Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույն ձեռագիրն ենք տեսնում մեր որդու և 15 զինվորների մահվան»․ հրդեհից մահացած Պալյան Պողոսյանի ծնողներ

Հունվար 31,2023 22:12

Սիսիանի դիրքերում՝ 3700 մետր բարձրության վրա, որպես զորամաս տեղակայված վագոն-տնակում վեց ամիս առաջ հրդեհից զոհված 19-ամյա ժամկետային զինծառայող, Ազատան գյուղի բնակիչ Պալյան Պողոսյանի հայրը՝ Ջիվան Պողոսյանը, երեք օր ժամանակ էր տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր հետ հանդիպելու ու իր «ինչուների» պատասխանը լսելու համար, սակայն այդպես էլ ոչ մի արձագանք չի ստացել։

Հիշեցնենք, ողբերգական դեպքը տեղի էր ունեցել 2022 թվականի հուլիսի 17-ի գիշերը քնած ժամանակ։ Զինծառայողը վառարանից բռնկված հրդեհից այրվածքներ էր ստացել, ինչի հետևանքով հուլիսի 26-ին մահացել էր։

Պալյան Պողոսյանն առաջին անգամ էր բարձրացել դիրքեր, նա վարորդ է եղել։ Ծնողների ասելով, երկու օր էր՝ ինչ բարձրացել էր դիրքեր ու այս դեպքը տեղի էր ունեցել։

Նա զինվորական կյանքի մասին կես բառ անգամ չի պատմել ծնողներին, նույնիսկ չի ասել, որ դիրքեր են բարձրանում։

Ծնողները դժգոհում են, որ այս վեց ամիսների ընթացքում իրենց հուզող և ոչ մի հարցի պատասխան չեն ստացել, քրեական գործը տեղից չի շարժվում, ոչ մի մեղադրյալ չկա, նույնիսկ դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չեն ստացել։ Նրանք ցույց են տալիս որդու մահվան վկայականը, որտեղ նույնիսկ չի հիշատակվում, թե ինչից է մահացել երիտասարդ զինծառայողը (տես փաստաթղթում)։

Ծնողները նեղվում են, թե երկրի վերնախավն այնպիսի դիրք է բռնել, կարծես այդպես էլ պիտի լիներ, զինվոր են ուղարկել բանակ, պարտադիր պիտի զոհվեր։ Քար անտարբերությունը հունից հանում է նրանց։ Նրանք նույնիսկ հստակ չգիտեն, թե ինչ է իրականում կատարվել վագոն-տնակում, ինչի՞ց է բռնկվել հրդեհը՝ բենզին են վառե՞լ, թե՞ քարածուխ, միտումնավո՞ր է այս ամենը, թե՞ դժբախտ պատահար։ Դեպքի մասին միայն վարկածներ են լսել։

«Գիտեք ինչն է ցավալի, քո վիշտն է, քեզ թողնում են քո ցավի հետ մենակ։ Տառապի, էդպես էլ պիտի լիներ։ Հեռուստատեսությամբ լսեցի՝ ծնողներից մեկն ասում էր՝ ուղարկում ենք մեր որդիներին, չգիտենք ուր են ուղարկում։ Այդ ծնողի նման ես էլ չեմ իմացել՝ ուր եմ ուղարկում, հակառակ դեպքում տունս կծախեի, վրանի մեջ կապրեի, բայց պետությանը զինվոր չէի տա։ Եթե Պալյանս մի օր զինկոմ չներկայանար, հաջորդ օրը տանս դռները կջարդեին, բայց վեց ամիս ոչ մեկը չի եկել ասի, Պալյանի ծնողներ մեռե՞լ եք, թե՞ սաղ եք, շնչո՞ւմ եք դեռ»,- վրդովվում է հրդեհից զոհված զինծառայողի մայրը՝ Գալինա Այվազյանը։

Ըստ նրա, վերջին ողբերգական դեպքը, որից 15 զինծառայողներ զոհվեցին, վերջինը չի լինի, եթե շարունակեն մարդկային կյանքի նկատմամբ այսպիսի անտարբերություն ցուցաբերել։

«Մարել եք իմ տան ծուխը, էդ ծնողը երեխա է պահում, մեծացնում, որ տանեք կրակի բաժին դարձնե՞ք»,-հարցնում է մայրը։

Հայրը՝ Ջիվան Պողոսյանն էլ ասում է, որ վեց ամիս շարունակ բարձրաձայնել է, որ զորամասերը կահավորեն, որպեսզի նման ողբերգությունները չկրկնվեն, սակայն լսող չի եղել։

«Ես վեց ամիս ասել եմ՝ պոստերը կահավորեք։ Ես նմանություն տեսնում եմ 15 զինվորի ու իմ որդու մահվան միջև։ Ժամերը համընկնում են, դռան փակվելն է զուգադիպում, հետո ինչո՞ւ է հրդեհը բռնկվում հենց տղաների քնած ժամանակ, կամ ո՞ւր է արթուն հերթափոխը, ի՞նչ են անում, եթե հրդեհը չեն կարող մարել։ Եթե անգամ չեն կարող մարել, գոնե քնած երեխեքին ձեն տան, թե ելեք, հրդեհ է, թողնում են շնչահեղձ լինեն, նոր արթնացնե՞ն։

Մեզ համար մտածելու տեղիք է տալիս՝ ինչո՞ւ են էդ երեխեքի հանգստի ժամին լինում նման դեպքերը, ինչո՞ւ դուռը փակվեց, որ չեն կարողացել դուրս գալ։ Նույն ձեռագիրն եմ տեսնում, վեց ամիս իմ պահանջը դա է եղել, Նիկոլ Փաշինյան, պարոն նախարար, էս պոստերը կահավորեք, կրկնությունը չլինի։ Մեր պայքար դա է եղել, իրենց անփութության դեմ է եղել, եթե էսպես շարունակվեց, նորից նման դեպքեր կլինեն, չեմ ցանկանա, թող ոչ մի ծնող այս վիշտը չտեսնի»։

Հայրը մղկտում է, որ նույնիսկ հիվանդանոցում դեղերը ժամանակին չեն տրամադրել որդուն, պատշաճ բժշկական օգնություն չեն ցուցաբերել, դեղատներից դեղատուն են ընկել, որ դեղերը ճարեն, երբեմն դրանք չեն եղել, ժամերով սպասել են։

«10 օր հիվանդանոցի դռան դիմաց ենք անցկացրել, դժոխքի ճանապարհն ենք անցել։ Պարզ է, որ զորանոցները կահավորված չեն, հող ու ջրով են կրակը մարել։ Ասում են, թե Պալյանենցս պոստում էլ են բենզին օգտագործել, բայց ես կասկածների մեջ եմ ընկնում, թե դա էլ է սուտ։ Պալյանս էդ ժամին քնած է եղել, ինքը չգիտի՝ ինչից է բռնկվել հրդեհը։ Իրենք ութ հոգի են եղել, երեք հոգին այրված են եղել, մնացածը դիրքերում են եղել, առ այսօր մենք չենք կարող իրենց հետ կապ հաստատել, որ գոնե իմանանք՝ ինչից է եղել այս ամենը, ոչ մի տեղեկություն։

Երբ հիվանդանոցում էինք, բոլորի հետ կապ ունեի, քննությունը շարունակվեց, երեխան մահացավ, դրանից հետո կապն ընդհատվեց, ոչ մի պատասխան»,-ասում է հայրը։

Մայրը՝ Գալյա Այվազյանն էլ պատմեց, որ դեպքից հետո հիվանդանոցում 3 օր Պալյանի մոտ մտել է, կերակրել է որդուն, զրուցել, 4-րդ օրը նրա վիճակը վատացել է, տեսել է, որ նույնիսկ վիրակապերը չեն փոխում։

«4 տղաներով քնած են եղել, ժամը 1-ին պոստը հանձնել են, եկել են հանգստանալու, որ 3-ին նորից պոստ բարձրանան, դեպքը ժամը 2-ին է եղել։ էնտեղ հակահրդեհային ոչ մի կանոն չի պահպանվել, ես փաստում եմ, որ չի եղել, Այրվածքաբանական կենտրոնում, հենց ընդունարանում մի անգամ լվացին վերքերը, երկրորդ անգամ երկրորդ հարկում լվացին, վերքերի վրա հող էր »,-ասում է մայրը։

Նա պատմում է, որ որդու մարմնի 60 տոկոսն այրված է եղել, 20 տոկոս էլ՝ շնչուղիները։ Պալյանը ողջ գիշեր սառնամանիքին այրված մարմնով դուրսն է նստել մինչև լուսանա։ Առավոտյան ժամը 6-7-ի սահմաններում նոր բժշկական օգնություն են ցուցաբերել։ Զորամասում ոչ մի ցավազրկող չի եղել, կապ էլ չի եղել, որ օգնության կանչեին։ Լուսաբացին նոր միայն խորը այրվածքներ ստացած զինվորին «Վիլիսով» հասցրել են Սիսիանի հոսպիտալ,ցավազրկելուց հետո տեղափոխվել մայրաքաղաք՝ Այրվածքաբանական կենտրոն, որտեղ որդին 10 օր անց մահացել է։

Ծնողներն ասում են, որ եթե որդուն ուղղաթիռով ճիշտ ժամանակին հասցնեին Երևան, նա կփրկվեր։ Ըստ նրանց, այս դեպքում գուցե հինգ րոպեն էլ մեծ դեր ունենար նրա կյանքի փրկության հարցում։ Զինկոմից, ավելին ՊՆ նախարարությունից ոչ մեկն իրենց չի տեղեկացրել, թե որդին այրվել է, երկու օր անց իրենց այս մասին հայտնել են զինակից ընկերները։

«Մեղավորները իրենց կաշվի վրա պիտի զգան այս ցավը, պիտի պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Եթե ինչ-որ մեկին պատասխանատվության չենթարկեցին, ուրեմն այս ամենը շարունակական բնույթ կկրի, վստահ եմ ասում։ Պաշտոնների տեղափոխություն են անում, իբրև թե պաշտոնազրկում են, պատժում են, առաջին պատասխանատվություն պիտի կրի պաշտպանության նախարարը։ Ինքը պիտի լինի մեղադրյալը, էսքան զինվորի մահվան մեղքի տակից ո՞նց են դուրս գալու։

Պալյանս հերթական զինվորներից մեկն էր իրենց համար, իրենք թաքցրեցին նրա հետ կատարվածը ու ունեցան այս 15-ի զինվորի մահը։ Մեր ցավը կզգան միայն 15 զինվորների ծնողները։ Եթե որդիս գերի ընկներ, երևի դրա հետ էլ հարմարվեի, գոնե տարին մեկ ձայնը կլսեի, բայց որ մտնես հիվանդասենյակ ու չտարբերես՝ որն է քո երեխան, դրանից դաժան բան աշխարհում չկա։

Սուրեն Պապիկյանը մահացած մարդկանցից էդպես վախենո՞ւմ է, բա մայրերն ի՞նչ անեն։ Էդ որ մի մայրն է երեխա պահել, մեծացրել, որ մտնի, այրված տեսնի։ Մեր զայրույթն անսահման է, էլ արդեն սահման չունի։ Մեր պահանջն այն է, որ մեր մի քանի ինչուներին պատասխան տան»,-ասում է մայրը։

Նա նշում է, որ որդուն այն համոզմունքով է ուղարկել բանակ, որ ծառայի, երկրին պիտանի մարդ դառնա։ Մտածել են, թե 44 օրյա պատերազմում մեծ թվով զոհեր են եղել, մյուս զինվորների հանդեպ հոգատար կլինեն։

«Բայց սա ցեղասպանություն է, Հայաստանում Ադամի ցեղը ոչնչացնում են, անտարբեր է և՛ կառավարությունը, և՛ հանրությունը, քեզ տեսնում են, քեզանից փախչում են, կարծես քո վիշտը պիտի փաթաթես իրենց վզին։ Էդպես չէ հարգելիներս, ես էսօր բարձրաձայնում եմ հենց ձեր երեխաների համար, իմ միակ որդուն իմ ձեռքից տարել են արդեն, էսօր իմ կոչը, իմ ձայնը հենց դրա համար է», -ասում է Գալինա Այվազյանը։

Ծնողների միակ մխիթարանքը հուշերի անկյունն է, որտեղ կյանքով լի երիտասարդի իրերն ու լուսանկարներն են, իր գեղեցիկ ձեռագրով մայրիկին ձոնված բանաստեղծությունը։

Պալյան Պողոսյանը տարբեր սրտաձևերով է զբաղվել՝ բռնցքամարտ, ըմբշամարտ, տարբեր երաժշտական գործիքներ նվագել, նա ծառայության ժամանակ իր գեղեցիկ երաժշտական կատարումներից մշտապես տեսանյութեր է ուղարկել տնեցիներին։

Հայաստանի Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի կառավարում բաժնում սովորող երիտասարդը կուրսում լիդեր է եղել։ Ծնողները պատմում են, որ 44 օրյա պատերազմի ժամանակ իրենցից գաղտնի արյուն է հանձնել, նա անվերապահորեն հավատացել է Աստծուն։ Ֆիզիկապես այնքան ուժեղ է եղել, որ մայրը չի էլ պատկերացրել, որ որդին չպիտի կարողանա պայքարել։

Մայրն ասում է, որ որդին երբեք խորը չէր քնում, այդ ինչպես եղավ, որ խորը քուն մտավ ՝չզգալով հրդեհը, նրանց համար որդու մահն առեղծվածային է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031