Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե 10 անգամ դիմած լինեիք ու ՊՆ-ն մերժեր, կհասկանայի, բայց 2 անգամը չեմ հասկանում»․ Վիլեն Գաբրիելյանը՝ Գեղամ Մանուկյանին

Փետրվար 01,2023 13:38

«Հունվարի 18-ին դիմել էինք Սուրեն Պապիկյանին՝ կարեւորելով զինված ուժերի համալրման, զորակոչի, նորակոչիկների բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման հիմնահարցերը։ Հաշվի առնելով, որ ձմեռային զորակոչ է, մի քանի պատգամավորներով առաջարկել էինք այցելել կենտրոնական հավաքակայան՝ ծանոթանալու վիճակին եւ խնդիրներին, հարկ եղած դեպքում առաջարկներով հանդես գալու։ Դա պատգամավորների գործառույթների մեջ է մտնում»,- ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ երեկ ստացել է իր գրության պատասխանը․ «Ասվում է, որ զորակոչի ընթացքին հետեւելու ներկա փուլում պաշտպանության նախարարը մեր ներկայությունը նպատակահարմար չի համարում։ Սա արդեն երկրորդ դեպքն է, որովհետեւ մի անգամ էլ դիմել էինք եռամսյա հավաքների ժամանակ։ Սա փաստում է, թե ինչպես է ՊՆ-ն վերաբերվում խորհրդարանական վերահսկողությանը։ Կամ Սուրեն Պապիկյանը տեղյակ չէ իր աշխատակազմի տված մերժումից (բայց իր անունով է նամակը), կամ․․․հանուն անվտանգության ամրապնդման՝ համագործակցության որեւէ եզր չի կարող այսպես լինել»։

Արձագանքեց հանձնաժողովի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը (լուսանկարում)․ «Եթե տասը անգամ դիմած լինեիք, մերժեին, կհասկանայի։ Բայց երկու անգամը հասկանալի չէ»։

Ապա Վիլեն Գաբրիելյանը ձայնը բարձրացրեց եւ ասաց, որ իրեն չընդհատեն, երբ խոսում է․ «Կարող է մյուս անգամ ձեզ թույլ տան զորակոչի ժամանակ։ Երբ հետեւողական լինեք, անընդհատ դիմեք ու մերժեն, այդ ժամանակ ընդունելի կլինի։ Միանգամից գնահատական եք տալիս։ Ես էլ եմ մի անգամ դիմել, մերժել են, ուզում էի առաջնագիծ գնալ։ Ու դա չի նշանակում, որ դրա տակ պետք է այլ բան ման գաք»։

Հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն էլ նկատեց՝ իրենք էլ են առաջարկներ հղում ՊՆ-ին, որոնց մի մասը մերժվում է, եւ դա չի նշանակում, թե համագործակցություն չկա։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728