուք ի՞նչ կապ ունեք իմ ընտանիքի հետ։ Ձեզ թվում է, թե դուք տրիբունալի մասնակից եք։ Ո՞վ եք, արա, դուք։ Դատավարություն եք անո՞ւմ»,-ասաց Արսենյանը ու շարունակեց ձեռքը թափահարելով բղավել,-«ձեր դատավճիռը տվել է ժողովուրդը։ Մենք քաղաքակիրթ իշխանություն ենք»։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, որը նիստը վարում էր, հորդորեց չհրահրել ու թեմայից՝ Լաչինի միջանցքից խոսել։ Արսենյանը հարցրեց․ «Դուք մինչեւ հիմա Լաչինի միջանցքից էիք խոսո՞ւմ։ Մինչև հիմա դուք խոսում էիք Հայաստանի ժողովրդի ընտրության սխալ լինելու մասին։ Էս ա ձեր խոսակցությունը։ Ուրիշ բանի չեք կարողանում խոսալ, որովհետև խոսալու նյութ չունեք, առաջարկ չունեք Հայաստանի բնակիչներին»։

Դահլիճում աղմուկ բարձրացավ, բղավոցները սաստկացան։ Արսենյանն իր հերթին բղավեց․ «Ղարաբաղյան հարցի շահարկումը Հայաստանում իշխանության գալու հնարավորություն չի տալու ձեզ։ Մոռացե՜ք։ Հայաստանում իշխանության կարող եք գալ եւ Հայաստանի քաղաքականությունը որոշեք միայն այն դեպքում, երբ Հայաստանի ժողովուրդը ձեզ կտա այդ մանդատը։ Միակ ձեւն է։ Ավարտվել են մնացած բոլոր սցենարները։ Իսկ մենք պատասխանատու իշխանություն ենք, որն իրականացնում է իր կողմից հռչակած քաղաքականությունը, ապահովում է Հայաստանի պետական շահերի սպասարկումը»։

Այստեղ հարկ է ընթերցողներին հիշեցնել, որ ՔՊ-ն անգամ իր նախընտրական ծրագրում Արցախի հարցով ամրագրված թեզերը չի  իրականացնում։

Դահլիճում ներկաներից մեկը բղավեց՝ Թուրքիան սպառնալի՞ք է Հայաստանին։ Արսենյանը պատասխանեց․ «ՀՀ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը բխում է Հայաստանի պետական շահերից։ Քսենոֆոբիան է վտանգ Հայաստանի համար, որի տարածմամբ զբաղվում եք՝ այլատյացությունը։ Փսեվդոհայրենասիրությունը․․․»։ Բղավողն ընդհատեց Արսենյանին՝ «փսեվդոհայրենասիրությունը քոնն է»։

Հիշեցնենք, որ Արսենյանի՝ «Թուրքիան չի սպառնացել» ՀՀ-ին հայտարարությունը քննադատության առիթ էր տվել փորձագիտական շրջանակներում։

Ապա Գուրգեն Արսենյանն ակնարկեց, թե մինչեւ հիմա մաքրում են «ավգյան ախոռները» եւ մինչեւ հիմա դրանք չեն մաքրվում։ Դահլիճից բղավոցներ էին հնչում, որ Արսենյանն ընդհանրապես իրավունք չունի խոսելու։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728