«Էս ՔՊ-ականների բան ու գործի անունն ի՞նչ է, որ թողնեն մեր անվանի մարզիկները գործեն, թողնեն նոր անուններ աճեն: Բա դրանց բերողները չե՞ն ասի՝ ձեզ ինչ համար ենք պարգեւավճար տալիս… Նրանք, ովքեր մեր դրոշը բարձրացրել են, հայի անունը բարձր են պահել, բոլորին սրանք հեռացրել են: Վերջերս Հենրիխ Մխիթարյանն Արցախն ու Հայաստանը պատկերել էր միասին, թուրքերը համաշխարհային բողոքի ալիք բարձրացրին: Սրանք մարդիկ են՝ իրենց ոլորտները ներկայացնող, որոնք երեւում են մոլորակով մեկ, դրա համար էլ ՔՊ-ի համար չպետք է ընդունելի լինեին»,- «Հայելի» ակումբում ասաց հերոս Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը` անդրադառնալով բռնցքամարտի առաջնության ժամանակ Իսրայել Հակոբկոխյանի բողոքի գործողություններին: Անվանի մարզիկը հայտարարել էր, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան թույլ չի տվել իր որդուն՝ Հարություն Հակոբկոխյանին, մասնակցել առաջնությանը։
«ՔՊ-ականները պայքարում են այս մարդկանց դեմ, բայց իսկական հայերի տաղանդներն այնքան շատ են, որ Նիկոլն իր ՔՊ-ական ոհմակով չի հասցնում բոլորին հեռացնել: Բանակն է փորձում է ջնջել, ասում է՝ բենզինն էր պատճառը, որ երեխեքը զոհվեցին, ու դա քննարկում են աջ ու ձախ, մեկը չի ասում՝ թողեք հետաքննությունը պարզի: Նման ողբերգություններ են տեղի ունենում, բայց ոչ մի հրաժարական չի հետեւում դրանց: Ամբողջ կառավարությունը պիտի դիմում գրեր ու գնար, բայց քանի որ մեր պետությունն այս վիճակում է, սրանք հանձնարարականներ են ստանում ու կատարում:
Ու էն, որ ուժայինների աշխատավարձն անընդհատ բարձրանում է, նպատակն այն է, որ մահակը արժեւորվի, բայց ոչ երբեք զինվորն ու սահմանապահը: Սրանց թելադրողների համար զինվորը կարեւոր չէ, իրենք Հայաստանի գլխին մահակներ են սարքում: Դրա ապացույցը եղավ Եռաբլուրում դրանց վերաբերմունքը հերոսների ծնողների նկատմամբ»,-ասաց բանաստեղծը:
«Նիկոլին ընտրողները որ ասում են՝ խեղճ Նիկոլն ինչ անի: Հիմա էդ խոսքն ուզում եմ կրկնել: Խեղճ Նիկոլն ինչ անի, ասում է՝ ես 5000 մարդ եմ սպանել, եթե չսպանեի էլ, այս նույն գործողությունները կլինեին, բայց առանց զոհերի: Մարդը պարզ ասում է՝ ես եմ սպանել ձեր տղաներին, էլ ոնց բացատրի խեղճ Նիկոլը… Ախր դասալիքներն ովքեր են, որ գան երկիր ղեկավարեն, զինվորի արժեք իմանան»,-ընդգծեց Խաչիկ Մանուկյանը:
Կարդացեք նաև
Նա նաեւ տարակուսանք է հայտնում. «Էդ Արեւմուտքն ինչու ձայն չհանեց, որ թուրքական ոհմակը հարձակվեց փոքրիկ Արցախի վրա, որովհետեւ նրանց համար մի լիտր նավթն ավելի կարեւոր է: Այդպես էլ թույլ տվեցին, որ 44 օր հարձակվեն հայի վրա, ու ազնվազարմ հայերը կարողացան կանգնել թշնամու դեմ… Հիմա, որ ասում են՝ էսինչը մեզ կփրկի, չկա նման բան: Մեզ փրկողը մեր զինվորն է, որին այրում են ու որեւէ մեկը պատասխանատվություն չի կրում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ