Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն իր ինքնիշխան տարածքից դուրս ականներ չի տեղակայել․ այն ականները, որոնցից դժգոհում է Ադրբեջանը, դրանք հավաքել է ՀՀ ինքնիշխան տարածից»․ Եղիշե Կիրակոսյան

Հունվար 31,2023 20:22

«Միջանկյալ միջոցի կիրառման մասին՝ Ադրբեջանի այս միջնորդությունը որևէ իմաստային տարբերություն չունի այն միջնորդությունից, որն այս դատարանը մոտ մեկ տարի առաջ մերժեց։ ՄԻԵԴ-ը, որից Ադրբեջանը պահանջել էր վերանայել իր՝ ավելի վաղ կայացրած որոշումը, մերժել է իբրև Հայաստանի կողմից ականներ տեղադրելու մասին միջանկյալ միջոցի վերաբերյալ միջնորդությունը»,- ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով բանավոր լսումների  ժամանակ ադրբեջանական պնդումներին հակադարձեց ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանն այսպիսով հերթական ակնհայտ փորձն է անում ուշադրություն շեղելու իր չարաշահումներից։ Եղիշե Կիրակոսյանը փաստեց, որ Ադրբեջանը մշտապես հայելային արտացոլման մարտավարություն է իրականացնում․ ՀՀ-ն ներկայացնում է միջնորդություն, որին հաջորդում է Ադրբեջանինը։ Այնուհետև փաստեց․ «Ադրբեջանը ներկայացրել է միջանկյալ միջոցի մասին միջնորդություն ՀՀ միջնորդության ներկայացումից ընդամենը վեց օր անց, մինչդեռ իր ենթադրյալ ապացույցների մեծ մասն ամիսներ շարունակ իր տնօրինության տակ էին։ Այսօր, երբ ՀՀ-ն ներկայացրել է միջնորդություն, որպեսզի կիրառվեն միջանկյալ միջոցներ մարդասիրական ճգնաժամի կապակցությամբ, որի պատճառը շարունակվող փորձերն են խեղդելու հայազգի բնակչությանը, Ադրբեջանը փորձում է համարժեքության կեղծ տպավորություն առաջացնել»։

Եղիշե Կիրակոսյանը վստահեցրեց՝ ՀՀ-ն իր ինքնիշխան տարածքում ականներ տեղադրել է զուտ պաշտպանական նպատակներով՝ դա արել է հաշվի առնելով Ադրբեջանի կողմից կրկնվող ագրեսիայի գործողությունները՝ այդ թվում վերջին անգամ 2022-ի սեպտեմբերին կատարված գործողությունը։

Եղիշե Կիրակոսյանը դատարանի դահլիճում հայտարարեց՝ Ադրբեջանը շարունակում է ուժի կիրառմամբ օրեցօր նոր հողեր պահանջել ՀՀ-ից․ «Ադրբեջանը շարունակում է հայազգի ռազմագերիներին և քաղաքացիական անձանց պահել իրենց երկրում, ոտնձգություններ կատարել հայերով բնակեցված հողերի նկատմամբ և այդ հողերում էթնիկ զտում իրականացնել։ Նա փորձում է իր կողմից էթնիկ զտման փորձերն արդարացնել՝ մեղադրելով խաղաղապահ ուժերին իրենց աշխատանքը կատարելու համար»։

Եղիշե Կիրրակոսյանը ևս մեկ անգամ կրկնեց․ «ՀՀ-ն իր ինքնիշխան տարածքից դուրս ականներ չի տեղակայել՝ հատկապես քաղաքացիական տարածքներում և չի փորձում ռասսայական հիմքով թիրախավորել Ադրբեջանի քաղաքացիներին։ Այն ականները, որոնց վերաբերյալ Ադրբեջանը բողոքում է, հավաքել է ՀՀ ինքնիշխան տարածից, որոնք Ադրբեջանի ԶՈՒ-ն զբաղեցրել է 2022-ին։ Նա ձգտում է իր ագրեսիայի գործողություններից հետո հավաքած ականների հիման վրա կեղծ ապացուցողական բազա ձևավորել իր միջնորդությունը հիմնավորելու համար։ Այս միջնորդությունը ոչ միայն լի է ցինիզմով, այլև զուրկ է հիմքերից։ Դատարանը հուսամ թույլ չի տա դատարանի վարույթը չարաշահել՝ փորձ անելով իր իսկ կատարած անօրինական գործողությունների հետևանքներից օգտվել»։

Արձագանքելով ադրբեջանական իրավախորհրդատուների այն հայտարարություններին, թե ՀՀ-ն չի ցանկանում բանակցել, դրա ապացույցն է այն, որ չմասնակցեց 2022-ի դեկտեմբերի 23-ի հանդիպմանը, Եղիշե Կիրակոսյանն ասաց․ «ՀՀ ԱԳ նախարարը հրապարակային հայտարարել է, որ ՀՀ-ն ծանուցել է այն մասին, որ չի կարողանալու հանդիպմանը մասնակցել և խնդրել է հետաձգել հանդիպումը։ Ավելին, ականների խնդիրը ներառված չէր անգամ այդ հանդիպման օրակարգում։ Ուրեմն որևէ առնչություն չունի այս վարույթի հետ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031