«Աշխատանքային ռեզերվներ» հասարակական կազմակերպությունն այս տարվա դեկտեմբերի 1-ին կնշի իր հիմնադրման 80 տարին: 2001 թվականից կազմակերպության նախագահն է ՀՀ վաստակավոր մանկավարժ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր, ՀՀ ԿԳ նախկին նախարարի օգնական Արա Մեհրաբյանը, որի հետ զրույցս ներկայացնում եմ ստորեւ:
– Պարոն Մեհրաբյան, մինչ մեր զրույցը, շրջեցի ձեր տարածքով, զարմացած եմ դահլիճների, հանդերձարանների, լվացարանների մաքուր «մարզավիճակից», տաք լվացարաններից, ջեռուցումից, չնայած ասում եք, որ այս շենքում եք 1956-ից: Ո՞ր մարզաձեւերով են պարապում, զբաղվում այստեղ:
– Ներկայումս այստեղ գործում են բռնցքամարտի, ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի դպրոցները, հանդբոլի, ուժային եռամարտի ուսումնական խմբերը: Մեր հասարակական կազմակերպությունն ունի տարածքներ նաեւ Գյումրիում, Վանաձորում՝ դահուկավազքի խմբեր ունենք, Մարգահովիտ, Լեռնահովիտ գյուղերում, Վայքում, Գեղարքունիքում հանդբոլի խմբեր: Ունենք 120 աշխատակից, մոտ 49 մարզիչ: Շենքային որոշ անհարմարություններ ինքներս ենք լուծում:
– Քանի՞սն են մարզվում:
– Յուրաքանչյուր օր մարզվում է շուրջ 250 երեխա: Վճարովի խմբեր չկան, պետք է մարզվեն տարեկան 1200 երեխա: Պետպատվերի սկզբունքով ենք առաջնորդվում, դրա դիմաց պետությունը ֆինանսավորում է, տալիս է ցուցիչներ: Մեր բարձրակարգ մարզիկները կարող են առավոտյան գան պարապեն, գնան, քանի որ շատերը չեն աշխատում, ունեն ժամանակ, իսկ դպրոցականները պարապում են դասերից հետո՝ ժամը 3-ից հետո, մինչ ժամը 9-ը, նույնիսկ՝ շաբաթ օրը: Մեր մոտ կան նախապատրաստական, ուսումնամարզական, կատարելագործական, սպորտական բարձրագույն վարպետւթյան խմբեր:
– Պարոն Մեհրաբյան, ինչպես հաղթահարեցիք 2020 թվականի կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները:
– Պարապմունքներն անցկացրել ենք բացօթյա: Անհատական մարզիկներին ապահովեցինք բժշկական միջոցներով, կար վերահսկողություն, բարձրակարգ մարզիկների գործունեությունը չենք փորձել դադարեցնել, քանի որ նրանք մրցումների էին պատրաստվում: Պարապմունքներն անցկացվում էին նաեւ մարզիչների տնային հանձնարարականով, դահլիճներում չէինք անցկացնում, հեռանկար ունեցող մարզիկները գնում էին Հրազդանի ձոր, անցնում ընդհանուր ֆիզպատրաստություն:
– Հսկողությունը մարզերում նույնպես կա՞ր:
– Պարտադիր:
– Պատերազմի օրերին բազմաթիվ մարզիկներ, մարզիչներ մեկնեցին առաջնագիծ: Ձեր կազմակերպության աջակցությունն ինչպիսի՞ն էր:
– Մեր մարզիչներից երկուսը գնացին, հաշվառվեցին, սակայն չէին թողել հետո: Եթե հիշում եք, ֆոնդ ստեղծվեց, մարզիչները, մարզիկները մեր անձնական միջոցներով գումարներ փոխանցեցինք:
– Կազմակերպությունից անցյալ տարի ունեցա՞ք հաղթողներ:
– Ունենք ըմբշամարտիկներ, ովքեր անցյալ տարի դարձան հանրապետության չեմպիոններ, եւ իրավունք նվաճեցին մասնակցել Եվրոպայի եւ աշխարհի առաջնությանը:
– Դուք «Փառքի ռեզերվներ» գրքում ներկայացրել եք «Աշխատանքային ռեզերվների» ճանապարհը, երեք տասնյակ ուսումնական ձեռնարկների հեղինակ եք, ի՞նչ առաջարկներ կարող էիք անել մարզական կյանքը աշխուժացնելու համար:
– Պետք է ՊՈԱԿ բառը հանվի, մանկապատանեկան դպրոցների կանոնադրությունը պետք է վերանայվի: Մեր կառույցները՝ մանկապատանեկան մարզադպրոցները, ուզենք թե չուզենք, երկու խնդիր են լուծում՝ ազգաբնակչության առողջության պահպանման եւ բարձրակարգ մարզիկների պատրաստումը: Մենք գնում ենք պրոֆեսիոնալիզմ: «Պետական» եւ «պրոֆեսիոնալ սպորտը» հասկացությունները համահունչ չեն: Ընդունում ենք ակումբային համակարգը՝ պրոֆեսիոնալիզմը, կան սպորտային ակումբներ, ասենք՝ «Ռեալի» նման, որոնք մեր պետությունից հարուստ են, նրանք միայն ֆուտբոլ չունեն: Ակումբայինների ֆինանսական շրջանառությունը լուրջ է, պետությանը օգուտներ են տալիս: Պրոֆեսիոնալիզմի գաղափարը միայն ֆուտբոլ հասկացության հետ է կապվում մեր մոտ: Կա նաեւ բռնցքամարտը՝ ակումբայինի վրա է հիմնված: Մեր Վիկը, Աբրահամը լուրջ սպորտսմեններ են դարձել, հասել լուրջ նյութական վիճակի բարելավման: Նշենք, յուրաքանչյուր անձ ազատ է ապագան ընտրելու, դժվար ճանապարհով աշխարհի բարձունքներ նվաճել: Կա «սպորտային առեւտուր» գաղափարը, մարզիկ գնելու, մարզիկ բերելու, այդ հարցում ըմբշամարտը կաղում է…
– Դուք ձեր հեղինակած «Փառքի ռեզերվներ» գրքում ներկայացրել եք «Աշխատանքային ռեզերվների» ճանապարհը, հանրագիտարանային ճշգրտությամբ նշել կազմակերպության, երկրի անունը բարձր պահած մարզիկների, առաջին մարզիչների անունները, արխիվային հարուստ նկարաշար ներկայացրել: Մեր մանկության, երիտասարդության տարիներին կային նաեւ ձեր կազմակերպության նման «Դինամո», «Սպարտակ», «Սեւան» կազմակերպությունները, այսօր կազմակերպությունների միջեւ մրցակցություն կա՞:
– Մրցակցություն չկա ակումբների միջեւ, անցյալ դարի 90-ականներից մինչ օրս կազմակերպությունների միջեւ առաջնություններ չեն անցկացվել: Նախկինում ինչպես էր: Վերցնենք բռնցքամարտի օրինակը: Առանձին հաշվարկներ կային, թե քանիսը դարձան չեմպիոն «Աշխատանքայինից», «Սեւանից», հայելի էր քո կատարած աշխատանքը, ինչու այսպես եղավ, վերլուծություն կար: Սովետի օրոք սիրողականի վրա էր հիմնվում սպորտը, պրոֆեսիոնալներին չէին սիրում, սովետի սպորտը թաքուն պրոֆեսիոնալ էր, «թաքուն պրոֆեսիոնալները» ձեւակերպված էին տարբեր աշխատավայրերում՝ «Հայէլեկտրոյում», «Լամպերի գործարանում», գումար էին ստանում, իրենք համարվում էին աշխատող, աշխատավարձ էին ստանում, նաեւ խրախուսվում էր, թե՝ ազատ ժամանակ պարապում են սիրողական սպորտով: Սովետը մեր նման հասարակական կազմակերպությունների միջոցով սպորտը տանում էր առաջ: Ռեֆորմներ են պետք իրականացնել: Ամեն բան գալիս է նաեւ ֆինանսներից: Պարտադիր պետք է անցկացվեն Հայաստանի առաջնություններ, հասարակական կազմակերպությունների միջեւ մրցաշարեր, որոնք, ինչ խոսք, նույնպես կապված են գումարների հետ: Անհատական առաջնություններ հանրապետությունում անցկացվում են այս կամ այն հանրահայտ անձին նվիրված: Անհրաժեշտություն կա ձեռք բերելու միջազգային փորձ: Գովելի էր, որ Հայաստանում անցյալ տարի անցկացվեց Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը: Մեզնից էլ մի հոգի մասնակցեց:
– Ձեր գրքում գրել էիք. «Երբ Հայաստանում ստեղծվեց այս ընկերությունը, նրան հատկացվեց Երեւանի Աբովյան փողոցի թիվ 8 շենքի կիսանկուղային հարկի 2 սենյակ, որոնք բավական երկար ծառայեցին որպես բռնցքամարտի եւ ըմբշամարտի դահլիճներ: Այդ կիսանկուղային դահլիճներում սկսեցին իրենց մարզական կարիերան հանրաճանաչ բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը եւ ուրիշ անվանիներ էլ…»: 2006թ.-ից Ագաթանգեղոսի 13 հասցեում եք, ի՞նչ կուզեիք:
– Մենք համահայկական հիմնադրամի միջոցներով 2006թ.-ին հիմնանորոգեցինք շենքը: Կուզեի լուրջ ներդրումներ լինեին, կարողանայինք նորից վերանորոգել: Ունենք բոլոր հնարավորությունները միջազգային ստանդարտներին համապատասխանող կազմակերպություն դառնալու: Տարբեր տիպի մարզական սարքեր կան, միջազգային ասպարեզ, երբ գնում ես, տեսնում ես նրանց մարզասարքերը, հիանում ես: Մենք դրա՝ տեխնիկական վերազինման կարիքն ունենք: Սպորտը մի բնագավառ է, որտեղ ամեն օր նորամուծություն է լինում, սարքերն օժանդակում են մարզիչների աշխատանքը, գրավիչ է դառնում: Նայում ենք ամեն բան կա, բայց մի քիչ աղքատ է:
Հարցազրույցը վարեց
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ
Հ.Գ.-Հարցազրույցից հետո պարոն Մեհրաբյանը մի անակնկալ մատուցեց. նվիրեց իր «Կադրեր չնկարահանված ֆիլմից. Մի երեւանցու գրառումները» հուշագրությունը, որտեղ ներկայացրել է 1960-2016 թվականը, «Երեւանն իր ներքին խոհանոցով, լի զավեշտալի դեպքերով ու կանչող ջերմությամբ»:
«Առավոտ» օրաթերթ
02.02.2023