Օրերս Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական թատրոնը Ն. Դումբաձեի անվան թատրոնում ներկայացրեց հայազգի ժամանակակից դրամատուրգ, Լ. Շանթի անվան մրցանակի դափնեկիր Էլֆիք Զոհրաբյանի «Տիկին Սիրանույշ» դրաման (բեմադրիչ՝ Լյուբով Սահակյան, նկարչական ձեւավորումը՝ Աննա Սոփրոմաձեի): Գլխավոր դերում հանդես եկան թատրոնի միջին սերնդի առաջատար դերասանուհի Սնեժանա Յագուբովան եւ երիտասարդ դերասանուհի Վարդուհի Էլբակյանը:
Նշենք, որ Էլֆիք Զոհրաբյանը մոնոդրաման գրել է 2006 թվականին, երկու անգամ մասնակցել է թատերականացված ընթերցումների: Քննարկումներին մասնակից են եղել Երվանդ Մանարյանը, Սուրեն Հասմիկյանը, Ռուբեն Բաբայանը, Կարինե Խոդիկյանը, Նարինե Գրիգորյանը, Սառա Նալբանդյանը, Անուշ Ասլիբեկյանը, Լոռու մարզի գրողներ եւ այլք: «Տիկին Սիրանույշ» պիեսը 2010 թվականին տպագրվել է նաեւ Թեհրանում: Պիեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել դերասանուհիների շրջանում. այն սկսել են բեմադրել Գյումրիում (դերում՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սիրանուշ Ղուկասյան), Նոյեմբերյանի քաղաքային թատրոնում, թեեւ, ըստ հեղինակի, առաջինը ցանկություն էր հայտնել ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանը:
«Տիկին Սիրանույշ» պիեսն ունի սյուրռեալիստական տարրեր, դոկումենտալ-պատմական թանձր շերտ: Էլֆիք Զոհրաբյանը համակողմանիորեն ուսումնասիրել է մեծ դերասանուհու կյանքը, նրա ձեռագրերը, զրուցել արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանի հետ: Պիեսում շեշտադրված է թատերարվեստի անցողիկության դրաման. որքան էլ այս պահին հանդիսատեսը սքանչելի խաղ տեսնի, այնուամենայնիվ, վարագույրը փակվելուց հետո այն մնալու է նրա հիշողության մեջ, իսկ երբ չլինի հանդիսատեսը, նրա հետ կմեռնի եւ այդ հիշողությունը:
Ադամյանցիները շեշտադրել էին Սիրանույշի ուժեղ կին լինելը. անգամ սուլթան Համիդին դեմ գնալով, տիկին Սիրանույշը եւ Պետրոս Ադամյանը բեմից հնչեցնում են հայերեն, իսկ այդ օրերին հայերեն ներկայացումներն արգելված էին Պոլսում: Թբիլիսիում ներկայացման բազմաթիվ տեսարաններից հետո հնչում էին ծափեր, հանդիսատեսը հուզված էր, դահլիճում էին գտնվում նաեւ ռուսներ ու վրացիներ, որոնք պարզապես հիացած էին Սիրանույշի ավագ տարիքը խաղացող Սնեժանա Յագուբովայի խաղով, իսկ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը նշեց, որ «հոյակապ բեմադրություն էր, շատ տպավորված դուրս եկա դահլիճից»:
Էլֆիք Զոհրաբյանը նույնպես հրավիրված էր։ Մեզ հետ զրույցում դրամատուրգը նշեց, որ արդեն երկրորդ անգամն է, որ ադամյանցիներն անդրադառնում են իր պիեսներին։ Առաջինը հեքիաթ էր, որը բեմադրեց Արմեն Բայանդուրյանը:
Կարդացեք նաև
«Պիեսի բեմադրությունն ունի նաեւ հայապահպան նշանակություն, բացի դա, խելացի թատրոնները չեն կարող չբեմադրել ժամանակակից հեղինակների գործեր, եթե, իհարկե, դրանք լավ են գրված: Ադամյանցիներին այնքան շատ եմ սիրում, այսպիսի ջերմ մթնոլորտ ու վերաբերմունք ոչ բոլոր տեղերում է: Շնորհակալ եմ բեմադրիչ, սիրելի Լյուբա Սահակյանին, տաղանդավոր արտիստուհի Սնեժանա Յագուբովային եւ Վարդուհի Էլբակյանին»,- նշեց Էլֆիք Զոհրաբյանը։
Մեր զրուցակիցը նշեց` գրեթե բոլոր տեսարաններից հետո ծափեր էին հնչում, ինչն ուրախացրեց իրեն, սակայն ինչպես ինքն է ասում` բծախնդիր է ամեն տառի, բառի, տեսարանի ու կերպարի հանդեպ:
«Անթերի ներկայացում թերեւս չի լինում… Ի դեպ, բեմադրիչը հավելել էր երկրորդ Սիրանույշ՝ երիտասարդությունը, ես չընդդիմացա: Այս պիեսը բարդ է նրանով, որ բացի ինքնակենտրոն Սիրանույշի հակասական կերպարը ստեղծելուց, դերակատարը պետք է խաղա նաեւ համաշխարհային դրամատուրգիայի կանացի լավագույն կերպարների ամենաէմոցիոնալ տեսարանները,- նշեց մեր զրուցակիցը` ավելացնելով,-երբ վրացի գրող Իրակլի Շամատավան սկսեց հիացմունքով խոսել մասնավորապես Սնեժանայի խաղից ու ներկայացումից, իսկ նա հայերեն բացի «ջան» բառից, ոչինչ չգիտի, հասկացա, որ իրոք հաջող ներկայացում է ստացվել, իսկ հանդիսատեսն այնպես շունչը պահած էր հետեւում, որ ես չէի սպասում, որովհետեւ պիեսը, այսպես ասած, բոլորի համար չէ: Ուժեղ լինել՝ անկախ քո վայրէջքներից ու վերելքներից. ահա սա էր դարձել ներկայացման նշանաբաններից մեկը: Ոչ մի անգամ այդքան հանդիսատես ինձ, որպես պիեսի հեղինակ, չէր մոտեցել եւ արտահայտել իր տպավորությունները»,-հավելեց Էլֆիք Զոհրաբյանը։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.01.2023