Այսօր վաղ առավոտից Մալաթիա տոնավաճառը փակ է։ Աշխատակիցներն ու տնտեսվարողները այս պահին տոնավաճառի դարպասների մոտ բողոքի ցույց են անում։
Դեռ երեկ նրանք հույս ունեին, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կընդառաջի եւ ամբողջությամբ չի փակի, թույլ կտա աշխատել եւ զուգահեռ վերացնել հակահրդեհային կանոնների խախտումները։
Կարդացեք նաև
Տոնավաճառի հարակից տարածքում ոստիկանական ուժեր են։ Աշխատակիցները վրդովված են։ «Մենք էդ ի՞նչ վտանգ ենք մեզնից ներկայացնում, որ այսքան ոստիկան են բերել։ Փաշինյանը մտածե՞լ է ինչպես ենք մենք ապրելու, որ միանգամից 600 հոգու ապրուստի միջոց է կտրում։ Բոլորս վարկերի տակ ենք, պարտքեր ունենք, տանը հիվանդներ ունենք, ի՞նչ պիտի անենք էս ձմռան ցրտին, էս եղանակին մարդկանց հանեն-գցեն դո՞ւրս»,- դժգոհեցին տնտեսվարողները։
Նրանք նշեցին, որ համաձայն չեն լինի այլ տարածք տեղափոխվել, դա ձեռնտու չէ, քանի որ երեսուն տարի այստեղ աշխատում են եւ ամեն մեկն իր հաճախորդներն ունի։
Այս պահին տեսչական մարմնի աշխատակիցներն են եկել տոնավաճառ, փորձում են ինչ-որ հարցերի շուրջ պայմանավորվել։
Տոնավաճառի տնօրենն այս պահին տեսչական մարմնում է, հրավիրել են բանակցելու: Նա աշխատակիցներին հորդորեց տուն գնալ, չսպասել ձյան տակ: Սակայն աշխատակիցներն ու տնտեսվարողները հայտարարեցին` բողոքի ցույցը շարունակելու են մինչև խնդրի դրական լուծումը:
Մանրամասներն` ավելի ուշ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ