31 հունվարի, 2023թ․ – ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Հայաստանում շարունակում է հրատապ աջակցություն տրամադրել նրանց, ովքեր տուժել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից։ Այս անգամ, ելնելով ծրագրի շրջանակում անցկացված կարիքների գնահատման արդյունքներից, աջակցություն է տրամադրվել 2022թ․ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում տեղահանված և Սյունիքի մարզում հաստատված 22 ընտանիքների։ Հրատապ աջակցության ծրագրի շրջանակում ՊԳԿ-ն 8700 կգ անասնակեր է տրամադրել 5 ընտանիքի և 6200 կգ թռչնակեր՝ 17 ընտանիքի։
«Այս ծրագիրն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համագործակցությամբ՝ նպատակ ունենալով արագ արձագանքել առկա բացերին և աջակցել կառավարության նախաձեռնություններին», – ասաց ՊԳԿ հայաստանյան ներկայացուցչի տեղակալ Գայանե Նասոյանը։ «Նմանատիպ ծրագրերն օգնում են տրամադրել հրատապ աջակցություն, ինչը խիստ անհրաժեշտ է, սակայն ավելի երկարաժամկետ հեռանկարում այդ ընտանիքներին ավելի շատ օգնություն է հարկավոր»։
Հրատապ աջակցության ծրագիրը մեկնարկել է 2021թ․ հունվարին՝ օգնելու 2020թ․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում Հայաստան տեղափոխված խոցելի խմբերին։ Հիմնական նպատակը փխրուն իրավիճակում գտնվող բնակչության գոյության միջոցների ստեղծումը, պաշտպանությունն ու վերականգնումն էր: Ընդհանուր առմամբ ծրագրից օգտվել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում բնակվող 369 ընտանիք։
Ծրագրի շրջանակում տրամադրվել է խոշոր եղջերավոր անասունների համար կեր, ինչպես նաև սարքավորումներ և շինանյութ՝ կենդանիների համար ժամանակավոր կացարան կառուցելու նպատակով, ինչն ըստ շահառուների՝ կենսական նշանակություն է ունեցել։ Ավելին, տրամադրվել են անասնաբուժական ծառայություններ և դասընթացներ անցկացվել անասնապահական լավագույն փորձի վերաբերյալ, ներառյալ՝ կերակրման, պահման և առողջապահական խնամքի մասին։
Կարդացեք նաև
Ծրագրի մեկնարկից ի վեր շահառուներին տրամադրվել է երկու տեսակի աջակցության փաթեթ․
- Փաթեթ 1․ 94 տնային տնտեսությունների, որոնք կարողացել էին իրենց գյուղատնտեսական ակտիվները տեղափոխել Հայաստան և կարիքների գնահատման պահին ունեցել են մինչև հինգ խոշոր եղջերավոր անասուն, ընդհանուր առմամբ տրամադրվել է 168 620կգ համակցված կեր անասունների համար։
- Փաթեթ 2․ 275 տնային տնտեսություններ, որոնք չեն կարողացել իրենց գյուղատնտեսական ակտիվները տեղափոխել Հայաստան, ստացել են 5503 կենդանի հավ և 90180 կգ թռչնակեր։
ՄԱԿ–ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպություն