«Եռաբլուրի գործով» առաջին առերեսումների ժամանակ ոստիկաններից մի քանիսը ասել էին, որ զոհված զինծառայողների ծնողներին բերման ենթարկելու հրաման տվել է Երեւանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանը։ Ավելի ուշ՝ Խուդինյանի եւ ծնողների առերեսման ժամանակ Խուդինյանը հայտարարել էր, որ ինքը նման հրաման չի տվել. այս մասին այսօր ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը։
Հիշեցնենք՝ 2022թ. սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման էին ենթարկել զոհվածների ծնողներին։ Վերջիններս փակել էին Եռաբլուրի մուտքը՝ արգելելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության անդամների մուտքը պանթեոն։ Ծնողներին բերման ենթարկելու փաստի առիթով քրեական գործ էր հարուցվել, այժմ նախաքննություն է ընթանում, առերեսումներ են տեղի ունենում։ Այսօր զոհվածների ծնողները առերեսվել են կարմիր բերետավորների հրամանատարի հետ։
Արա Ռոստոմյանի փոխանցմամբ՝ փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանը հայտարարել է, որ ոստիկաններին ընդհանուր հրաման չի եղել, նրանք գործել են իրավիճակից ելնելով։ Զոհվածի ծնողը նկատում է, որ մի շարք հակասություններ կային ոստիկանների ցուցմունքներում. «Մի մասն ասում էր վայբերով են հրամանը ստացել, մի մասն ասում էր՝ Խուդինյանն է հրամանը տվել, մի մասն էլ ասում էին, թե քաղաքացիական համազգեստով մեկն է հրամանը տվել, ում իրենք չեն ճանաչել։ ՔԿ-ից մեզ ասացին, որ պարտադիր է կարմիր բերետավորների հրամանատարի հետ առերեսումը։ Իսկ գուցե հենց ի՞նքն է տվել բերման ենթարկելու հրամանը, եթե նույնիսկ ինքը տված լինի, իրեն էլ պետք է մեկը տված լինի ու այսպես կհասնի ամենավերեւ, որտեղից իջել է հրամանը։ Մենք քննիչին առաջարկեցինք, որ առերեսում անեն ոստիկանների միջեւ, գտնեն հակասությունները, որից հետո առերեսում լինի մեզ հետ։ Հիմա արհեստական է մեզ հետ առերեսումը, կարծես արհեստականորեն ձգձգում են, քանի որ բոլոր ոստիկանների հետ առերեսումը ամիսներ կտեւի»։
Ըստ Արա Ռոստոմյանի՝ ոստիկանները խոստովանել են, որ անօրինական գործողություն է տեղի ունեցել եւ Խուդինյանը ներողություն է խնդրել ծնողներից. «Եթե անօրինականություն է տեղի ունեցել, թող գոնե մեկ ոստիկանի մեղադրանք առաջադրեն առանց հրամանի գործողություն կատարելու համար, եւ մենք կտեսնենք, որ գործը առաջ է գնում, որից հետո կմտածենք՝ առերեսումները շարունակե՞նք, թե՞ ոչ»։
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ եթե ծնողներին ոստիկանները ճանապարհը բացելու եւ Եռաբլուրից հեռանալու օրինական պահանջ ներկայացնեին, իրենք կենթարկվեի՞ն։ Արա Ռոստոմյանը պատասխանեց, որ իրավիճակից էր կախված. «Ամեն մի դեպքում մենք ծնողներով իրար հետ խորհրդակցում ենք։ Մենք պետության հետ որեւէ խնդիր չունենք։ Բայց երբ երկրի ղեկավարը նպատակ է դնում, որ ինքնանպատակ ճեղքելով պետք է գնա Եռաբլուր… Շատ հնարավոր է, որ եթե բարձրաստիճան ոստիկանները մոտենային մեզ, բանակցությունների միջոցով կոմպրոմիսի գայինք։ Եթե ասեին, որ չեն մոտենալու երեխաների շիրիմներին, մենք կքննարկեինք եւ կորոշեինք ինչ անել»։
44-օրյա պատերազմում զոհված Արամ Տոնոյանի հայրն էլ լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ իրենց գործողությունները եւ պահանջը Եռաբլուրում ճիշտ էին։ Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ զոհվածներից շատերի ծնողներն էլ դատապարտում են իրենց այդ օրվա գործողությունները, ասելով, որ Եռաբլուրը միայն ձերը չէ, զոհվածի հայրը արձագանքեց. «Այդ դեպքում ես մի պաստառ եմ կպցնելու իմ որդու շիրիմի մոտ, որ թուրքերի եւ նիկոլականների մուտքը շիրիմի մոտ արգելվում է։ Իրենց դուր կգա՞, որ մի մասն այդպես անի։ Ինքն իրավունք չունի մոտենա այդ զինվորների շիրիմին, չոքի, սուտ արցունքներ թափի, սուտ ներողություն խնդրի։ Մենակ ներողությունով չի, մեր ազգի խայտառակությունն է, որ 650 հազար մարդ Նիկոլ է պաշտում»։
Զոհվածի հայրը այս պայքարի վերջը տեսնում է այսպես. «Գլխավոր մեղավորը իր պատիժը կրի։ Մի հատ շենքի կամ տան պատ է փուլ գալիս, մինչեւ չքննեն, մարդիկ չպատժվեն, այդ գործը չեն փակում. 5000 երեխա կոտորվեց, այդքան հաշմանդամ ունեցանք, հայրենիքից զրկվեցինք, երկիրը շուռ եկավ՝ մարդիկ գեներալի ու հերոսի կոչումներ են ստանում։ Այսպես մինչեւ ո՞ւր ենք գնալու։ Ներողություն խնդրելը շատ քիչ է, չնայած մինչեւ հիմա ես չեմ էլ լսել, որ նա անկեղծ ներողություն խնդրի։ Ես միայն գիտեմ, որ 15 երեխա կենդանի վառվեց, ինքը քեֆ էր անում, իր աղջիկն ու կինը խանդավառության մեջ էին։ Երկրում կես օրվա սուգ էլ չհայտարարվեց։ Մեր երկիրը դեռ էսպես արժեզրկված ու բարոյազրկված չի եղել։ Կաշառակերներ են եղել, ամեն ինչ են եղել, բայց այսպես չի եղել։ Սա նրանից է, որ հենց առաջին օրից իրենք հարձակվեցին հայոց պատմության եւ եկեղեցու վրա ու ամեն ինչ արժեզրկեցին»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ