Հունվարի 30-ին Բարձրագույն դատական խորհուրդը եւս մեկ դատավորի լիազորությունները դադարեցրեց։ Թիրախում այս անգամ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանն էր։ Նրա դեմ վարույթը հարուցվել էր արդարադատության նախարար, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ընկեր Գրիգոր Մինասյանի կողմից։ Մենք կապվեցինք Ալեքսեյ Սուքոյանի հետ՝ հարցնելով, թե իր համար պա՞րզ են իր լիազորությունները դադարեցնելու պատճառները։ Նա պատասխանեց․ «Պատճառն ինձ պարզ չի դարձել մի պարզ պատճառով, որ ես դեռ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը չեմ ստացել, իրենք 5 օրվա ընթացքում պետք է ինձ ուղարկեին։ Երբ ընթերցենք որոշումը, պարզ կդառնա, թե ինչն է պատճառը»։
Թեեւ Սուքոյանը դեռեւս ԲԴԽ որոշումը չի ստացել, սակայն ԲԴԽ-ն դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել, որում նշել էին, թե Սուքոյանի գործողությունները կասկածի տակ են դրել վերջինիս համապատասխանությունը դատավորի կարգավիճակին․ «Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ դատավորը վարույթ է ընդունել երեխայի որդեգրման վերաբերյալ դիմում` այն դեպքում, երբ առկա էր այն վերադարձնելու հիմք, կայացրել է որդեգրման վերաբերյալ չհիմնավորված եւ չպատճառաբանված վճիռ՝ երեխա որդեգրելու համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի եւ պայմանների բացակայությամբ, ինչպես նաեւ վճռով լուծել է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին վերապահված՝ ամուսնության մեջ չգտնվող անձի կողմից որդեգրված երեխայի հոր ազգանվան գրառման հետ կապված հարցը, ընդ որում՝ որդեգրված երեխայի հոր ազգանվան վերաբերյալ գրառումը կատարել է սահմանված կարգի խախտմամբ»։
Նախքան Սուքոյանի լիազորությունները դադարեցնելը ԲԴԽ-ն դադարեցրել էր նաեւ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի, իսկ դրանից առաջ էլ առաջին ատյանի դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները։ Ալեքսեյ Սուքոյանին հարցրինք՝ ինչո՞ւ են փորձառու դատավորները հեռանում, իսկ նրանց փոխարեն դատական համակարգ մտնում 25-30 տարեկան երիտասարդներ, ովքեր երբեք դատավոր չեն աշխատել, իր կարծիքով՝ ի՞նչ գործընթաց է սկսվել։
«Փորձառու դատավորները չեն լքում համակարգը, իրենց, այսպես ասած, հեռացնում են, դրանք տարբեր բաներ են։ Ձեր խոսքից տպավորություն ստեղծվեց, որ մենք դա կամավոր ենք անում։ Որեւէ հետեւություն չեմ կարող անել, թե ինչու են այդպես անում, ուրիշների մասով էլ չեմ կարող ասել։ Գիտեմ, որ ես մոտ քառորդ դար աշխատել եմ համակարգում, մինչ օրս երբեւիցե նկատողություն չեմ ստացել, բացի խրախուսանքներից։ Ինձ մնացել էր ընդամենը 2 ամիս՝ մինչեւ իմ կենսաթոշակը։ Այդքանը կարող եմ իմ մասով ասել, մնացածը իրականում չեմ ընկալում, թե ինչ տեղի ունեցավ։ Գուցե խորհուրդը պատճառաբանի իր այդ որոշումը։ Իսկ մենք չենք լքում, մեզ ուղղակի չեն թողնում, որ մենք ավարտենք մեր պաշտոնավարումը»,- պատասխանեց դատավորը։
Կարդացեք նաև
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: