Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումներ կիրականացվեն

Փետրվար 01,2023 16:22

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումները:

«Մենք փորձում ենք առավելագույնս աջակցել, որպեսզի աշխատատեղերը պահպանվեն: Ցավոք, այս իրավիճակում շատերը կորցրել են աշխատանքը: Մշակված ծրագրերի միջոցով փորձելու ենք հնարավորինս աջակցել թե՛ տնտեսվարողներին, թե՛ սոցիալապես ավելի դժվար վիճակում հայտնված քաղաքացիներին»,-ասել է պետնախարարը:


Միջոցառումների մշակման աշխատանքային խմբի ղեկավար, պետնախարարի խորհրդական Գրիգորի Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է իրականացնել չորս ծրագիր, որոնցից երկուսն ունեն տնտեսական, երկուսը՝ սոցիալական ուղղվածություն:

Տնտեսական ծրագրերը վերաբերում են շրջափակման հետևանքով առավելապես տուժած ոլորտներին և նախատեսում են աջակցության տրամադրում տնտեսվարողներին և անհատ ձեռնարկատերերին: Ծրագրերի նպատակն է առաջին հերթին պահպանել աշխատատեղերը, տնտեսավարողներին աջակցել աշխատավարձերի կամ պարապուրդների վճարման ապահովման հարցում, իսկ անհատ ձեռնարկատերերին ամսական աջակցություն տրամադրել:

Սոցիալական ծրագրերից առաջինը վերաբերում է դեկտեմբերի 12-ից մինչև փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց։ Եթե ճգնաժամի պատճառով տնտեսվարողներն ստիպված են եղել գնալ ազատումների և կրճատումների, ապա այդ աշխատողներին հունվար ամսվա համար նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն կտրամադրվի (եթե աշխատավարձը եղել է այդ չափից պակաս, ապա՝ այդ գումարը)։ Մյուս ծրագիրը վերաբերում է նույն ժամանակահատվածում գրանցված աշխատանք չունեցող անձանց. յուրաքանչյուր երեխայի հաշվով նրանց տրամադրվելու է որոշակի գումարի չափով աջակցություն։

Տնտեսական ծրագրերի իրականացման պատասխանատուն Պետական եկամուտների կոմիտեն է, սոցիալական ծրագրերինը՝ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։ Առաջիկայում կհրապարակվեն ծրագրերի մանրամասները:

Պետնախարարը ընդգծել է միջոցառումների թափանցիկ և հասցեական իրականացման կարևորությունը: Նա հանձնարարել է հաշվարկել նաև շրջափակման հետևանքով տնտեսության կրած ընդհանուր վնասի չափը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտներին վերաբերող հրատապ հարցեր:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728