Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը բանալի փաստաթուղթ է Արցախում ապրող մարդկանց համար»․ Ռուբեն Վարդանյան

Փետրվար 01,2023 23:55

«Մենք հավատում ենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթն իրավական կարևոր փաստաթուղթ է, որևէ մեկին թույլ չի տրվում այդ փաստաթուղթը չեղարկել։ Սա բանալի փաստաթուղթ է Արցախում ապրող մարդկանց համար»,- Կոլումբիայի համալսարանի կողմից կազմակերպված առցանց հանդիպման ընթացքում պատասխանելով նոյեմբերի 9-ի հայտարարությանն առնչվող հարցին, ասաց Արցախի Հանրապետության (ԱՀ) պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։

Նշենք, որ «Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելումը․ Ադրբեջանը շարունակում է շրջափակել Լաչինի միջանցքը» խորագրով առցանց քննարկումը նախաձեռնել էր Կոլումբիայի համալսարանի Խաղաղաշինության և մարդու իրավունքների ինստիտուտը։

Հարցին՝ Արցախի ինքնապաշտպանական ուժերը տեղակայվա՞ծ են շփման գծի երկայնքով, ադրբեջանցիների հետ կա՞ շփման գիծ և այս առումով ի՞նչ է սահմանում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, Ռուբեն Վարդանյանը պատասխանեց․ «Մենք, լինելով Ադրբեջանի կողմից շրջապատված, ունենք իրավունք պաշտպանել ինքներս մեզ։ Մենք մշտապես գտնվել ենք մեր տունը, հողը, մեր ընտանիքն ու մեր երեխաներին պաշտպանելու իրավիճակում։ Ցավոք, նոյեմբերի 9-ից հետո էլ Ադրբեջանը շարունակում է իր սադրանքները, մարդիկ չեն կարողանում այդ հողում անասնապահությամբ զբաղվել, գյուղատնտեսական աշխատանքներ կատարել»։

Հարցին՝ Արցախում սննդի խնդիրը ֆիզիկական և հոգեբանական ի՞նչ ազդեցություն է թողնում բնակչության վրա, Ռուբեն Վարդանյանը պատասխանեց․ «Շատ մեծ ազդեցություն է թողնում, քանի որ, օրինակ, երեխաները չեն հասկանում, թե ինչու իրենք չունեն միրգ, ինչու չեն կարող Սնիկերս ուտել։ Սրանք պարզ բաներ են, որոնք բնութագրում են իրավիճակը։  Իհարկե, սա հոգեբանական մեծ ազդեցություն ունի՝ հատկապես երեխաների վրա»։ Հարցեր հնչեցին էլեկտրաէներգիայի, գազամատակարարման անջատումների մասին։ Ռուբեն Վարդանյանը ներկայացրեց իրավիճակը։ Հարցին՝ Ադրբեջանի օրակարգը Արցախը հայաթափե՞լն է, Ռուբեն Վարդանյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ Ալիևը շատ հստակ կերպով հայտարարել է՝ մենք տեսնում ենք Արցախն առանց հայերի։ Ադրբեջանի նպատակը էթնիկ զտումն է։ Դա ադրբեջանական ռեժիմի նպատակն է, որի մասին հանրայնորեն հայտարարվել է»։

Թեև ճգնաժամային իրավիճակին՝ Ռուբեն Վարդանյանն ասաց, որ իր շփումներն արցախցիների հետ ցույց են տալիս, որ նրանք ուժեղ են։ Իսկ Ադրբեջանի իշխանություններն այսպես են վարվում իրենց իսկ իշխանությունը պահպանելու համար, քանի որ երկրում չկա ժողովրդավարություն, չեն հարգվում մարդու իրավունքները։ Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ խաղաղ ապրելու հնարավորություն կա, բայց պետք է վերանա հայատյացությունն ու թշնամությունը։ Նա հիշեցրեց՝ հարյուրավոր տարիներ երկու ազգերն ապրել են կողք կողքի, եղել են խառն ամուսնություններ, անգամ ասաց, որ Մոսկվայում գտնվող իր ընկերությունում էլ 4-5 ադրբեջանցի էր աշխատում։

Նրա համոզմամբ՝ շարքային ադրբեջանցին էլ պատերազմ չի ուզում։ Նա այս առիթով համեմատական անցկացրեց հայ և ադրբեջանցի մայրերի միջև, որոնցից մեկը Երևանում՝ Եռաբլուրում է այցելում իր որդու շիրիմին, մյուսը՝ Բաքվում։ Ու հավաստիացրեց՝ նրանցից ոչ մեկն էլ պատերազմ չի ցանկանում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728