«Ազգ»-ի զրուցակիցն է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ ԱՐԹՈՒՐ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ
— Շուտով կլինի երկու ամիս, ինչ Արցախը ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ ամբողջ աշխարհին կապող տրանսպորտային միակ հանգույցը՝ Լաչինի միջանցքը փակ է։ Այս ընթացքում միջազգային ամենատարբեր հարթակների կողմից Ադրբեջանին դատապարտող հայտարարություններ հնչել են, բայց կոչերից ու հորդորներից անդին՝ թե՛ Արեւմուտքն ու ԱՄՆ-ն, թե՛ Արցախում խաղաղարար առաքելությամբ ներկայացված Ռուսաստանը ոչինչ չեն արել։ Ի վերջո, ո՞վ է Արցախը շրջափակման մեջ պահելու թիվ մեկ «մեղավորն ու պատասխանատուն», ու ըստ ձեզ՝ ինչպե՞ս է հանգուցալուծվելու այս հարցը։
— Ինչպես միշտ մենք՝ հայերս, քիչ թե շատ, գիտենք, թե ինչ են անում մյուսները, բայց ոչինչ չգիտենք այն մասին, թե ինչ ենք մենք անում։ Այդպես էր նաեւ 2020-ի պատերազմի ժամանակ. բացի «հաղթելու ենք»-ից՝ չունեինք ո՛չ ռազմավարություն, ո՛չ էլ՝ քաղաքական մարտավարություն։ Բնականաբար, չիմանալով, թե ինչ ենք անում ու ինչ չենք անում այսօր, հնարավոր չէ որոշել, թե ինչ պետք է անել վաղը։ Դարձյալ գիտենք ու հասկանում ենք, որ Լաչինի միջանցքի շրջափակմամբ Ադրբեջանը փորձելու է արցախահայությանն իր բնօրրանից, իր տներից հանել։ Դրա պատճառները նույնպես բոլորին հայտնի են․ Մեծ Թուրանի, հայատյացության, այլ նպատակների իրացում։ Իսկ այժմ փորձենք հասկանալ, թե ինչու է այս օրերին նման մի երեւույթ տեղի ունենում Հայաստանում՝ «Մալաթիա» շուկայում, որից հենց մեր իշխանությունն է վտարում հարյուրավոր ընտանիքներին։ Մարդիկ զգուշացնում են․ դրա հետեւանքով ստիպված են լինելու վաճառել-լքել իրենց տները, ապա՝ Հայաստանը։ Եթե Հայաստանում այլ աշխատանք լիներ, հավանաբար, առեւտրականների մեծամասնությունը շուկայում չէր աշխատի, ուրեմն՝ սա իրենց ապրուստի միակ աղբյուրն է։ Եվ, ահա, տեսնում ենք մոտավորապես այն, ինչ անում է Ադրբեջանը Լաչինում՝ «բնապահպանական» պատրվակով։ Այս դեպքում՝ մեր իսկ ջանքերով, կառավարման հակամարդկային, քաղաքացու իրավունքներն ու արժանապատվությունը խախտող մեթոդներով եւ «անվտանգային կանոնների պահպանման» պատրվակով՝ հարյուրավոր ընտանիքներին վտարում ենք իրենց երկրից։ Ուսումնական հաստատություններում միշտ եղել է ու կա մի սկզբունք. եթե սովորողը թերացել է եւ չի կարողացել քննությունը հանձնել, թույլ են տալիս պատրաստվել եւ վերահանձնել, ապա՝ նորից վերահանձնել։ Իհարկե, սա ուսումնական հաստատության անձնակազմից համբերատարություն է պահանջում, լրացուցիչ ժամանակ, իսկ սովորողից՝ ջանքեր, սակայն դա է արդյունքին միտված եւ մարդուն աջակցելու միակ ընդունելի մոտեցումը։ Մինչդեռ, ՀՀ կառավարությունը, որ սնուցվում է հարկատուների, այդ թվում՝ «Մալաթիա» շուկայում վաճառողների հարկերից, պատրաստ չէ լրացուցիչ ջանքեր, համբերատարություն, հոգատարություն ցուցաբերել ՀՀ քաղաքացու հանդեպ՝ փաստացի ղեկավարվելով թուրք-ադրբեջանցիների մոտեցմամբ․ չկա հայ, չկա պրոբլեմ։ Ինչ վերաբերում է այլ պետություններին եւ միջազգային կազմակերպություններին ուղղված մեր կոչերին. իրենք վերաբերում են մեզ այնպես, ինչպես՝ ինքներս մեր հանդեպ։
— Մինչեւ Արցախը մեն-միայնակ շարունակում է գոյութենական կռիվ տալ, հայաստանյան իշխանությունները «խաղաղության օրակարգի» դիսկուրսն են զարգացնում։ Այդ օրակարգը, ձեր դիտարկմամբ, ի վերջո կյանքի կկոչվի՞, թե՞ ոչ։
Կարդացեք նաև
— Կա մի ճշմարտություն․ խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմին։ Ինչ վերաբերում է «խաղաղության օրակարգին», ապա խաղաղ կարելի է կա՛մ ապրել, կա՛մ էլ խաղաղ մեռնել։ ՀՀ իշխանությունների կողմից «խաղաղության օրակարգի» առավել հավանական հետեւանքն է խաղաղ մեռնելը, եւ ոչ թե խաղաղ ապրելը։ Դժվար թե սրան համաձայնի Հայաստանի ու Արցախի բնակչությունը, ուստի նրանք, ովքեր Հայաստանում դա հնչեցնում են, կա՛մ ոչինչ չեն հասկանում, կա՛մ էլ գրպաններում այլ պետությունների անձնագրեր ունեն։
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: