Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը:
Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին՝ տարիների համագործակցության համար: Նախարարը բարձր է գնահատել ԵՄ աջակցությունը, որը միտված է Արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը, մասնավորապես՝ դատական և հակակոռուպցիոն ոլորտներում:
Ընդգծվել է հատկապես 2022-2026թթ.դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության, արբիտրաժի ոլորտի բարեփոխումների, էլեկտրոնային արդարադատության հարթակների մշակման գործընթացում ցուցաբերած աջակցության կարևորությունը, ինչպես նաև Երևանում ՀՀ պետական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկած «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագիրը, որի նպատակն է ԵՄ և առաջավոր այլ երկրների փորձի հիման վրա ձևավորել ՀՀ-ում կոռուպցիայի դեմ տարվող պայքարի առավել արդյունավետ ինստիտուցիոնալ հիմքեր:
Դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է Գրիգոր Մինասյանին նշանակման կապակցությամբ և բարձր գնահատել Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև դրական գնահատել հասարակական կազմակերպությունների և նախարարության միջև կառուցողական համագործակցության արդյունքները: Դեսպան Վիկտորինն ընդգծել է նաև ԵՄ Բյուջետային աջակցության համաձայնագրի կարևորությունը և հույս հայտնել, որ համատեղ փոխգործակցությունը կշարունակվի բաց, թափանցիկ և արդյունավետ ճանապարհով: Դեսպանն ընդգծել է, որ արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացման համար ԵՄ-ն արդեն իսկ տրամադրել է ֆինանսական աջակցություն, որը շարունակական է լինելու:
Կարդացեք նաև
Նախարարը կարևորել է Եվրոպական Միության հետ համագործակցության շրջանակներում պետական բյուջեի և ԵՄ դրամաշնորհի համատեղ միջոցներով ձեռքբերված այլընտրանքային խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ էլեկտրոնային հսկողության համակարգի ձեռքբերումը, որը միտված է թեթևացնելու քրեակատարողական հիմնարկներում առկա իրավիճակը: Նախարարն իր խոսքում նշել է, որ սարքավորումները սկսել են կիրառվել: Երկուստեք կարևորվել է նաև Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակներում ԵՄ-ի կողմից ցուցաբերած աջակցությունը, մասնավորապես՝ Պարեկային ծառայության համար ավտոմեքենաների ձեռքբերման, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության ձևավորման գործում կատարված աշխատանքը:
Եվրոպական միությունը՝ ԵՄ/ԵԽ-ի Գործընկերություն հանուն լավ կառավարման (PGG) ծրագրի շրջանակներում «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի համատեքստում կազմակերպել է քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի վերաբերյալ միջազգային փորձագետների կարծիքի ներկայացումը, ազգային փորձագետների կողմից օրենսգրքերի ուղեցույցների մշակումը, նոր օրենսգրքերի կապակցությամբ ամիսներ շարունակ վերապատրաստումների իրականացումը և այլն: Կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն առաջացնող մի շարք թեմաների:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ