Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի նպատակը հենց այն է, որ ճանապարհը բացելու դիմաց Հայաստանից որեւէ բան ստանա: Սա միջազգային մասշտաբի տեռոր է». Եղոյանը հույս է հայտնել, որ Եվրոպայի գործընկերների կողմից հարցի կարգավորմանն ուղղված քայլեր կձեռնարկվեն

Փետրվար 01,2023 14:52

ԱԺ Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի ղեկավար Սեյրան Օհանյանը, անդամներ Արման Եղոյանը, Ծովինար Վարդանյանը, Գեղամ Մանուկյանն ու Մարիամ Պողոսյանը հունվարի 31-ին առցանց հանդիպել են Սլովենիայի խորհրդարանի Սլովենիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դեն Պրեմիկի ու անդամների հետ:

Ողջունելով գործընկերներին՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը կարեւորում է խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների շրջանակում:

«Մենք բարձր ենք գնահատում Սլովենիայի հետ բարեկամական ջերմ հարաբերությունները եւ մեր երկրների օրենսդիր մարմինների բարեկամական խմբերի միջեւ արդյունավետ կապը, ինչպես նաեւ Սլովենիայի հետ սերտ եւ կառուցողական խորհրդարանական երկխոսության առավել խորացումն ու ամրապնդումը»,- ասել է Հայաստան- Սլովենիա բարեկամական խմբի ղեկավարը:

Սեյրան Օհանյանը կարեւորել է առաջիկայում սպասվող Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Նա ընդգծել է, որ դա հիանալի առիթ է երկու խորհրդարանների միջեւ համագործակցությունն էլ ավելի զարգացնելու եւ ամրապնդելու:

Սեյրան Օհանյանը ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը՝ ընդգծելով խնդրի առնչությամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ իր անունից նամակները, որոնք ուղարկվել են Սլովենիայի Ազգային ժողովի նախագահին եւ բարեկամական խմբի ղեկավարին:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւս, անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակմանը, նշել է. «Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը եւ շրջափակման է ենթարկել 120.000 հայերի՝ որպես շանտաժի գործիք Հայաստանի Հանրապետության դեմ: Ադրբեջանի նպատակը հենց այն է, որ ճանապարհը բացելու դիմաց Հայաստանից որեւէ բան ստանա: Սա միջազգային մասշտաբի տեռոր է խաղաղ բնակչության եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ»: Պատգամավորն ընդգծել է, որ Հայաստանը չի պատրաստվում կատարել նրանց պահանջները:

Արման Եղոյանը հույս է հայտնել, որ Եվրոպայի գործընկերների կողմից հարցի կարգավորմանն ուղղված քայլեր կձեռնարկվեն:

Սլովենիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դեն Պրեմիկը նշել է, որ ինքը Միջազգային համագործակցության հանձնաժողովի փոխնախագահն է եւ տեղեկատվությամբ կկիսվի իր գործընկերների հետ:

Սլովենիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Դուշան Ստոյանովիչը կարեւորել է ստեղծված իրավիճակը Հայաստանի կողմից մանրամասն ներկայացնելը: Ըստ նրա՝ դա կօգնի միջազգային կառույցներին ճիշտ կողմնորոշվել եւ որոշում կայացնել:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728