Փարավոն Միրզոյանը մի շարք նոր գործեր է ստեղծել
«Հավանաբար մարտի սկզբին Հայաստանի ազգային պատկերասրահում կկայանա իմ հոբելյանական ցուցահանդեսը, որը պետք է լիներ դեռեւս 2020թ., սակայն պատերազմի եւ քովիդի պատճառով հետաձգվեց։ Այժմ Հայաստանի ազգային պատկերասրահի ղեկավարությունը ցանկություն ունի կազմակերպելու իմ ցուցահանդեսը եւ ներկայացնելու Ազգային պատկերասրահում իմ երկարամյա գործունեությունը»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը։
Ընդգծեց, որ կցուցադրվեն վերջին 10-12 տարվա աշխատանքները, պաստելից մինչեւ էտապային գործեր, քանդակներ, կներկայացվեն իր ալբոմները, կլինի նաեւ երաժշտություն։ Արվեստագետն ասաց, որ լավագույն գործերից մի քանիսն էլ կնվիրի պատկերասրահին։
Կարդացեք նաև
Արվեստագետը հավելեց, որ շուտով հոբելյանական ցուցահանդեսի կատալոգը կկազմվի, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը եղել է իր արվեստանոցում, միասին ջանասիրաբար քննարկել են գալիք ցուցահանդեսի հետ կապված մանրամասները։
«Մարինա Հակոբյանը լուսանկարներ արեց, ասաց, թե ինչպես է պատկերացնում ցուցահանդեսը, ու ինձ շատ դուր եկավ տնօրենի մտածելակերպը էքսպոզիցիայի մասին։ Վերջին երկու ցուցահանդեսները, որ կազմակերպվել էր Ազգային պատկերասրահում, բավականին բարձր մակարդակի էին։ Խոսքը վերաբերում է մասնավորապես «Մարտիրոս Սարյան. Գիրք եւ արվեստ» լայնածավալ ցուցահանդեսին, որի ընթացքում ներկայացվել են Սարյանի շուրջ ինը տասնյակ բարձրարժեք նկարազարդումները՝ գրքային գրաֆիկայի ասպարեզում»,-ասաց մեր զրուցակիցը:
Նշեց, որ մտադիր են դիմել ԿԳՄՍ նախարարությանը հոբելյանական ցուցահանդեսի կատալոգի տպագրության ֆինանսական աջակցության հարցով։ Փարավոն Միրզոյանն ասաց, որ այս դժվարին շրջանում մի շարք նոր աշխատանքներ է ստեղծել, եւ ստեղծագործելը փրկել է իրեն համատարած դեպրեսիայից, իսկ նոր կտավները հայրենասիրության, պատերազմի, Բերձորի միջանցքի եւ ամենակարեւորը՝ Վերածննդի թեմայով են։ Արվեստագետն ասում է, որ ինքն այս իրականության մեջ է ապրում, հետեւաբար մեզանում կատարվող ամեն բան իր անդրադարձն է գտնում իր արվեստում։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի
Գլխավոր լուսանկարում՝ Փարավոն Միրզոյանը իր «Վերածնունդ» կտավի հետ:
«Առավոտ» օրաթերթ
31.01.2023