Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ կողք-կողքի ապրել, բայց ոչ մեկ պետական համակարգի ներքո»․ Ռուբեն Վարդանյան

Փետրվար 01,2023 22:20

«Մենք արդեն 52 օր է շրջափակման մեջ ենք, շփվում ենք աշխարհի հետ միայն Կարմիր խաչի մեքենաների և ռուս խաղաղապահների միջոցով, որոնք բերում են մթերք ու դեղ»,-Կոլումբիայի համալսարանի կողմից կազմակերպված առցանց հանդիպման ընթացքում հայտարարեց Արցախի Հանրապետության (ԱՀ) պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։

Կոլումբիայի համալսարանի Խաղաղաշինության և մարդու իրավունքների ինստիտուտի կողմից անցկացված «Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելումը․ Ադրբեջանը շարունակում է շրջափակել Լաչինի միջանցքը» խորագրով առցանց քննարկման ժամանակ Ռուբեն Վարդանյանը, հակադարձելով ադրբեջանական այն պնդումներին, թե իբր Լաչինի միջանցքը բաց է, փաստեց՝ շրջափակումից առաջ օրական հազարավոր մեքենաներ էին անցնում Լաչինի միջանցքով, իսկ շրջափակման այս օրերին այդ ճանապարհով անցել են ավելի քիչ մեքենաներ, քան նախկինում մեկ օրվա ընթացքում։

Նա փաստեց, որ ընտանիքները շարունակում են իրարից հեռու լինել, Արցախում չեն աշխատում դպրոցներն ու մանկապարտեզները, երկու ժամը մեկ հոսանքազրկումներ են, գազամատակարարումը ևս անջատվում է ու նշեց․ «Այո, մենք ունենք մթերք, մենք սովից չենք մեռնում, այդ մթերքի մի մասը մեր պահուստներից է, մյուս մասը ռուս խաղաղապահներն են բերել, դեղ ենք ստացել Կարմիր խաչից, բայց այդ ամենը ոչ նորմալ պայմաններում է, մարդու կյանքի համար նորմալ պայմաններ չկան։ Մեզ համար մարտահրավեր է ոչ միայն արձագանքել ներկայիս իրավիճակին, բայց նաև ավելի լուրջ ու խորը ճգնաժամի»։

Նա վստահեցրեց՝ Արցախում մարդիկ ի հեճուկս այս ամենի դիմադրում են, այս օրերին ավելի միասնական են դարձել։

Ռուբեն Վարդանյանը նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը աջակցության համար ու նշեց․ «Մեզ աջակցելը նրանց համար հեշտ չէ։ Ինչպես ՀՀ վարչապետը նշեց՝ պետք է կանխել պոտենցիալ ցեղասպանությունը։ Հաագայի դատարանում, ՄԱԿ-ում և այլ կազմակերպություններում հենց Հայաստանի կողմից է աջակցությունը։ Մենք մեկ ազգ ենք, որ միասին է տարիներ շարունակ, և մենք զգում ենք, որ միայնակ չենք։ Մենք նաև աջակցություն ենք ստանում սփյուռքի կողմից, ՌԴ-ից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից»։

Ռուբեն Վարդանյանը վստահեցրեց՝ սա Հայաստանի և Ադրբեջանի միջև էթնիկ վեճ չէ, ոչ էլ կրոնական ու շարունակեց․ «Սա ժողովրդավարության և բռնապետության միջև հակամարտություն է։ Մարդիկ հասկանում են, որ այս փոքր երկիրը՝ Արցախը, շատ ժողովրդավար և քաղաքակիրթ է, մենք զարգացրել ենք թափանցիկ և ժողովրդավարական համակարգ, ընտրություններ, նախագահ, ընդդիմություն, քաղհասարակություն։ Եվ սա ի հակադրություն Ադրբեջանի, որը ղեկավարվում է մեկ ընտանիքի կողմից, անգամ նրանց քաղաքացիները չունեն իրավունքներ, էլ ուր մնաց ազգային փոքրամասնությունները»։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի ներկայացմանը, թե Լաչինի միջանցքի հարցը էկոլոգիական խնդիր է, նշեց․ «Մենք ասել ենք՝ մենք խնդիր չենք տեսնում, եթե միջազգային փորձագետները ցանկանում են գալ և ստուգումներ իրականացնել մեր հանքարդյունաբերական բիզնեսներում, թող գան և ստուգումներ անեն, բայց նաև ուզում ենք, որ ակադեմիական հետազոտություններ իրականացվեն՝ ճշտելու՝ նախորդ տարվա ընթացքում Ադրբեջանում քանի՞ ցույց է տեղի ունեցել  էկոլոգիական հարցերով, արդյոք այդ ակտիվիստները դուրս եկե՞լ են փողոց, նրանց թույլ տրվե՞լ է իրենց ձայնը բարձրացնել»։

Ռուբեն Վարդանյանը հայտարարեց՝ մենք պատրաստ ենք բանակցությունների, քննարկումների, խաղաղության, դա պետք է լինի երկկողմանի գործընթաց ու շեշտեց․ «Պատրաստ ենք Ադրբեջանի հետ կողք-կողքի ապրել, բայց ոչ մեկ պետական համակարգի ներքո»։

Արցախի պետնախարարը փաստեց՝ ամբողջ աշխարհն ուշադրությամբ հետևում է նրան, ինչ կատարվում է Արցախում․ շուրջ 40000 հոդվածներ են  գրվել այդ մասին։

Նա հատկապես կարևորեց, որ ճնշումն Ադրբեջանի նկատմամբ մեծանա, և այս ամենի կազմակերպիչները պատասխանատվություն կրեն, Ադրբեջանը ենթարկվի պատժամիջոցների։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728