Լրահոս
Օրվա լրահոսը

Մալաթիա տոնավաճառը չի փակվի․ տեսչական մարմնի հետ համաձայնություն է ձեռք բերվել

Փետրվար 01,2023 16:02

Մալաթիա տոնավաճառի աշխատանքները հավանաբար չեն դադարեցվի։ Aravot.am-ին տոնավաճառի տնտեսավարողներից մեկն ասաց, որ տնօրինությունը տղամարդկանց հրավիրել է, խնդրել օգնեն, որպեսզի պահանջվող աշխատանքներն արագ, մի քանի օրում իրականացնեն։
«Ասացին՝ օգնեք, կարգի բերենք, մի 4-5 օրից կբացվի։ Տանիքի հարցը, էլեկտրալարերի հարցը․․․ էլեկտրիկների հետ համատեղ կաշխատենք, որ շուտ բացվի տոնավաճառը»,-ասաց Մալաթիայի այդ շուկայում մոտ երեսուն տարի առեւտուր իրականացնող քաղաքացին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տոնավաճառի տնտեսավարողներն ու աշխատակիցներն այսօր բողոքի ցույց էին անում, նրանք առավոտյան չկարողացան ներս մտնել տոնավաճառ, դարպասները փակ էին։ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը անվտանգության կանոնների մի շարք խախտումներ էր հայտնաբերել, հիմնականում՝ հակահրդեհային։ Այդ խախտումներից մի քանիսը տոնավաճառի սեփականատերերը չէին վերացրել, ինչի պատճառով էլ տեսչական մարմինն արգելել էր այսօրվանից շահագործել տարածքը՝ մինչեւ թերությունները կվերացնեն։

Այսօր տնօրինությունն եւ մի քանի տնտեսվարողների տեսչական մարմնի հետ հանդիպման էին։ Տեսչական մարմինը հայտարարություն է  տարածել․ «Հանդիպման ընթացքում քննարկվեցին Տեսչական մարմնի կողմից արձանագրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված աշխատանքների իրականացման հարցը։

Ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ այսօրվանից սկսած տոնավաճառի սեփականատերը՝ Տեսչական մարմնի համապատասխան մասնագետների ներգրավմամբ, պետք է հստակ և ինտենսիվ միջոցառումներ իրականացնի արձանագրված այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք կարող են ուղղակի և անմիջական սպառնալիք հանդիսանալ հրդեհների առաջացման, տարածման և մարդկանց անվտանգության համար, որից հետո նոր միայն կքննարկվի տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը վերացնելու հարցը։

Տնօրինությանը ներկայացվեց նաև այն խնդիրը, որ պետք է սեղմ ժամկետում ներկայացի մնացյալ այն աշխատանքների իրականացման նախագծային փաստաթղթերը, որոնք թեև ուղղակի սպառնալիք չեն հրդեհների առաջացման համար, սակայն դրանց իրականացումը նույնպես բխում է հրդեհային անվտանգության նորմատիվ իրավական ակտերի պահանջներից։

Ընկերության տնօրենը հայտնեց, որ նշված աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ դիրքորոշում կարող է ներկայացնել միայն նախագիծ-նախահաշիվ կազմելուց և դրա արդյունքում անհրաժեշտ ներդրման ծավալը հասկանալուց հետո։

Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը նշեց, որ եթե անհրաժեշտ ներդրում իրականացնելու մասով ընկերության տնօրինությունը հստակ ժամկետում այն իրականացնելու դրական դիրքորոշում չհայտնի, ապա տոնավաճառի գործունեությունը չի վերսկսվի»։

Սամվել Ավետիսյան

Aravot.am-ի հետ զրույցում տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանն ասաց․«Տեսչական մարմնի հետ համաձայնության եկանք որոշ հարցերում, որ պետք օրուգիշեր աշխատենք, կարճ ժամանակամիջոցում կօգնեն առաջնային ու գլխավոր խնդիրը լուծելու համար։ Հետո կգան, կստուգեն, նոր կբացենք։ Էլեկտրալարերի խնդիրն էլ կլուծվի, իրենց եւ մեր մասնագետները միասին տեղում կորոշեն՝ ինչպես խնդիրն ուղղեն։ Հետո, ընթացքում նախագիծ-նախահաշվարկ կներկայացնեմ, թե ինչ աշխատանքներ ենք իրականացնելու»։

Հիշեցնենք, որ տոնավաճառի տնտեսվարողներն այսօր շատ վրդովված էին, դժգոհություն էին հայտնում կառավարությանը եւ նշում՝ չի կարելի կացնային որոշում կայացնել եւ միանգամից 600 ընտանիքի անգործ թողնել․ «Բոլորս վարկեր ունենք, կոմունալներ պիտի վճարենք, եթե փակեն շուկան, կառավարությունը մեր ծախսերը հոգալո՞ւ է»։

Մեկ այլ տնտեսվարող էլ վարչապետին, Էդմոն Մարուքյանին եւ Արման Բաբաջանյանին էր հրավիրում տոնավաճառ․ «Թող գան տեսնեն՝ ինչ վիճակում ենք։ Ընտրություններից առաջ, նեղն էին, գալիս էին մեզ մոտ, ձայն ուզում։ Դե թող հիմա էլ գան»։

Նշենք նաեւ, տոնավաճառի հարակից տարածքում այսօր առավոտյան մեծ թվով ոստիկանական ուժեր էին կուտակված։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728