«Դինամո» մարզական հասարակական կազմակերպության դահլիճում այսօր մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում է 95 տղամարդ եւ 14 կին։
Առաջնության բացման արարողությունն առանձնացավ սկանդալով։ Աշխարհի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը մտել էր ռինգ ու դուրս չէր գալիս՝ այդպես իր անհամաձայնությունը արտահայտելով ֆեդերացիայի որոշ գործողություններին։ «Ես որոշել եմ բողոքի ակցիա անել, որովհետեւ ամբողջ աշխարհի բռնցքամարտը ինձ ճանաչում է որպես հայազգի բռնցքամարտիկ։ Այսօր իմ զավակն է բռնցքամարտով զբաղվում, ու իրենց կարծիքով իրենք պետք է թույլատրեն։ Իսկ իրենց կարծիքը շատ քիչ է իմ համար»,-հայտարարեց Հակոբկոխյանը, սակայն չհիմնավորեց, թե ինչ պատճառաբանությամբ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան թույլ չի տվել իր որդուն՝ Հարություն Հակոբկոխյանին, մասնակցել այս առաջնությանը։
«Ինձ ասում են՝ դիմում գրի, որ քո տղան բացի մեր թույլատրությունից իրավունք չունի հայկական դրոշի տակ մրցումների մասնակցել։ Եթե իմ տղան միջազգային կանոնակարգ խախտած լիներ, նրան միջազգային ֆեդերացիան զրկած կլիներ։ Ես իմ բողոքի ակցիան որոշել եմ անցկացնել ռինգում։ Եթե ինձ հարգեին, կթողնեին, որ իմ տղան մասնակցեր։ Ամբողջ կյանքս հայ ազգը ներկայացրել եմ ռինգում, իմ կենսագրությունը կերտել եմ ռինգում ու ռինգում էլ պետք է իմ բողոքի ակցիան անեմ։
Կարդացեք նաև
Իմ տղան անցած տարի Հայաստանի առաջնությունում հաղթեց, բայց եզրափակչում չթողեցին հաղթել ու երկրորդ տեղն ընկավ։ Ոչ հավաքների են կանչում, ոչ մրցումների են տանում։ Ես իմ ուժերով իմ երեխային մրցումների եմ ուղարկում, որ մոտը աճ տեղի ունենա»,-ասաց նա՝ տեղի ունեցողի մեջ տեսնելով նաեւ քաղաքական դրդապատճառ։
ԶԼՄ-ների առջեւ Իսրայել Հակոբկոխյանին հակադարձեց ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանը։ «Ես չէի ուզի, որ պարոն Հակոբկոխյանն իրեն այսպես դրսեւորեր։ Ամոթ է, որ նախկինում մեր պատվարժան բռնցքամարտիկը իրեն այսպես է պահում։ Ինքը շատ լավ գիտի իր կատարած սխալները։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Եվրոպայի ֆեդերացիայի եւ միջազգային ֆեդերացիայի անդամ է, եւ ՀԲՖ-ն պարտավոր է կատարել նրանց կանոնադրությունը։ Իրենք խախտում են միջազգային ֆեդերացիայի կանոնադրությունը։ Ուրիշ ֆեդերացիայի, ուրիշ կառույցի անունից մեկնում են մրցավայրեր՝ Մեքսիկա, Լատվիա, Լեհաստան, Ֆինլանդիա ու էլի տեղեր եւ ուզում օրինական մասնակցել IBA-ի ու EUBC-ի մրցումներին։
Այնտեղից մեզ նամակներ են եկել, որոնք չեմ ցանկացել հրապարակել, որպեսզի այսօրվա ակցիայի կազմակերպիչներին ամոթ չլինի։ Թեեւ կարող եմ հրապարակել։ Արդեն մի քանի նամակ ստացել ենք, որտեղ մեզնից՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից, նախարարությունից բացատրություն են ուզում, թե այս ովքեր են գալիս Հայաստանի Հանրապետության անունից։ Դրանից հետո մենք բոլոր մարզադպրոցներին նամակ ենք ուղարկել՝ խնդրելով, որ եթե ուզում են մեկնել որեւէ մրցավայր, տեղեկացնեն ֆեդերացիային, որպեսզի մենք հայտ ներկայացնենք, միջոցներ ձեռնարկենք, եթե դեմ չենք։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ թիմ է, ովքեր են, եթե Հայաստանի Հանրապետությունն են ներկայացնելու, որպեսզի ուրիշ խնդիրներ չառաջանան։
2022 թվականին Լեհաստանից գլխավոր մրցավարը զանգել է ինձ եւ հարցրել, թե մենք թիմ ուղարկե՞լ ենք։ Պատասխանել եմ բացասական։ Չեն թողել այդ թիմին մասնակցել։ Թիմը հետ է վերադարձել ու նամակ եմ ստանում անուն ազգանուններով, թե ում հանդեպ պետք է տույժ կիրառվի։ EUBC-ից ստացված այդ ցուցակում Հակոբկոխյանի որդու անունն էլ կա։ Որոշում ենք կայացրել, որպեսզի մարզիչը եւ մարզիկները գան ֆեդերացիա, նամակ գրեն, որ դա այլեւս չի կրկնվի եւ ես կմիջնորդեմ, կխնդրեմ Եվրոպայի ֆեդերացիային, որպեսզի ոչ թե որակազրկեն, այլ նկատողություն հայտարարեն։ Բայց պարոն Հակոբկոխյանը հայտարարել է, թե ինքը չի ստորագրի։ Երեկ տեղեկացել եմ, որ նա դիմել է միջազգային ֆեդերացիա։ IBA-ն թող իր որոշումը կայացնի։ Բայց ՀԲՖ-ն եւ ես, որ մեծ հեղինակություն ունենք, շատ բծախնդիր ենք եւ չենք պատրաստվում մեր հեղինակությունը ինչ-որ մեկի համար կորցնել՝ ով ուզում է դա լինի։
Հակոբկոխյանի տղայից բացի այլ տղաներ էլ են եղել։ Նրանք նամակը ֆեդերացիային գրել ու ստորագրել են, ես էլ դիմել եմ եվրոպական ֆեդերացիա եւ այնտեղից ստացել համաձայնություն։ Ու այդ տղաներն այսօր մասնակցում են Հայաստանի առաջնությանը
Ես անձամբ Հակոբկոխյանին հարգում եմ, բայց այս պահվածքը հարգելի չէ եւ պատիվ չի բերում իրեն»,-ասաց ՀԲՖ նախագահը։ Նա նաեւ նշեց, որ Հակոբկոխյանի խոսքերը քաղաքականացվածության մասին անհիմն են, որ ինքը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել ու չի զբաղվելու եւ առաջնորդվելու է բացառապես բռնցքամարտի շահերով։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ