Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի աշխատաշուկայում գենդերային խտրականությունն ուղղված է հօգուտ տղամարդկանց. ԵՄ ներկայացուցիչ

Փետրվար 01,2023 16:27

Հայաստանի աշխատաշուկայում գենդերային խտրականությունն ուղղված է հօգուտ տղամարդկանց, արտադրությունների․ ձեռնարկատիրությունների ղեկավար կազմում տղամարդիկ 2 անգամ գերազանցում են կանանց: Հայաստանում կանայք գերակշռում են կրթության, առողջապահության, գյուղատնտեսության ոլորտներում: Այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսն այսօր կայացած «Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն Հայաստանում քաղհասարակության միջոցով» աշխատաժողովում։

Նրա խոսքով, պատճառներից մեկն այն է, որ կանայք ավելի շատ ներգրավված են, այսպես ասած, չվճարվող աշխատանքներում, աշխատատեղերին հասանելիության խնդիրներ ունեն հաշմանդամություն ունեցող անձինք: ԵՄ-ի անունից Հեսսեն կոչ արեց ՀՀ կառավարությանը, ուշադրություն դարձնել աշխատաշուկայում առկա այս խնդիրների լուծմանը:

Փաստաբան Հայկ Հակոբյանը ներկայացրեց համակարգային խնդիրներին վերաբերող առաջարկները, որոնք սակայն չեն ներառվել աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագծում: Հակոբյանն ընդգծեց, որ աշխատանքային հարաբերություններում խտրականության հաստատման դեպքում պատասխանատվության միջոցը բացակայում է, հստակեցված չէ։ «Թեև օրենսգրքի 3․1 հոդվածով ունենք խտրականության արգելում աշխատանքային հարաբերություններում, այսինքն՝ սկսած աշխատանքային պայմանագիրը կնքելուց մինչև պայմանագրի լուծելը սահմանվում է խտրականության արգելումը, սակայն հստակեցված չէ պատասխանատվության միջոցը խտրականության դրսևորման փաստի հաստատման դեպքում։ Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում միայն անօրինական կերպով աշխատանքից ազատելու դեպքում, չի անդրադառնում աշխատանքային հարաբերություններում խտրականության դրսևորման այլ դրույթներին, ինչը հակասում է վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի դրույթներին»,-նշեց Հակոբյանը։

«Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում՝ Մարտահրավերներ և հնարավորություններ» աշխատաժողովը համատեղ կազմակերպվել է Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում գործող տասնյակից ավել կազմակերպությունների կողմից, որոնք միավորված են ԵՄ-ի «Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն Հայաստանում քաղհասարակության միջոցով» նախաձեռնության շրջանակներում երեք կոնսորցիումներում: Աշխատաժողովի նպատակն է ամբողջացնել ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացման վերաբերյալ առաջարկությունները օրենսդրության, ինստիտուցիոնալ և գործնական կիրառման ուղղություններով, երեք ծրագրային կոնսորցիումների գործունեության արդյունքների հիման վրա:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728