Լրահոս
Օրվա լրահոսը

«Եռաբլուրի գործով» զոհվածների ծնողները այլեւս առերեսումների չեն մասնակցի. փաստաբան Վահան Հովհաննիսյան

Հունվար 31,2023 18:35

2022 թվականի սեպտեմբերի 21-ին Եռաբլուր պանթեոնում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկված զոհված զինծառայողների ծնողները այսօր մասնակցել են վերջին առերեսմանը։ Զոհվածների ծնողներն այսօր առերեսվել են կարմիր բերետավորների ջոկատի հրամանատարի հետ։ Առերեսումները դեռեւս կշարունակվեն, դրանք ակտիվ փուլում են, սակայն զոհվածների ծնողների մասնակցությամբ։ Այսօր վերջին առերեսումն էր. այս մասին ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Ըստ պաշտպանի՝ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, առերեսումը կատարվում է դատավարության մասնակից անձանց միջեւ այն դեպքում, երբ տվյալ դեպի կամ իրադարձության վերաբերյալ առկա են ակնհայտ հակասություններ. «Երկու-երեք առերեսումից հետո մենք տեսանք, որ այդպիսի հակասություններ ծնողների եւ ոստիկանների ցուցմունքներում չկան։ Ծնողները նշում են, որ իրենց օրինական պահանջ չի ներկայացվել, իրենք բերման են ենթարկվել անօրինական կերպով՝ բռնի ուժ կիրառելով, իսկ ոստիկաններն էլ չեն հերքում, որ օրինական պահանջ չեն ներկայացրել։ Հետեւաբար, այս առերեսումներն ինքնանպատակ են։ Առերեսումներ պետք է կատարվեն ոստիկանների միջեւ՝ տարբեր ծառայությունների աշխատակիցների եւ հրամանատարական կազմի միջեւ, քանի որ նրանց ցուցմունքներում են առկա էական հակասություններ»։

Ըստ փաստաբանի՝ եթե նախաքննական մարմինը որոշի ծնողների նկատմամբ դատավարական միջոցներ կիրառել, օրինակ՝ բերման ենթարկեն, ապա դա կլինի անօրինական։

Երեւանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանը անդրադառնալով ոստիկանների կողմից օրինական պահանջ չներկայացնելու փաստին, ասել էր, որ Եռաբլուրում բարձրախոսով չի կարելի հայտարարություններ անել, դրա համար էլ ոստիկաններն առանձին-առանձին մոտեցել են ծնողներին եւ հորդորել են՝ լքել տարածքը։ Այս առիթով լրագրողների դիտարկմանն ի պատասխան՝ փաստաբանն ասաց. «Ես պարոն Խուդինյանին շատ հարգելով չէի սպասում, որ այդպիսի պատճառաբանություն կներկայացնի։ Ստացվում է, որ հրամանատարական կազմը տեղում գտնվելով, որեւէ հրաման չի տվել ու յուրաքանչյուր շարքային ոստիկան՝ անհատական մակարդակով, ինքն է որոշել ում բերման ենթարկի, ում՝ ոչ։ Պարզապես շատ տարօրինակ է, որ բոլոր ոստիկանների մոտ բերման ենթարկելու որոշումը ժամային առումով համընկել է։ Սրան ես չգիտեմ ինչ մեկնաբանություն տալ»։

Փաստաբանը նաեւ հիշեցնում է, որ հավաքների ազատության մասին օրենքի համաձայն՝ օրինական պահանջ ոստիկանը պետք է ներկայացնի պարտադիր բարձրախոսով եւ ոչ թե մեկ, այլ երկու անգամ, որպեսզի այնուհետեւ նրա գործողությունները իրավաչափ համարվեն։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031