Ինչպես տեղեկացրել էինք, արդեն երկար ժամանակ է ինչ Վանաձորում ջրամատակարարումը կազմակերպվում է նախապես կազմված գրաֆիկին ոչ համապատասխան: Քաղաքի որոշ թաղամասեր օրեր շարունակ զրկված են լինում խմելու ջրից:
Օրերս Բազում թաղամասի բնակիչները նաեւ բողոքի ակցիա էին կազմակերպել, «Վիոլա ջուր» ընկերությանը հորդորելով կա՛մ բարելավել ջրամատակարարումը, կա՛մ հրաժարվել աշխատել:
Վանաձորի Բազում եւ Խնձորուտ թաղամասերը, ինչպես նաեւ Շահումյան համայնքը ջուր ստանում է «Ծովասար» կոչվող ակունքից. «Պետք է այստեղ փորձենք այն աշխատանքները, որպեսզի ջրաքանակները հասցնենք այն մակարդակի, որ կարողանանք ջրամատակարարումն ապահովենք: Այժմ իրականացվում է ցիստերների միջոցով ջրաբաշխման աշխատանքները, մինչեւ փորձենք հասկանալ ինչպես է կարգավորվում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Վիոլա ջուր» ընկերության աշխատակից Արայիկ Եղիկյանը,- նշելով, որ աշխատակիցները փորձում են կոտրել սառույցի հաստ շերտը, որի պատճառով ջուրն իր ճամփան չի գտնում ու չի կարողանում հասնել սպառողին:
Կարդացեք նաև
Ջրաքանակի պակաս նախորդ տարիներին նույնպես գրանցվել են, բայց նման դեպք աշխատակիցները չեն հիշում. «Ֆորսմաժորային իրավիճակ է: Միայն այս հատվածում չէ, նման իրավիճակ ունենք Լոռնապատի ու Մայմեխի հատվածում նույնպես: Բոլոր հյուսիսային թեւի ջրաղբյուրները սառելու հետեւանքով քանակները կրկնակիից ավել պակասել են»,- ասում է «Վիոլա ջուր» ընկերության Լոռի շահագործման տեղամասի պետ Ալեքսանդր Բաղդասարյանը:
Աշխատանքները հնարավորինս արագ կազմակերպելու համար աշխատակիցներին են միացել գործընկերներ այլ քաղաքներից եւս: Մինչդեռ ջրամատակարարման լիարժեք վերականգնում չեն խոստանում, քանի որ եղանակները նույնպես անբարենպաստ են:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ