Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պարսյան. «Մալաթիա տոնավաճառ»-ի փակվելու հետևանքով մանրածախ առևտուրն էլ ավելի կմոնոպոլացվի

Փետրվար 01,2023 13:52

ՀՀ կառավարությունն որոշել է փակել «Մալաթիա տոնավաճառ»-ը հակահրդեհային անվտանգության պայմանները չբավարարելու պատճառաբանությամբ, ինչի հետևանքով իրենց տնտեսական գործունեությունն են դադարեցնելու մոտ 600 տնտեսվարողներ՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ։

Մի կողմ թողնելով այդ մարդկանց քաղաքական ընտրության հանգամանքը՝ խնդիրն առաջին հերթին պետք է դիտարկել սոցիալ-տնտեսական տեսանկյունից։ Փոքր և միջին բիզնեսը ոչ միայն նպաստում է երկրի տնտեսության ճկունությանը, այլ նաև հանդիսանում է միջին խավ ձևավորման հիմնական մեխանիզմներից մեկը։ Նախկին և գործող իշխանությունների կողմից իրականացվող անհեռատես և ծայրահեղ ազատական քաղաքականության արդյունքում՝ Հայաստանի տնտեսությունը գերմոնոպոլացվում է։ Օրինակ՝ եթե 2000 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին  մանրածախ առևտրի 29.6 տոկոսն էր բաժին ընկնում սպառողական ապրանքների շուկաներին(այդ թվում՝ Մալաթիա տոնավաճառին), ապա 2022 թվականի նույն ժամանակահատվածում շուկաների մասնաբաժինը կազմում է 4 տոկոս, այսինքն՝ տոնավաճառների առևտրաշրջանառության մասնաբաժինը 7,5 անգամ նվազել է։ Անշուշտ, այս անկման պատճառների մեկն էլ՝ այդ շուկաների անարդյունավետ, ագահ և բիրտ կառավարումն էր։
Միաժամանակ հարկ է ընդգծել, որ եթե նախկինում մոնոպոլիաներ կային միայն այս կամ այն ապրանքի ներկրման դեպքում, ապա ներկայում խոշոր սուպերմարկետներում և մոլերում է կենտրոնացել մանրածախ առևտրի 2/3-ը։ Հետևաբար, «Մալաթիա տոնավաճառ»-ի փակվելու հետևանքով մանրածախ առևտուրն էլ ավելի կմոնոպոլացվի, որից տուժելու են նաև սպառողներն և արտադրողները, քանի որ խոշոր սուպերմարկետներն և մոլերը, օգտվելով իրենց շուկայական իշխանությունից, բարձր գներ և կամայական պայմաններ են պարտադրելու բոլորին։

Ուշագրավ է, որ 2022 թվականի երկնիշ տնտեսական աճի պայմաններում շատ համեստ աճ է գրանցել մանրածախ առևտուրը՝ ընդամենը 2,4 տոկոս, սակայն այդ փոքր աճը նույնիսկ անհամաչափ է բաշխվել մանրածախ առևտրի ոլորտում։ Մասնավորապես՝ 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին խանութների(հիմնականում խոշոր սուպերմարկետների) մանրածախ առևտրաշրջանառությունն ավելացել է 3,9 տոկոսով, իսկ սպառողական ապրանքների շուկաների առևտրաշրջանառությունը նվազել է 13,7 տոկոսով, գյուղմթերքի շուկաները՝ -8,6 տոկոս, կրպակները՝ -9,2 տոկոս։

Ակնհայտ է, որ Հայաստանում վարվող ծայրահեղ ազատական տնտեսական քաղաքականության հետևանքով սպառողական ապրանքների և գյուղմթերքի շուկաները ուշ թե շուտ փակվելու են, սակայն գործող իշխանությունները, հերթական անգամ տուրք տալով իրենց հախուռն և պոպուլիստական  գործելաոճին, որոշել են կացնային հարվածով վերացնել տոնավաճառները․ սա անհեռատես և անընդունելի մոտեցում է։ Հայաստանում նման պայմաններով գործող բազմաթիվ սպառողական շուկաներ կան, դրա վառ օրինակ՝ մի շարք գետնանցումներում գործող շուկաներն են, կառավարության նման խտրական մոտեցումը կարող է բացատրվել միայն այլ շարժառիթներով։ Անշուշտ, այս իրավիճակից կփորձեն օգտվել գործող իշխանությունների հետ սերտաճած օլիգարխները, որոնք կշտապեն արտոնյալ պայմաններով իրենց մոլերում տեղավորել «Մալաթիա տոնավաճառի» վաճառականներին։

Իրավիճակը ճիշտ հանգուցալուծելու նպատակով՝ կառավարությունը և «Մալաթիա տոնավաճառի» ղեկավարությունը պարտավոր են մշակել հակահրդեհային խելամիտ միջոցառումների նոր ժամանակացույց, մինչև հակահրդեհային նոր միջոցառումների իրականացման ավարտը, անվտանգության նկատառումների ելնելով, տոնավաճառում կարել է նշանակել հրշեջների և տոնավաճառի աշխատակիցների լրացուցիչ վերահսկողություն և հերթապահություն։

Սուրեն ՊԱՐՍՅԱՆ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728