Լրահոս
Օրվա լրահոսը

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն ընդունելու մրցակցությունում Հայաստանը հաղթել է Գերմանիային եւ Անգլիային

Փետրվար 01,2023 16:37

Հայաստանի մարմնամարզիկների կայուն նվաճումները աշխարհի, Եվրոպայի առաջնություններում եւ միջազգային այլ խոշոր մրցումներում մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի ղեկավարության համար առիթ դարձան, որպեսզի նրանք փորձեն Հայաստանը նույնպես դարձնել աշխարհի ուժեղագույն մարմնամարզիկների հավաքատեղի: Եվ ահա որոշվել է, որ սպորտային մարմնամարզության Եվրոպայի 2027 թվականի առաջնությունը կազմակերպվի հենց Երեւանում:

Այս առիթով «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանն ասաց. «Մենք մշտապես ունեցել ենք Հայաստանում միջազգային որեւէ բարձրակարգ մրցաշար կազմակերպելու ցանկություն: Դա իմ երազանքն է եղել: Եվ ֆեդերացիայում եւ ԿԳՄՍ նախարարությունում քննարկումների արդյունքում կառավարության աջակցությամբ եղավ առաջարկություն, որպեսզի Եվրոպայի առաջնությունը փորձենք բերել Հայաստան: Նման բարձրակարգ մրցումներ հյուրընկալելու որոշակի ընթացակարգ կա: Օրինակ, միջազգային մրցումների անցկացման փորձ: Բայց մեր պարագայում քանի որ ունենք օլիմպիական մեդալակիր, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ ու մրցանակակիրներ, միջազգային ֆեդերացիան մեզ այդ իրավունքը մեզ տվեց միանգամից:

Բոլորս էլ հասկանում ենք՝ դա լուրջ քննություն է, որ պետք է հանձնենք: Եվ մենք պատրաստ ենք: Պարտադիր պայման է միջազգային չափորոշիչներին համապատասխանող գոնե մեկ մարզադահլիճ եւ մարզումային դահլիճ ունենալ, այլ պայմաններ: Այդ բոլորը պետք է ժամանակին ապահովել: Եվ այստեղ մենք ունենք կառավարության լուրջ աջակցությունը:

Եվրոպայի առաջնությունը Հայաստանում անցկացնելը անգնահատելի դերակատարում կունենա Հայաստանում մեր մարզաձեւի զարգացման համար եւ առնվազն 15-20 տարի մարմնամարզությունը խնդիր չի ունենա»:

Գագիկ Վանոյանը նաեւ տեղեկացրեց, որ Եվրոպայի առաջնությունն ընդունելու համար մրցակցությունում Հայաստանը հաղթել է Գերմանիային եւ Անգլիային:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքով, մարդիկ կան, որ դեռ չեն հասկանում, թե սա ինչ ձեռքբերում է Հայաստանի համար: «Այս որոշումով միանգամից լուծվում է Հայաստանում մարմնամարզության ապագայի հարցը: Շատ կարեւոր է, որ այն դժվարությունները, որ այս տարիների ընթացքում տեսանք մենք, մեր այսօրվա սերունդը, երիտասարդները չեն տեսնի: Այսինքն, եկող սերունդը կունենա միջազգային ստանդարտներին համապատասխան դահլիճ, մարզագործիքների ոչ թե մեկ, այլ մի քանի հավաքածու եւ պայմանների ու գույքի ոչ մի խնդիր չեն ունենա: Ընդ որում, ոչ միայն տղաները, այլեւ աղջիկները: Վստահ եմ, որ կանանց մարմնամարզությունն էլ կզարգանա ու կունենա արդյունքներ»,-ասաց գլխավոր մարզիչը:

Աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը վստահեցրեց, որ այսուհետեւ բոլոր մարմնամարզիկներն ավելի լուրջ կմոտենան իրենց գործին, կմարզվեն կրկնակի նվիրվածությամբ ու վստահությամբ: «Պատանիներն ու երիտասարդները գիտակցելով, որ Եվրոպայի առաջնությունը կայանալու է Երեւանում, ցանկանալու են, որպեսզի իրենք էլ հավաքականում տեղ ունենան: Ու դրա համար կանեն ամեն ինչ»,-ասաց նա:

Իսկ Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը Aravot.am-ի հարցին ի պատասխան, վստահեցրեց, որ ինքը կանի ամեն բան, որպեսզի 2027 թվականին էլ իր մրցելույթներով ուրախացնի արդեն երեւանյան իր հանդիսականին: «Մարմնամարզությունում տարիքը վճռորոշ չէ: Կարեւորը, որ վնասվածքներ չունենամ: Իսկ մնացածը ժամանակը ցույց կտա: Եթե անգամ չմասնակցեմ, հավատացեք, որ լինելու եմ հավաքականի հետ, ամեն ինչով օգնելու եւ աջակցելու եմ տղաներին»,-վստահեցրեց մարմնամարզիկը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728