Մենք ամեն ինչի մասին խոսում ենք՝ խառն ու չհամակարգված փաստերով։
Արդեն քանի տարի է, քննարկում ենք Արցախի հիմնախնդիրը, բայց մինչեւ հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին /մանավանդ, նրանք գալիս էին նաեւ մեզ մոտ/, չենք ներկայացրել Արցախի համառոտակի պատմությունը՝ սեղմագրած, հակիրճ, մի քանի էջանոց գրքույկներով՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն լեզուներով։ Անառարկելի փաստերով։ Կոնկրետ։ Շքեղ հրատարակություններով։ Հանրամատչելի։ Դրանցից պիտի ունենան նաև մեր բոլոր դպրոցականները, բոլոր հայ մարդիկ, որոնք միշտ չէ, որ, ըստ էության, գիտեն խնդիրների իսկությունը։
Ազերիներին ձեռնտու է «վիճելի տարածք» արտահայտությունը՝ խնդիրը հարցականի տակ պահելու համար,իսկ մենք չենք կարողացել օգտագործել զորավոր փաստերն այն մասին, որ Արցախը միշտ եղել է ու կա որպես հայկական հող։ Դրա համար անհերքելի հազարավոր փաստեր կան, քարտեզներ, տեղեկագրեր։ Իսկ մենք ընդամենը խոսում ենք։
Ամենագլխավորը՝ Արցախի անկախության հռչակման ժողովրդավարական իրավունքներն ու իրավական անխախտ հիմքերը հաստատող փաստաթղթային փաթեթը մինչեւ հիմա չենք ներկայացրել միջազգային դատարան՝ համապատասխան հետեւողականությամբ լծվելով գործին։
Կարդացեք նաև
Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ
Արցախի գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բ.գ.դ., պրոֆեսոր