Լրահոս
Օրվա լրահոսը

Հիբլա Գերզմավայի մրցույթում միակ հայ մասնակիցը դափնեկիր դարձավ

Փետրվար 01,2023 14:00

Վերջերս ռուսաստանյան «Կուլտուրա» ալիքը Մոսկվայի Ստանիսլավսկիի եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնից ուղիղ հեռարձակում էր հանրահայտ օպերային երգչուհի Հիբլա Գերզմավայի՝ օպերային երգիչների եւ կոնցերտմայստերների առաջին միջազգային մրցույթի դափնեկիրների պարգեւատրման արարողությունն ու գալա համերգը, որը կայացել էր ՌԴ նախագահի մշակույթի ֆոնդի աջակցությամբ։ «Դաշնակահար-կոնցերտմայստեր» անվանակարգում երրորդ մրցանակի արժանացավ Հայաստանը ներկայացնող Ելենա Վարդազարյանը։ Նշենք, որ նա մրցույթի միակ հայ մասնակիցն էր։

Մեզ հետ զրույցներում անվանի շատ երաժիշտներ նշել են, որ 19-րդ դարի երկրորդ կեսին սկիզբ առած կոնցերտմայստերական արվեստը՝ որպես կատարողական առանձին տեսակ, պահանջում է երաժշտական բարձր վարպետություն, գեղարվեստական կուլտուրա եւ այդ հատուկ կոչումը հասանելի է ոչ բոլոր դաշնակահարներին։ Կոնցերտմայստերները շատ վաղուց սկսել են մասնագիտանալ երաժշտարվեստի իրենց նախընտրած ճյուղում՝ գործիքային եւ վոկալ մենակատարների հետ համագործակցելու նպատակով։
Մեր զրուցակիցը՝ արդեն միջազգային մրցույթի դափնեկիր Ելենա Վարդազարյանը, դաշնամուր է դասավանդում Արմավիրի արվեստի պետական քոլեջում, ղեկավարելով վերջինիս գործիքային կատարողական բաժինը։ Կարիերայի սկզբում՝ 2001թ.-ից, որպես մենակատար հանդես է եկել Երեւանում, հանրապետության մարզերում, մասնակցել է Խաչատրյանի, Բաբաջանյանի անվան, Գերմանիայում անցկացված երիտասարդ դաշնակահարների մրցույթներին եւ այլն։ Հանդիսացել Վլադիմիր Սպիվակովի, Կոնստանտին Օրբելյանի, «Նոր անուններ» բարեգործական միությունների անդամ, 2010-11թթ. վարպետության դասեր է առել եւ համերգներ է ունեցել անվանի ալտահար, դիրիժոր Յուրի Բաշմետի գեղարվեստական ղեկավարությամբ գործող ԱՊՀ երկրների երիտասարդական երաժշտական ակադեմիայում։

Իսկ թե ինչու մենակատար դաշնակահարուհին մոդուլյացիա կատարեց՝ անցնելով դաշնակահար- կոնցերտմայստերի գործունեությանը, երաժիշտը պարզաբանեց. «Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում 2013թ. հայտարարված էր կոնցերտմայստերների մրցույթ, որին մասնակցեցի եւ այդ ժամանակից սիրով գործունեություն եմ ծավալում վոկալ ամբիոնում։ Երեք տարի անց մեծանուն օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի հրավերով գործունեությունս զուգահեռեցի Երեւանի օպերային թատրոնում եւ մինչ օրս էլ սիրով եմ համագործակցում թատրոնի մեներգիչների հետ»։ Անդրադառնալով կայացած մրցույթին, արվեստագետը հայտնեց, որ այդ մասին դեռեւս անցյալ տարվա ամռանը իրեն տեղեկացրել է ռեժիսոր Իրինա Լիչագինան, որը անվանի ռեժիսոր Անդրեյ Ժագարսի հետ ժամանակին Երեւանի օպերային թատրոնում իրականացրել էր Մասնեի «Մանոն» օպերայի բեմադրությունը։ «Իրինան ինձ գրել էր, որ աննկարագրելի բարդ մրցույթ է լինելու, որին մասնակցելու համար պետք է նախ մասնագիտական հանձնաժողովին ուղարկել մեկ արիայի եւ մեկ օպերային հատվածի ձայնագրություն։ Ընդ որում, վերջին պահանջը իսկապես բարդ էր։ Ես ընտրեցի Պուչինիի «Տոսկայի» երկրորդ գործողությունն ամբողջովին, որտեղ եւ նվագում էի, եւ ներկայացնում մեներգիչների ու երգչախմբի պարտիաները։ Նշեմ, որ ձայնագրություններն ուղարկվում էին փակ հղումով։ Ի զարմանս ինձ, հենց վիճակահանության օրը ինձ մոտենում էին, հիացական խոսքեր շռայլում, լսած լինելով ընդամենը ուղարկված ձայնագրությունս։ Հայտ ներկայացրած 111 կոնցերտմայստերներից մրցույթին մասնակցելու համար ընտրված էր 16-ը, որոնք ներկայացնում էին Ռուսաստանը, Ղազախստանը, Ավստրիան, Բելառուսը, Մոնղոլիան, Սերբիան, Չինաստանը, Կոստա Ռիկան եւ այլն»,- տեղեկացրեց Ելենա Վարդազարյանը։

Դիտարկմանը՝ մրցույթը առատ էր հատուկ մրցանակներով, համենայնդեպս, մենք նման առատության դեռեւս չէինք հանդիպել ոչ մի մրցույթում, մեր զրուցակիցը համաձայն էր. «Հայտ ներկայացրած 687 վոկալիստից մրցույթին իրավունք էին ստացել մասնակցել 38-ը եւ բացի դափնեկիրներից, երրորդ փուլ անցած որոշ մասնակիցներ ստացան նաեւ Ռուսաստանի տարբեր թատրոններում դերերգերով հանդես գալու հնարավորություն, այդ թվում՝ «Բոլշոյ» եւ «Մարիինյան»։ Ինչ վերաբերում է երկու փուլով անցկացված դաշնակահար-կոնցերտմայստերների մրցակցությանը, օրինակ՝ ես, ստացա հատուկ մրցանակ՝ սահմանված Ռուսաստանի դաշնակահար-կոնցերտմայստերների գիլդիայի կողից, այն է՝ Մոսկվայում մեկ շաբաթ տեւողությամբ վարպետության դասերի, դասախոսությունների եւ համերգների մասնակցություն»։
Զրույցի ընթացքում Ելենա Վարդազարյանն առանձնակի հպարտությամբ նշեց, որ մրցույթի հետ կապ ունեցած ցանկացած մեկը, ով գոնե մեկ անգամ եղել էր Հայաստանում, գովերգում էր մեր երկիրը։ «Իմ երկրպագուներից էր Հիբլա Գերզմավայի տնօրեն-մենեջերը՝ Յուլիա Գոլդմանը, որը հայկական արմատներ ունի եւ մտերիմ է Սպիվակովի տիկնոջ՝ Սաթի Սպիվակովայի հետ։ Ի դեպ, հենց Սաթին է նրանց ծանոթացրել… Մրցույթի մասնակիցները կամ հյուրերը երբ իմանում էին, որ հայ եմ, մոտենում էին, իրենց գովեստի խոսքերն արտահայտում մեր լեգենդար արտիստի՝ Գեղամ Գրիգորյանի հասցեին, հիացական որակումներ շռայլում Գեւորգ Հակոբյանի, Լիպարիտ Ավետիսյանի, Արսեն Սողոմոնյանի հասցեին։ Ղազախստանի պատվիրակությունը իմ միջոցով ջերմ բարեւներ փոխանցեց Բարսեղ Թումանյանին, Վալերի Գերգիեւի քույրը՝ դաշնակահար Լարիսա Գերգիեւան էլ խնդրեց Կարեն Դուրգարյանին անձամբ փոխանցել հետեւյալը՝ նա գիտի, որ ես իրեն սիրում եմ, բայց մեկ անգամ էլ նրան հիշեցրու, շեշտի դրա մասին»,- ասաց դաշնակահարուհին։

Զրույցի ավարտին Ելենա Վարդազարյանն առանձին հիացմունքով հայտնեց հետեւյալը. «Մոսկվայում եղած ժամանակ Գեւորգ Հակոբյանն ինձ հրավիրեց «Բոլշոյ» թատրոն, որտեղ ներկա գտնվեցի Ռիմսկի Կորսակովի «Թագավորի հարսնացուն» ներկայացմանը։ Բառերով գուցե չկարողանամ ներկայացնել, դա մի փառահեղ բեմադրություն էր, որտեղ, առանց չափազանցության, Գրյազնոյի կերպարը փառահեղ մարմնավորեց մեր Գեւորգը…»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728