Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բազմապրոֆիլ մասնագետն իրեն լավ է զգում ջազում

Փետրվար 03,2023 13:30

Ամերիկացի լեգենդար երգիչ, դերասան Ֆրենկ Սինատրայի մահվանից 25 տարի անց էլ նրա հիթերն իրենց երգացանկում ընդգրկում են տարբեր տրամաչափի երգիչներ՝ սկսնակից մինչեւ ճանաչված ու աշխարհահռչակ։ Իսկ որ ամենակարեւորն է՝ այդ հիթերը սիրված են նաեւ հայերի կողմից, ինչի ապացույցն էր «Արամ Խաչատրյան» համերգասրահում անցյալ տարվա դեկտեմբերի 24, 25-ին կայացած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ միայն Սինատրայի հիթերով ներկայացրած նախագիծը, որը մի քանի անգամ կրկնվեց այս տարի նույնպես, վերջինը՝ հունվարի 26-ին։ Պատճառը մեկն էր. մշտապես լեփ-լեցուն դահլիճները։ Կայացած երեկոներին հիթերի իրենց մեկնաբանություններով հանդիսատեսին ներկայացան ինչպես հայտնի, այնպես էլ նոր-նոր կարիերա անող երգիչներ։ Դիրիժորական վահանակի մոտ էր կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը։

«Առավոտի» համար հայտնություն էր Սոնա Գյուլխասյանը, որին գոնե մենք երբեւէ չենք հանդիպել մեծ բեմում։ Երգչուհին իսկապես հիանալի մատուցեց  Սինատրայի Im gonna live till I die հիթը։ Մինչ նրան զրույցի հրավիրելը մեր հետաքրքրությանն ի պատասխան ոմանք ասում էին, թե երգչուհին ծրագրավորող է, մյուսները՝ դաշնակահար, որոշներն էլ պարզապես պնդում էին նրա՝ թարգմանիչ լինելու հանգամանքը, բայց բոլորը միաբերան համոզմունք էին հայտնում, թե ոլորտում նոր աստղ է ծագում։ Այս ամենը ճշտելու նպատակով Սոնայի հետ հանդիպման հենց սկզբում խնդրեցինք հակիրճ ներկայացնել իրեն։


«Առաջին քայլերս սկսել եմ հինգ տարեկանից, հանրահայտ երգչուհի, պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանի ղեկավարությամբ։ Հենց այդ տարիքից էլ մասնակցել եմ Բուլղարիայում, Գերմանիայում, Եգիպտոսում, Ուկրաինայում, Բելառուսում եւ այլ երկրներում կայացած մրցույթների ու փառատոների։ Դա դպրոց էր, այն էլ ի՜նչ դպրոց, որ ինձ բախտ վիճակվեց անցնել։ Ուզում եմ հիշատակել իմ վոկալի դասատուների անունները՝ Գայանե Մանուկյան, Լիլիթ Պապոյան։ Հաճախել եմ Սպենդիարյանի անվան դպրոցի դաշնամուրային բաժին, հետո Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոց, որտեղ ուսանում էի երաժշտագիտական դասարանում, որը ինչ-ինչ պատճառով թերի թողեցի եւ ընդունվեցի Ամերիկյան համալսարան՝ լեզու ու հաղորդակցության ֆակուլտետ։ Այդտեղից էլ տեղափոխվեցի Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանականի բանասիրության բաժին։ Այս «դեգերումներից» հետո վերջապես հանգրվանեցի Ամերիկյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ Ներկայումս մագիստրատուրայի վերջին կուրսում եմ եւ պատրաստվում եմ թեզի պաշտպանության։ Զուգահեռ աշխատում եմ ՏՏ ոլորտում»,- ներկայացրեց մեր զրուցակիցը, հավելելով, որ պատանեկան տարիներին համագործակցել եւ երեւանյան ակումբներում հանդես է եկել մեկ-երկու փոփ, սոուլ խմբերի հետ, նույնիսկ ունեցել է իր երաժշտախումբը։ Իսկ հետո, ինչպես հաճախ պատահում է երգիչների մոտ, կոկորդի հետ կապված խնդիր է ծագել։ Բայց ինչպես հավաստիացրեց Սոնան՝ բուժվել է երգելով. «Բուժմանը զուգընթաց, բժշկիս ցուցումով՝ մկանները աշխատեցնելու համար անհրաժեշտ էր շարունակել երգելը։ Հիմա առողջ եմ։ Մի քանի ամիս առաջ ընկերներիս հետ հիմնել ենք Sheethappens պրոդաքշընը։ Ընկերներս են դաշնակահար Ռաֆայել Պետրոսյանը եւ Լեւոն Հակոբյանը, որը բառի իսկական իմաստով բազմապրոֆիլ մասնագետ է՝ նկարահանում, վիդեոմոնտաժ եւ այլն»։

Հետաքրքրությանը, թե Երվանդ Երզնկյանը ինչպե՞ս «գտավ» իրեն, երգչուհու պատասխանը հետեւյալն էր. «Ֆիլհարմոնիկ նվագախմբի թավջութակահար, ջազ կոնտրաբասահար, կարճ ասած՝ հիանալի երաժիշտ Նիկողայոս Վարդանյանն էր ներկայացրել ինձ։ Հաճելի էր առաջին համագործակցությունս մաեստրո Երզնկյանի եւ ընդհանրապես ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, էլ չեմ ասում «Խաչատրյան» համերգասրահի մասին։ Մի տեսակ վստահ եմ, որ այս համագործակցությունը կունենա շարունակություն, մանավանդ որ՝ ֆիլհարմոնիկի հետ առաջին փորձին նվագախմբի երաժիշտները շատ  ջերմ ընդունեցին կատարումս»։

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ փետրվարի 18-ին «Գաֆեսճէան» արվեստի կենտրոնում կկայանա իրենց խմբի առաջին բեմելը նման ներկայանալի հարթակում (խումբը հանդես է գալիս հիմնականում «Ուլիխանյան» ակումբում)։ Մանրամասնելով էլ նշեց, թե երեկոյի ծրագրում, որոշ բացառություններով, հիմնականում հնչելու են ջազային ստեղծագործություններ։ Ներկայացրեց նաեւ իր գործընկերներին՝ Ռաֆայել Պետրոսյան (դաշնամուր), Դավիթ Գյոդակյան (կոնտրաբաս), Տիգրան Հարությունյան (շեփոր), Հարություն Հարությունյան (հարվածային գործիքներ), հատուկ հյուր՝ կիթառահար Արեգ Օրդյան։ Դիտարկմանը՝ որոշ վերապահումներով կարելի է ասել, թե ինքը ջազային երգչուհի է, Սոնան հակադարձեց. «Վերապահում չկա, ես ջազից չեմ սկսել, սկսել եմ էստրադայից։ Բայց որպես երաժիշտ, առավել եւս՝ երգչուհի, զգացի, որ մասնագիտական աճի համար ջազ արվեստն այն ոլորտն է, որը խթանում, ավելին՝ զարգացնում է։ Մյուս կողմից էլ՝ ես ինձ շատ լավ եմ զգում ջազում»։ Առանց մանրամասնելու էլ հավելեց նաեւ, թե ինքն ու գործընկերները նաեւ ստեղծագործում են. «Բայց դա հետոյի խոսակցություն է՝ մեկ, երկու, գուցե երեք տարի…»։

Անդրադառնալով տարբեր մասնագիտություններին ու տարբեր ուսումնական հաստատություններում ուսումնառությանը, ուսումնատենչ երգչուհուն կեսկատակ-կեսլուրջ հարցրինք՝ գուցե այսօր էլ կա մի մասնագիտություն, որ հնարավոր է մոտ ապագայում իրեն ձգի եւ նա տրվի դրան։ «Երբ կպաշտպանեմ թեզս, ամբողջովին նվիրվելու եմ երաժշտությանը, վերականգնելու եմ ժամանակին ստացած թեորիայի գիտելիքները, ժամանակ եմ հատկացնելու դաշնամուրի ու կիթառի պարապմունքներին եւ, ինչու ոչ՝ գուցե մի նոր երաժշտական գործիք էլ սկսեմ յուրացնել։ Բայց եթե մի օր որոշում ընդունեմ շարունակել ուսումս, նոր մասնագիտություն ձեռք բերել (ժպտում է- Ս. Դ.), ապա դա կլինի, միանշանակ, հոգեբանի մասնագիտությունը»,- պատասխանեց Սոնա Գյուլխասյանը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728