Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկու տարի առաջ ընդունված օրենքի կիրարկման արդյունքում ի հայտ են եկել բացթողումներ եւ խնդիրներ, որոնք հստակեցման կարիք ունեն»

Փետրվար 01,2023 17:45

Առաջարկվում են ինչպես խմբագրական, այնպես էլ որոշակի հստակեցումներ: Երկու տարի առաջ ընդունված օրենքի կիրարկման արդյունքում ի հայտ են եկել բացթողումներ եւ խնդիրներ, որոնք հստակեցման կարիք ունեն. ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Նախաձեռնության նպատակն արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման եւ մեծածախ առեւտրի լիցենզավորման համար դիմած անձանց համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն ու ավելորդ փաստաթղթեր պահանջելուց խուսափելն է: Գործող օրենքով արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման, մեծածախ առեւտրի գործունեության իրականացման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում առկա է բիզնես ծրագիր ներկայացնելու պահանջ, որի վերաբերյալ որեւէ օբյեկտիվ գնահատական տալ հնարավոր չէ: Հայտերի եւ կից փաստաթղթերի վերաբերյալ անհրաժեշտ են մասնագիտական կարծիքներ, ուստի առաջարկվում է օրենքով ամրագրել պետական մարմիններից հայտերի եւ կից փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական դիրքորոշումներ ստանալու հնարավորությունը, նշված է նախագծում: Նախաձեռնությամբ առաջարկվում է հանել քվոտաների խախտման դեպքում լիցենզիայի դադարեցման հիմքը: Լիցենզավորված անձին հնարավորություն է տրվում վերանայել քվոտաները:

Որոշակի քննարկում ծավալելուց հետո պատգամավորները, հաշվի առնելով հարցի կարեւորությունն ու տնտեսվարողների կարծիքներին ծանոթանալու, ինչպես նաեւ նախաձեռնության լրամշակման անհրաժեշտությունը, առաջարկել են հետաձգել հարցի քննարկումը, ինչը զեկուցողն ընդունել է: Նախաձեռնության քննարկման հետաձգումը կարեւորել է նաեւ նիստին ներկա ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Պատգամավորներից շատերի համար անհասկանալի էր նաեւ այն, թե ինչու է նախաձեռնությունը ներկայացնում Առողջապահության նախարարությունը, քանի որ այն վերաբերում է տնտեսական ոլորտին: Փոխնախարար Լենա Նանուշյանը պարզաբանել է, որ նախաձեռնությունը միասնական է, սակայն ներկայացնում է Առողջապահության նախարարությունը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հայտնել է, որ առաջիկա օրերին համապատասխան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ կկազմակերպվի քննարկում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728