ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:
Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԱԺ պատգամավորներ Թագուհի Ղազարյանը և Լիլիթ Գալստյանը, նախարարության աշխատակիցներ և ոլորտի փորձառու մասնագետներ։
Քննարկվել են օրենսդրական փաթեթում մինչև երկրորդ ընթերցում լրացումներ կատարելու հնարավորություններն ու պատգամավորների առաջարկները։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել հնագիտական հուշարձանների պահպանության համատեքստում գանձագողության դեմ իրավական գործիքակազմի ստեղծման, հուշարձանների վնասման դեպքում պատասխանատվության միջոցների խստացման և այլ հարցերի։
Քննարկման մասնակիցները միակարծիք են եղել՝ պատմամշակութային ժառանգության պահպանության մեխանիզմները պետք է բարելավվեն, և իրավական ակտերում բարեփոխումները շարունակական բնույթ կրեն։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 2022 թ․ հունվարի 31-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն է տրվել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ