«Մենք Նիկոլ Փաշինյանի դեմ բողոք էինք ներկայացրել որպես ազգի դավաճան։ Մինչեւ հիմա այդ բողոքին պատասխան չկա. ինքը ոչ ընդունում է, ոչ հրաժարվում է դրանից։ Այսինքն ինքը համաձայն է, որ ազգի դավաճան է։ Իսկ ազգի դավաճանն իրավունք չունի սեպտեմբերի 21-ին ներկա լինել Եռաբլուրում»,- այսօր ՔԿ-ի մոտ, առերեսումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Սերոբ Մելքոնյանի հայրը։ Որդեկորույս հոր բնութագրմամբ՝ սեպտեմբերի 21-ը մի տոն է, որը վերաբերվում է հայրենիքին ու ազգին եւ հայրենիքի ու ազգի պաշտպաններին, ուստի «Նիկոլ Փաշինյանն ու իր դավաճան կառավարությունն արժանի չեն այդ տոնին»։
«Ինքը շատ ծնողների համոզում է, կաշառում է, վախեցնում է, բայց մենք չենք վախենում ու այն, որ մենք հիմա այստեղ ենք, այդ նույն դավաճանության շարունակությունն է»,- ասաց զոհվածի հայրը, հավելելով, որ արյունով վերցրած հողը Նիկոլ Փաշինյանը մեկ ստորագրությամբ հանձնեց, այդ նույն ստորագրությամբ հանձնելով նաեւ իրենց զավակներին։ Զոհվածի հայրն, ի դեպ, ասաց, որ մինչեւ պատերազմը իրենք Շուշիում են ապրել եւ ինքը «դավաճանական շատ բաներ է տեսել»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ