ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում երկու հարց կար։ Առաջինը Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն էր՝ երկրորդ ընթերցմամբ խորհրդարանին ներկայացնելու, որի վերաբերյալ առաջարկներ չէին եղել։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշեց, որ առաջակել են Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարել եւ առաջին ընթերցմամբ արդեն իսկ ներկայացրել են նախագծի իմաստը։
Նրա խոսքով․ «Բանակային խաղերը, որ այդքան մեծ հեղինակություն ու մասսայականություն ունեն աշխարհում, պետք է մեզ մոտ եւս հավուր պատշաճի գնահատվեն ու հավասարեցվեն Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին՝ պարգեւատրման առումով, որպեսզի մեր ուժեղագույն մարզիկները շահագրգռված լինեն մասնակցել այդ խաղերին եւ բարձր պահեն մեր երկրի պատիվը։ Դրա համար առաջարկել ենք խաղերը ընդգրկել պետական պարգեւներ ստացող մարզաձեւերի ցուցակում։
Երկրորդ առաջարկը կառավարության 925 որոշման մեջ փոփոխությունն է, որով հիմք ենք ստեղծում ծրագրեր իրականացնելու։ Անցյալ տարի մենք կյանքի ենք կոչել Փարիզ-24 ծրագիրը, որով հավելյալ օժանդակություն ենք ցույց տալիս մեր մարզիկների հավաքականներին, մարզիչներին, բժիշկներին եւ առաջնին անգամ նաեւ մերսողներին»։
Անցումային դրույթների հետ կապված էլ փոխնախարարը հավելեց, որ ցանկանում են փոփոխության արդյունքում դրանք նախարարի հրամանով կարգավորվեն։ Կարեն Գիլոյանը նշեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարական կա՝ Հայաստանում նույնպես անցկացնել ռազմականացված խաղեր․ «Մի քանի հանդիպումներ ունեցել ենք Պաշտպանության նախարարության, Ներքին գործերի նախարարության, ԱԱԾ-ի, Պետեկամուտների կոմիտեի հետ։ Ուժային կառույցներին հրավիրել ենք խորհրդակցությունների, առայժմ 4 մարզաձեւի մասին է առայժմ խոսքը․․․ Բավական լուրջ մրցանակային հիմնադրամով ռազմականացված խաղեր ենք անցկացնելու, որոնք մասսայական բնույթ են ունենալու»։
Կարդացեք նաև
Հարցը դրվեց քվեարկության, հանձնաժողովում բոլորը կողմ էին, երկու անդամ ձեռնպահ քվեարկեց։
Մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց նաեւ նիստի օրակարգի երկրորդ հարցը։ Խոսքը Կրթության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին էր վերաբերվում, հիմնական զեկուցողն էլ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էր։
Նա ներկայացրեց, որ այդ փոփոխության արդյունքում արտադպրոցական կրթության ոլորտում փորձում են ներդնել մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխկապակցված մեխանիզմ։ Ասաց, որ դա բխում է Կրթության զարգացման մինչեւ 2030թ պետական ծրագրի դրույթներից եւ արդեն իսկ գործող օրենք է։ Նախարարը նշեց, որ այդ կերպ փորձում են կարգավորել որոշ հրատապ հարցեր, որոնք պետք է թույլ տան ոլորտում ներդնել կամավոր ատեստավորման մեխանիզմը, եւ այդ պատճառով օրենքում ներառված են համապատասխան հասկացությունների սահմանումները, ինչպես նաեւ լիազորող նորմերը, որոնք թույլ են տալու ծրագիրն ամբողջությամբ իրականացնել:
Քննարկումներից հետո քվեարկության դրվեց Կրթության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին առաջին ընթերցմամբ օրենքի նախագիծը, եւ այս դեպքում եւս բոլորը կողմ արտահայտվեցին, իսկ երկու հոգի ձեռնպահ քվեարկեցին։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ