Հունվարի 31-ին «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործարկման ղեկավար Անուշ Աբգարյանի հետ քննարկեցինք Գեղարքունիքի մարզում «ԹՈՒՄՈ» կենտրոնի հիմնման եւ նոր տուփերի բացման ծրագրի իրականացման հետ կապված հարցերը։
Հանդիպմանը մասնակցեց նաև Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը։
2023 թվականի հունվարի վերջի դրությամբ Գեղարքունիքի մարզում գործում են «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեք տուփեր Գավառ, Սեւան եւ Ճամբարակ քաղաքներում, որտեղ սովորում են 1050 ուսանող, իսկ մինչեւ 2025 թվականը նախատեսվում է նոր տուփեր բացել Մարտունի, Վարդենիս, Գավառ, Սեւան համայնքների տարբեր բնակավայրերում։
Կենտրոնը հիմնվելու է Մարտունի քաղաքում։
Ուսանողները «ԹՈՒՄՈ» կրթական ծրագրի մաս կազմող ինքնուսուցման փուլը անցնելու են տուփերում, իսկ գործնական դասընթացների համար ուղեւորվելու են Դիլիջանի կենտրոն՝ մինչև Գեղարքունիքի մարզային կենտրոնի հիմնումը։ Յուրաքանչյուր «ԹՈՒՄՈ» տուփ հնարավորություն է տալու՝ տեխնոլոգիաների եւ դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։ Բացի «ԹՈՒՄՈ» հիմնական ծրագրից, առավոտյան ժամերին տուփը կարող է օգտագործվել այլ կրթական ծրագրեր իրականացնելու համար։ Ուսանողներն այստեղ սովորելու են 14 ծրագիր, այդ թվում՝ ծրագրավորում, գծագրություն, մոդելավորում, գրություն, երաժշտություն, անիմացիա, խաղերի պատրաստում, ռոբոտաշինություն եւ այլ մասնագիտություններ։ Ինչպես ներկայացրեց Անուշ Աբգարյանը՝ Գեղարքունիքում այս ծրագրով պետք է հիմնվի 16 տուփ, որոնցից 3-ն արդեն գործում են։ Կենտրոնը եւ տուփերն ապահովվելու են ժամանակակից տեխնիկական միջոցներով եւ դասավանդող մասնագետ կադրերով:
Մանրամասնորեն դիտարկեցի ծրագրի նախնական տարբերակով նախատեսված կենտրոնի եւ տուփերի տեղորոշման նախնական ընտրությունը՝ եղան համապատասխան դիտողություններ եւ առաջարկություններ։
Ելնելով Գեղարքունիքի մարզի մի շարք առանձնահատկություններից՝ ընդգծեցի, որ մեզ անհրաժեշտ է երկու կենտրոն եւ 19 տուփ՝ նախատեսված 1 կենտրոնի եւ 16 տուփի փոխարեն։ Լիահույս եմ, որ փոխհամագործակցության արդյունքում կկարողանանք հասնել ցանկալի արդյունքի։ Պետք է համատեղ որոշում կայացնել՝ «ԹՈւՄՈ» տուփեր բացել մարզի այն բնակավայրերում, որոնք իրենց աշխարհագրական դիրքով հասանելի կլինեն հարակից համայնքների ուսանողների համար: Պետք է հաշվի առնել նաեւ բնակչության, սովորող ուսանողների թվաքանակը, ճանապարհային հաղորդակցության հնարավորությունները եւ նպաստավոր այլ գործոններ։
Պայմանավորվածություն ենք ձեռք բերել՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում հստակեցնել «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տուփերի տեղադրման քանակությունը եւ վայրերը եւ քայլ առ քայլ իրականացնել հաստատված ծրագիրը, որի արդյունքում ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում Գեղարքունիքի մարզից կրթվելու հնարավորություն կունենան շուրջ 5154 ուսանող։
Գեղարքունիքի մարզպետարան