Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախկին դատավոր․ նպատակը, հավանաբար, տեղ ազատելը, իրենց մարդկանց դնելն է․ «Հրապարակ»

Փետրվար 01,2023 11:06

«Հրապարակի» հարցերին պատասխանեց նախկին դատավոր Արթուր Օհանյանը, որը հեռացավ պաշտոնից 2018 թվականի մարտին՝ հեղափոխությունից մեկ ամիս առաջ։

– Արդեն 5 տարի է՝ չեք աշխատում։ Հեռվից ի՞նչ տպավորություն ունեք այն ամենի մասին, ինչ կատարվում է դատավորների հետ։

– Շատ վատ տպավորություններ։ Սխալ են անում։ Չի կարելի այդպես վարվել։ Մարդիկ տարիներով աշխատել են, եւ անիմաստ, թեթեւ, անհեթեթ պատճառներով նրանցից ազատվում են։ Կարծես դիտավորյալ են անում, չորն ու թացն իրար խառնելով, հավանաբար, հներից ազատվելու համար։ Կողքից այդպես է երեւում։

– Եթե հներից են ուզում ազատվել եւ առավել վարկաբեկվածներին են հանում, այդ դեպքում ինչո՞ւ են առաջինը Սուրեն Անտոնյանից ազատվում, իսկ Մնացական Մարտիրոսյանին նշանակում Երեւանի քրեական դատարանի նախագահ։

– Դուք էլ լավ հասկանում եք, թե ինչ են անում։ Անտոնյան Սուրենը համեստ, սկզբունքային անձնավորություն է։ Եթե մեկը շփվել է նրա հետ, գիտի։ Թող էն մյուս կողմերը նայեն։ Տարիներով գործեր են քննում, գործերը շպրտում են էս կողմ, էն  կողմ։ Դատական ակտը կայացնում են, մարդիկ ամիսներով չեն ստանում։ Լավ աշխատած դատավորներ կան, որոնց անիմաստ, առանց բողոքի թիրախավորել են։ Սուքոյանն էլ կարգին, պարկեշտ անձնավորություն է, կրթված, ոչ բոլոր դատավորները կարող են պարծենալ գրագիտության այդ աստիճանով։ Ես իմացա, որ երբ նրա հարցն էր որոշվում, նա հիվանդանոցում էր, առողջական խնդիրներով։ Ու դա հաշվի չեն առել։

– Նպատակը ո՞րն է։

– Նպատակը, հավանաբար, տեղ ազատելը, իրենց մարդկանց դնելն է։ Դուք էլ եք տեսնում, թե ում են նշանակում։ Կարո՞ղ է մարդը, որը կյանք չի տեսել, դատավոր աշխատել, ճակատագիր որոշել։ 30 տարեկանում եմ ես դատավոր նշանակվել, այն ժամանակ ամենաերիտասարդ դատավորն էի, 95-96 թվերն էին։ 10 տարի աշխատում էի դատախազությունում, քննիչ, օգնական, դատախազի տեղակալ, բայց էլի ինչ-որ վախ կար մեջս՝ մարդկային ճակատագրեր որոշելուց։ Մտածում էի` ոնց պետք է վարվել այս կամ այն մարդու հետ, ոնց պետք է դատական ակտ կայացնել։ Գիշերները չէի քնում։ Երբ դատավոր էի դառնալու, Արդարադատության խորհրդում ինձ հարցեր էին տալիս, ասացին՝ ե՞րբ եք խոսք տալիս ամուսնանալ, դեռ ամուսնացած չէի, ասացի՝ մեկ տարվա մեջ կամուսնանամ, ու, իրոք, ամուսնացա մի տարի չանցած։ Պետք է դատավորը դրա միջով էլ անցած լինի, դա էլ է կյանքի կարեւոր փորձառություն։ Իսկ այսօր… սխալ է, էլի։

– Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ ԲԴԽ նախագահը եւ արդարադատության նախարարը մոտ ընկերներ են, մեկը մյուսին չեն հավասարակշռում, հակառակը` պասերով, պլանավորված, միասին են գործում։ Մի ընկերը վարույթ է հարուցում, մյուսը` բավարարում, միակողմանի քննությամբ։

– Ի՞նչ միակողմանի։ Նրանք, կարելի է ասել, մի ընտանիք են։ Միասին նստում են մի տեղ, խաշ ուտում մի քանի հոգով, մտածում` ինչ անեն, ինչ չանեն։

– Վեթինգի մասին ի՞նչ կասեք, դա ի՞նչ գործընթաց է, ի վերջո։

– Ես չգիտեմ, ինձ թվում է, դա արհեստածին մի բան է։ Պետք է մի հատ վեթինգ անես, ասես՝ էսինչ խումբն իրավունք չունի դատավոր աշխատել։ Ի՞նչն է խանգարում, որ մշտապես բարեվարքության կանոնները ստուգեն ու չթողնեն աշխատի։ Եթե նա արժանի չէր, ինչո՞ւ եք թողնում, որ մի տարի կամ երկու տարի աշխատի։

– Նվաստացնող չէ՞ «դատավորների վեթինգ» արտահայտությունը, որն արդեն չորրորդ տարին է՝ լսում ենք, ոնց որ մասնագիտական խտրականության նման մի բան լինի, մասնագիտական սկզբունքով զտում։

– Ես 23-24 տարի դատավոր եմ աշխատել, 96 թվականի հունվարի 12-ից։ Այն ժամանակ սարսափելի բաներ էին կատարվում։ Շատ կամակոր եմ եղել, իմ ասածն եմ արել, չեմ սիրել, որ ինձ մի բան ասեն սկզբունքային հարցերում։ Եթե նույնիսկ փորձել են կողքից մոտենալ, ակնարկել, ինչ-որ բան ասել, բացատրում էիր, որ այդպես չի լինի, օրենքը սա է պահանջում, որ Եվրադատարան կա եւ այլն, ասում էին՝ լավ, օրենքով արեք։ 2000-ական թվականներին դատավորներն անկախության առումով շատ առաջ գնացին։ Դատական իշխանությունը պոկվել էր դատախազությունից ու բարձրացել էր, իշխանություն էր դարձել։ Մենք մերն էինք ասում, դատախազությունը՝ իրենը։ Դատաիրավական բարեփոխումներն արդյունավետ էին։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728