Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտենսիվ այգիներ հիմնելու պատրվակով պետական աջակցության ծրագրի շահառուները կեղծ փաստաթղթեր են ներկայացրել

Հունվար 31,2023 17:18

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքները՝ Հայաստանի տարածքում ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության ծրագրի արդյունավետության վերաբերյալ:

Պարզվել է, որ ինտենսիվ այգիներ հիմնելու պատրվակով պետական աջակցության ծրագրի շահառու քաղաքացիներից մի քանիսը Էկոնոմիկայի նախարարություն են ներկայացրել կեղծ փաստաթղթեր:

Մասնավորապես՝ երեք տարբեր գործերի ուսումնասիրությամբ ի հայտ են եկել Վ.Գ.-ի, Ա.Հ.-ի, Ս.Ղ.-ի և Գ.Զ.-ի կողմից փաստաթղթեր կեղծելու, իրականությանը չհամապատասխանող տվյալներով պայմանագիր, հանձնման-ընդունման ակտ կազմելու, Էկոնոմիկայի նախարարություն կեղծ փաստաթղթեր ներկայացնելու տվյալներ: Նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի՝ շահառուի կողմից ներկայացված իրականությանը չհամապատասխանող փաստաթղթերն ու տեղեկատվությունը ոչ պատշաճ ուսումնասիրելու հետևանքով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Արդյունքում, Վ.Գ.-ի կողմից հափշտակվել է 57 մլն 780 հազար դրամ, Ա.Հ.-ի կողմից՝ 16 մլն 192 հազար 940 դրամ, իսկ Ս.Ղ.-ի և Գ.Զ.-ի կողմից՝ 58 մլն 500 հազար դրամ:

Վերոշարադրյալի հիման վրա՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել Քննչական կոմիտե:

Քննչական կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնել), 325-րդ հոդվածի 1-ին մասով` (իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելու, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործել) և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խաբեության եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031