Լրահոս
Օրվա լրահոսը

«Պապիկյանը հրավիրել էր ՊՆ․ 2 ամիս է՝ չեն ընդունում, որ ծանոթանամ բարեփոխումների հայեցակարգին»․ Գեղամ Մանուկյան

Փետրվար 01,2023 12:08

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր պետք է քննարկվի կառավարության հեղինակած՝ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի նախագիծը։ Մինչեւ օրակարգը հաստատելը՝ հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց․ «Պարբերաբար հանձնաժողովի նիստերում տարբեր նախագծեր են քննարկվում։ Կառավարության կողմից մեր անվտանգային համակարգերի, զինված ուժերի բարեփոխումների ռազմավարության հետ կապված որեւէ նախագիծ չկա։ Կա մեկ փոքրիկ, մեկ տողանոց մի նախագիծ։ Սա հերթական անգամ փաստում է, որ իշխանությունն այդքան խոսում է զինված ուժերի բարեփոխումների ռազմավարության մասին, բայց լայնածավալ աշխատանք չկա։ Այդ պատճառով մենք ձեռնպահ ենք քվեարկում այս օրակարգին»։

Նիստը վարող հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն արձագանքեց, որ վերջին մի քանի ամսում բավականին խիտ ռեժիմով մի շարք նախագծերի փաթեթներ են ներկայացվել, որոնք վերաբերում են պաշտպանության ոլորտին․ «Այդ փաթեթներով շրջադարձային բարեփոխումներ են սկսվել մեր երկրում։ Ցավոք, այդ քննարկումների մեծ մասին դուք չեք մասնակցել, կամ եթե մասնակցել եք, ապա ձեռնպահ ու դեմ եք քվեարկել։ Մեր հանրությանը հայտնի է, թե բանակում ինչ շրջադարձային բարեփոխումներ են եղել, այդ թվում՝ միտված պրոֆեսիոնալ բանակին։ Ուստի համաձայն չեմ ձեր դիրքորոշման հետ»։

Գեղամ Մանուկյանը պատասխանեց, որ անգիր հիշում է բոլոր քննարկված նախագծերը․ «Աշխատանքային քննարկումներին մասնակցել ենք։ Ես խոսում էի համակարգային բարեփոխումների մասին, ոչ թե առանձին փաթեթների ։ Ի դեպ, դեռ նոյեմբերին Սուրեն Պապիկյանի հետ, երբ խոսում էինք բարեփոխումների հայեցակարգի մասին, ասաց, որ հրավիրում է ՊՆ՝ ծանոթանալու։ Այսօր փետրվարի մեկն է։ Երկու ամիս է անցել։ Պարբերաբար դիմել եմ ՊՆ, եւ մինչեւ հիմա հնարավորություն չեն տալիս ծանոթանալու բարեփոխումների հայեցակարգին, որի մասին իշխանությունն ամեն օր խոսում է, բայց որեւէ մեկս սեփական աչքով չենք տեսել։ Առանձին փաթեթներով եք բավարարվում»։

Արմեն Խաչատրյանն ասաց՝ կփորձի այսօր ճշտել, թե ինչու ՊՆ-ն չի արձագանքում Գեղամ Մանուկյանի դիմումներին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728