Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Ով մոտենում է մեզ, դիմավորում եւ ընդունում ենք որպես քույր կամ եղբայր». Տեր Ղևոնդ քահանա Աճամեան

Փետրվար 01,2023 18:07

Տեխաս նահանգի Դալլաս քաղաքի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին արժանացել է world-architects.com-ի կողմից անցկացված առցանց քվեարկության «ԱՄՆ տարվա շինություն» տիտղոսին:

Եկեղեցու անցած ճանապարհի, համայնքում դրա դերի, ամենամյա հայկական փառատոնի և այլ թեմաների շուրջ զրուցել ենք եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ քահանա Աճամեանի հետ (լուսանկարում):

Դալլաս-Ֆորթ Ուորթ տարածաշրջանի հայկական եկեղեցին գործում էր դեռ 1992 թվականից, սակայն տեղի հայկական համայնքը միշտ երազում էր կառուցել իրական հայաոճ եկեղեցի: 2012-ին գնվեց նոր եկեղեցու հողատարածքը, իսկ հիմնաքարը դրվեց 2016-ին: Հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, այդ թվում՝ համավարակի ճգնաժամը, Սուրբ Սարգիս նոր եկեղեցին օծվեց 2022 թվականի ապրիլի 23-ին:

«Այդ օրերն անցան լիարժեք խանդավառությամբ: Կարևոր է նկատել, որ մեր օծումը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողությունից մեկ օր առաջ: Սա շատ խորհրդանշական և հուզիչ երևույթ էր բոլորիս համար», – ընդգծում է Տեր Ղևոնդ քահանա Աճամեանը:

«Առավոտի» հետ զրույցում Տեր Ղեւոնդը անդրադարձավ տարածված թյուրըմբռնումներին, թե եկեղեցիները միայն կիրակնօրյա պատարագների, դժվար ժամանակների, հարսանիքների կամ մկրտությունների համար են: Նրա խոսքով՝ եկեղեցին պետք է անընդհատ լինի ամեն մարդու կյանքում:

«Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ «եկեղեցի» բառը հին հայերենից թարգմանաբար նշանակում է «եկ եղիցի»: Դրա համար եկեղեցին ոչ թե միայն կառույց է, ոչ թե միայն շենք է, այլ ժողովուրդ: Երբ մարդիկ Քրիստոսի անունով հավաքվում են եկեղեցում, հայտնվում է Քրիստոսի մարմինը: Աստված խանութ չէ, և մարդ չի կարող նրան հիշել միայն երբ անհրաժեշտություն կա: Մենք պետք է անընդհատ հարաբերություն ունենանք Քրիստոսի, Աստծու հետ, որպեսզի նա ճանաչի մեր ձայնը, բայց ավելի ճիշտ, որպեսզի մենք ճանաչենք Աստծու ձայնը», – բացատրում է Դալլասի հայկական եկեղեցու հոգևոր հովիվը:

Հարցին, թե ի՞նչ դեր պետք է խաղան Սփյուռքի հայկական եկեղեցիները հայապահպանության գործում, քահանա Աճամեանը ուշագրավ պատասխան է տալիս: «Երբ հայկական պետականություն չկար, եկեղեցին շատ մեծ դեր խաղաց հայապահպանության հարցում: Իրականում, սակայն, հայկականության պահպանումն ու պաշտպանությունը եկեղեցու պարտականությունը չէ: Դա ընտանիքների պարտականությունն է: Եկեղեցու միակ պարտականությունն է Քրիստոսի Ավետարանը, Քրիստոսի խոսքը և Քրիստոսի վարդապետությունը տարածել ամբողջ աշխարհին: Եթե մենք ուզում ենք կոչվել Հայաստանյայց եկեղեցի, մենք պետք է Քրիստոսի առաքելությունը շարունակենք», – նշում է հոգևորականը:

Եկեղեցու կազմակերպած միջոցառումներից մեկը

Տեր Ղևոնդ քահանա Աճամեանը հավելում է, սակայն, որ եկեղեցու հովանու ներքո կրթական և մշակութային միջոցառումներ ևս իրականացվում են: Մեկ այլ առիթով նա խոսել էր ծուխի անդամների համախմբման կարևորության մասին, որին, նրա խոսքով, նպաստում են եկեղեցուն պատկանող մարզասրահում և դաշտում երիտասարդների կողմից կազմակերպվող ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի հանդիպումները, ինչպես նաև կիրակնօրյա դպրոցի գործունեությունը:

Տարածաշրջանի հայկական եկեղեցին հայտնի է նաև հոկտեմբերին տեղի ունեցող ամենամյա «Armenia Fest» հայկական փառատոնով, որն անցկացվում է արդեն 27 տարի անընդմեջ (բացառությամբ 2020-ին): 3 օրերի ընթացքում ներկայացվում են հայկական մշակույթը, խոհանոցը և քրիստոնեական հավատքը: Փառատոնին մասնակցում են հարյուրավոր մարդիկ, նաև այլազգիներ:

«Փառատոնի ընթացքում եկեղեցին նույնպես բաց է, որպեսզի անծանոթները մտնեն և ծանոթանան մեր հավատքին և հասկանան, թե ովքեր են հայերը և ինչ փորձությունների միջով են անցել: Մենք ներկայացնում ենք ոչ միայն մշակույթը, այլ նաև հավատքը, որովհետև Քրիստոսը հյուրընկալ էր և ընդունեց բոլորին: Ով մոտենում է մեզ, մենք դիմավորում և ընդունում ենք նրան որպես քույր կամ եղբայր», – շեշտում է հոգևորականը:

Նրա խոսքով՝ նոր եկեղեցում անցկացված առաջին փառատոնը մեծ հաջողության հասավ: 2023-ի փառատոնի համար նոր գաղափարներ կան: «Փառատոնի օրերին համայնքն իրոք միասնական է դառնում, որպեսզի մեր եկեղեցու անունը, այսինքն՝ Քրիստոսի անունը փառավորվի ամբողջ Տեխասում», – եզրափակում է Տեր Ղևոնդ քահանա Աճամեանը:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Ֆլաուեր Մաունդ, Տեխաս, ԱՄՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728