Երկարատև սթրեսի ազդեցության, մարդկանց անտարբերության և այդ ամենը հաղթահարելու ուղիների շուրջ Aravot.am-ի «Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում զրուցել ենք «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանի հետ։
Մեր հասարակությունը բավական երկար ժամանակ է, ինչ ապրում ու արարում է՝ մշտապես գտնվելով «սթրեսային գոտում»․ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ երկարատև սթրեսը մարդկանց հոգեբանության, հոգեկան առողջության վրա, և ինչպիսի դրսևորումներով է այն ի հայտ գալիս։
-Երկարատև սթրեսի արդյունքում եթե անձի մոտ չի ձևավորվում հարմարվողական վարք, ապա կարող են առաջանալ նևրոտիկ խանգարումներ, դեպրեսիա կամ հոգեսոմատիկ հիվանդություններ, որոնք կարող են ի հայտ բերել հուզական հյուծվածություն, ռացիոնալ մտածողության խանգարում, գերլարվածություն, կպչուն վախեր, դյուրագրգիռություն, ուժեղ զայրույթ, անիմաստության և դատարկության զգացում, տագնապներ, անքնություն, հոգնածություն, ախորժակի խանգարում, թուլություն, ցավ մարմնի տարբեր հատվածներում, գլխացավեր, սիրտ-անոթային համակարգի խնդիրներ և այլն:
Թվում է՝ որքան շատ են ավելանում տագնապահարույց խնդիրները մեր կյանքում, այնքան ավելի է աճում հասարակության անտարբերությունն այդ խնդիրների նկատմամբ․ բազմիցս ենք լսում ամենատարբեր քննադատություններ մարդկանց հասցեին, որոնց մեղադրում են իրավիճակը լրջությունը չգիտակցելու մեջ։ Որո՞նք են այդ ընդհանուր անտարբերության հիմքերը։
Կարդացեք նաև
– Եթե խոսքը գնում է մեր հասարակության մեջ երբեմնի տիրող անտարբերության մասին, կարող եմ բացատրել հետևյալ կերպ. այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականի պատերազմի հետևանքով, տրավմատիկ չհաղթահարված սթրես էր հասարակության համար, որը շատ լուրջ քայքայող իրողություն է մարդու ներհոգեկանում: Այդ դեպքում հոգեկանը վերածվում է քաոսի, կյանքը կորցնում է իր կարգավորվածությունը, կորում է հավատն ամեն ինչի նկատմամբ, քանդվում են բարոյական արժեքները, երբեմն հակաբարոյական արժեքներն ու վարքն է գերակայում, կարող են ի հայտ գալ դաժանության, սադիստության, բռնության դրսևորումներ, ինչին մենք հաճախակի ականատես լինում ենք վերջին շրջանում, որի կապակցությամբ և՛ զարմանում ենք, և՛ զայրանում, և՛ տագնապում:
Տրավմատիկ սթրեսի ժամանակ որոշ մարդիկ պաշտպանական ռեգրեսիվ, այսինքն զարգացման հետփուլում են հայտնվում, որտեղ վարքը դառնում է մանկական և հուզական պրիմիտիվ, արագ ներշնչվում են, կորցնում են դատողության ունակությունը, կարծես իրականության մեջ չլինեն, հիվանդագին ուշադրություն են պահանջում իրենք իրենց նկատմամբ և շրջապատում տեղի ունեցողը իրենց համար կարծես ոչինչ է:
Այս է պատճառը, որ երբեմն լսում ենք նմանատիպ արտահայտություններ․ «Մարդիկ կարծես քնած լինեն, իրականությունը չեն գիտակցում, իրենք իրենց հաճույքներն են բավարարում»:
Մեր երկրում տիրող իրողության մեջ, քանի որ ոչ թե սթրեսորը, այլև սթրեսորները և՛ երկարատև են, և՛ արագ ու անսպասելիորեն փոփոխվող, և՛ ուժգին, հոգեկանը այլևս դիմադրել չի կարողանում և հյուծվում է, այս դեպքում պաշտպանական մեխանիզմները՝ գիտակից, թե անգիտակից, իրենց գործը կատարում են՝ մարդը փակում է արտաքին աշխարհից եկող բացասական ինֆորմացիան, չի ուզում տեսնել և լսել կատարվածը, քանի որ անկարող է դիմադրել, ինչը պաշտպանական ֆունկցիայի դեր է կատարում:
Մարդիկ փորձում են տարբերակներ գտնել պահպանելու կամ վերականգնելու հոգեկան հավասարակշռությունը՝ մասնակցել խնջույքների, գեղեցիկ վայրեր հաճախել, իրենց հաճույքների վրա կենտրոնանալ, որը երբեմն կարող է զայրույթի և քննադատության արժանանալ: Իհարկե, հոգեկանը կարիք ունի ապաքինման, վերակարգավորման և հոգեկան հավասարակշռության պահպանման: Անհրաժեշտ է մասսայական հոգեբանական օգնություն և հոգեկրթում, որպեսզի խուսափենք բոլոր տեսակի բացասական հետևանքներից և պաթոլոգիկ պաշտպանական մեխանիզմներից ու բարոյազրկումից, արժեքների փլուզումից, որպեսզի հասարակության անդամները կարողանան տիրապետել հոգեկան հավասարակշռության պահպանման ճիշտ ձևերին:
Ի՞նչ կարող է անել հասարակ մարդը իրեն և իր մտերիմներին սթրեսի բացասական հետևանքներից միաժամանակ և՛ պաշտպանելու, և՛ անտարբեր չդառնալու համար։
– Սթրեսի բացասական հետևանքները կանխելու համար նախ պետք է ձեռք բերել հոգեբանական իմունիտետ, բացասական ապրումների նկատմամբ տոլերանտության որակ: Սթրեսի հաղթահարման կարևորագույն գործոնը իրականության և եղելության ընդունման պրոցեսն է, որը կարող է ընթանալ տարբեր հուզական ապրումներով, սակայն ոչ գիտակցության երկարատև դիմադրությամբ, և այդ ապրումների արդյունքում որոշակի հաղթահարման և կառուցողական վարք ձևավորել: Պետք է ընդունել, որ պատերազմը կամ աղետները մեր կյանքի անբաժան մասն են դարձել, և հասկանալ՝ ինչ հաղթահարման ռեսուրսներ ունի մեզանից յուրաքանչյուրը և ինչը պետք է զարգացնել մեր մեջ, օրինակ՝ անհատական մարտավարական արվեստ սովորել, հարձակողական պլան մշակել, ֆիզիկական ուժը կոփել, ինֆորմացիաների տիրապետել:
Այո, պետք է ընդունել, որ մեր նախկին կենսակերպը այլևս նախկին է, և մենք նոր ժամանակաշրջանին բնորոշ հոգեբանական և ֆիզիկական ունակություններով պետք է զինվենք և պատրաստ լինենք փոփոխության և փոխվելուն: Շատ կարևոր է՝
- կենսական էներգիան վերականգնել, որի համար պետք է սահմանափակել սոցցանցերում զանազան և իրարամերժ ինֆորմացիայի հոսքը,
- օրվա մեջ ժամանակահատված սահմանել և գիտակցությունը կենտրոնացնել դրական իրողությունների, ապրումների և հաջողությունների վրա:
- Ապագայի անելիքները թարմացնել, պլանների ժամկետները ավելի կարճատև, բայց իրատեսական դարձնել:
- Չմոռանալ հանգստի, մաքուր օդի, բնության տեսարանների, առողջ սննդի, ֆիզիկական մարզումների, դրական մարդկանց հետ շփումների մասին:
Զրույցը՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ