Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի տարբեր օգտատերերի կողմից տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ իբր Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինվորականները ՀՀ-ից Արցախ տեղափոխելու նպատակով տարբեր քաղաքացիներից վճար են ստացել, ինչպես նաև հափշտակել իրենց փոխանցված ապրանքները:
Այսօր ԱՀ դատախազություն են հրավիրվել վերոգրյալ դեպքից տուժած անձինք, որոնց կողմից տրված պարզաբանումներից ակնհայտ է դարձել, որ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինվորականները դեպքի հետ որևէ առնչություն չունեն, այն տեղի է ունեցել ՀՀ տարածքում՝ որպես ռուս զինվորական ներկայացած անձի մասնակցությամբ, ում ինքնությունը պարզելու և հափշտակված ապրանքի քանակն ու արժեքը որոշելու ուղղությամբ ՀՀ-ում գտնվող իրավասու մարմինների կողմից արդեն համապատասխան միջոցներ են ձեռնարկվում:
Արցախի Հանրապետության դատախազությունը կապ է հաստատել ՀՀ-ում դեպքի հանգամանքները քննող պաշտոնատար անձանց հետ և պատրաստակամություն հայտնել՝ ձեռնարկել պատշաճ քննություն ապահովելու համար անհրաժեշտ համագործակցության բոլոր միջոցները:
Անընդունելի ենք համարում Արցախում ռուս խաղաղապահների հետ կապված ցանկացած չստուգված այնպիսի տեղեկության հանրայնացումը, որը կարող է չհիմնավորված կերպով ստվերել խաղաղապահների դերակատարությունն ու առաքելությունը, հանրության մոտ արհեստական բացասական վերաբերմունք ձևավորել նրանց նկատմամբ, ինչպես նաև օգտագործվել մեր հակառակորդների կողմից՝ ի վնաս Արցախի Հանրապետության շահերի:
Կարդացեք նաև
Արցախի Հանրապետության դատախազություն