Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի տարածքային պահանջները շարունակում են աճել: Դեմն առե՛ք». «Ազգ»

Փետրվար 03,2023 11:38

Գերմանալեզու լրահոսից առանձնացնենք փետրվարի 1-ին Սվենյա Փեթերզենի «Բեռլիներ ցայթունգ»-ում հրապարակված ծավալուն վերլուծությունը: Ուշադրության առանցքում Բերձորի միջանցքի շրջափակումն է, հայության սպառնալիքը:

Առաջին հերթին աչքառու է այն հանգամանքը, որ Ռուսաստանի՝ երկու կողմի հետ կնքած պայմանագիրն այս տեքստում «փխրուն խաղաղության պայմանագիր» անունն ունի: (Ամենայն հավանականությամբ 2020-ի նոյեմբերի 9-ին կնքած համաձայնագրի մասին է խոսքը-Ան.Հ.)

«Խաղաղության պայմանագրի ստորագրումից կարճ ժամանակ անց Հայաստանում մտահոգությունները բարձրաձայնվեցին. ԼՂ-ն արտաքին աշխարհի հետ կապող Լաչինի նեղ միջանցքը կարող է աքիլլեսյան գարշապար դառնալ ԼՂ- ում ապրող հայերի համար»։ Հայկական մտահոգություններն անհիմն չէին, գրում է «Բեռլիներ ցայթունգը» եւ մանրամասնում՝ «2022-ի դեկտեմբերի 12-ից ի վեր Բերձորի լիակատար շրջափակումը տվել է իր առաջին զոհերը: Կարելի է ենթադրել, որ ցուցարարները, հավանաբար, ադրբեջանական գաղտնի ծառայություններից են, ուժայիններից: Ալիեւի ավտորիտար կլանի իշխանության գալուց ի վեր ո՛չ հասարակական, ո՛չ էլ բնապահպանական ակտիվություն երկրում նկատելի չի եղել: Այս ենթադրությունը հաստատվեց մի քանի օր առաջ, երբ Լաչինի միջանցքում անսովոր ցուրտ էր, եւ «բնապահպան ակտիվիստներին»  փոխարինեցին ադրբեջանական բանակն ու ուժայինները»։

Հայաստանն այժմ այնքան միայնակ է, որքան երբեւէ եղել է իր պատմության ընթացքում, գրում է վերլուծաբանը՝ հիշեցնելով, թե Ադրբեջանը միտում ունի պահը գործածել եւ Թուրքիայի հետ առաջ տանել իր քաղաքական օրակարգը: Հեղինակը ուրվագծում է 3 հնարավոր սցենար:

1-ին սցենարը՝ շարունակվող շրջափակմամբ Ադրբեջանը ցանկանում է ծնկի բերել Հայաստանի վարչապետին եւ բանակցել ադրբեջանական կողմի համար հնարավորինս ձեռնտու խաղաղ համաձայնագրի շուրջ։ Ղարաբաղահայության աստիճանական արտաքսման եւ բնաջնջման սպառնալիքի տակ Ադրբեջանը կարող է հույս ունենալ, որ Հայաստանը կհամաձայնի իր պահանջներին, Ալիեւը, հետեւաբար, կարող է նպատակ ունենալ ձեռք բերել հնարավոր ամենաձեռնտու բանակցային դիրքը: 2-րդ սցենար՝  Ադրբեջանը կպահի շրջափակումն այնքան, մինչեւ ԼՂ հայ բնակչությունը աստիճանաբար վախի եւ խուճապի մատնվի, այնուհետ վերջնագրով դուրս գա ԼՂ-ից, ապա տիրանա ԼՂ-ի տարածքին եւ ներառի այն Ադրբեջան պետության մեջ։ 3-րդ սցենարը՝ ղարաբաղցի հայերի աստիճանական բնաջնջումն է։ Հեղինակը նկատել է տալիս, որ ղարաբաղցի թույլ եւ ծանր հիվանդների մահն Ադրբեջանն հենց այդպես է  ընդունել: Հայկական կողմում շրջափակումն իսկապես ջարդի մտավախություն է առաջացնում: Մութ հիշողությունները, օրինակ 1988-ին Սումգայիթում հայ փոքրամասնության ջարդերը, վերակենդանանում են։ Արդյո՞ք իրականում նման սցենար տեղի կունենա, այս պահին հնարավոր չէ գուշակել, բայց ամեն օր, երբ սնունդ, դեղորայք եւ այլն չեն կարող առաքվել, արցախցիների վրա ճնշումը մեծանում է, ամփոփում է «Բեռլիներ ցայթունգի» վերլուծաբանը:

ԵՄ-ն որոշեց փոխարինել պատերազմի մեջ գտնվող մի բռնապետությունից գազի ներկրումը մյուս բռնապետությունից, որը պատերազմում էր», գրում է «ԲՑ»-ն: «Ալիեւը վերջերս հայտարարեց, որ Երեւանը՝ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը,  հիմնադրված աշխարհի առաջին քրիստոնյա ժողովրդի՝ հայերի կողմից, իրականում պատմական ադրբեջանական տարածք է։ Ադրբեջանի տարածքային պահանջները չեն նվազում, դրանք շարունակում են աճել: Դեմն առե՛ք», զգուշացնում է «Բեռլիներ ցայթունգի» վերլուծաբանը:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728