ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հանձնարարությամբ, վերահսկողական գործառույթներ են իրականացվել ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «լավ » N 361-Լ որոշմամբ հաստատված պետական աջակցության ծրագրի շրջանակում:
Ծրագրով սահմանված կարգով՝ 2019-2022թթ. ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը փոխհատուցել է 0.5-ից 100 հեկտար ինտենսիվ պտղատու այգիների և խաղողանոցների այգեհիմնման, ինչպես նաև հատապտղանոցների հիմնման ծախսերը՝ 50 տոկոսի չափով:
Վերահսկողական գործառույթների իրացմամբ արձանագրվել են մի շարք դեպքերով խախտումներ։
Մասնավորապես․
Կարդացեք նաև
- Ծրագրի շահառուների կողմից առավելագույն փոխհատուցման գումար ստանալու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն են ներկայացվել գյուղաբնակ քաղաքացիների հետ կնքված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, աշխատանքների հանձնման-ընդունման, վճարումների տրամադրման ոչ հավաստի տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր:
- Ծրագրի շահառուների կողմից ներկայացվել են քաղաքացիների հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրեր, որոնք ձևակերպված չեն եղել ՀՀ հարկային մարմիններում, ինչի արդյունքում չեն հաշվարկվել և ՀՀ բյուջե չեն փոխանցվել հարկեր:
- Ծրագրի շահառուների կողմից ներկայացվել են նաև առերևույթ ծախսերը հիմնավորող ոչ հավաստի տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր, որոնք տրվել են նմանատիպ գործունեություն չվարող կամ իրենց հետ մերձավոր ազգակցությամբ կապված տնտեսվարողների կողմից:
Նշված բոլոր դեպքերով պատասխանատու աշխատակիցների կողմից չի վարվել պատշաճ հսկողություն և մոնիթորինգ, արդյունքում տվյալ շահառուների ծրագրերը դիտարկվել են ծրագրին համապատասխանող, և փոխհատուցվել ամբողջական ծախսերի 50% չափով: Ծառայության կողմից իրականացված հաշվարկի արդյունքում՝ արձանագրված խախտումների չափը կազմել է մոտ 132,4 մլն ՀՀ դրամ: Վերահսկողության ընթացքում արձանագրված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվությունը և առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:
ՀՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել Քննչական կոմիտե: ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Միաժամանակ, 3 դեպքով Ծառայության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ուղղարկվել են միջնորդություններ մի շարք քաղաքացիների նկատմամբ չգրանցված աշխատուժի շահագործման և ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հանգամանքը պարզելու նպատակով, որոնց վերաբերյալ նյութերը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։
ՀՀ պետական վերահսկողական ծառայություն