Հակակոռուպցիոն դատարանում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ապօրինի ծագման գույքը բռնագանձելու դատախազության ներկայացրած հայցի քննության ժամանակ այսօր մեղադրող դատախազը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանն ասաց, որ իրենց ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Խաչատրյանը մի շարք իրավաբանական ու ֆիզիկական անձանց գումարային փոխառություններ է տվել, որոնց վերադարձի մասին տվյալներ իրենք չեն ստացել:
«Այսինքն, ըստ էության, այդ փոխառությունները տրամադրված են եւ այդ գումարները դատախազության հաշվարկներով տրամադրվել են ապօրինի գումարների հաշվին: Հետեւաբար, այդ փոխառության պահանջի իրավունքը եւս ենթակա է բռնագանձման հօգուտ ՀՀ–ի, այսինքն՝ դատարանի՝ բավարարման դեպքում այդ փոխառությունները պետք է վերադարձվեն ՀՀ-ին, ոչ թե Սուրիկ Խաչատրյանին»,- ասաց դատախազը:
Ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը թվարկեց նաեւ Սուրիկ Խաչատրյանի փոխառություններից օգտվող անձանց ցուցակը. ըստ այդմ՝ Աշոտ Մինասյանին տրվել է 40 միլիոն դրամի չափով փոխառություն, Հրայր Առաքելյանին՝ 40 միլիոն դրամի չափով, Առուշ Առուշանյանին՝ 3 միլիոն 350.000 դրամի չափով (խմբ. Գորիսի գործող քաղաքապետ), Էրիկ Համբարձումյանին՝ 56 միլիոն դրամի չափով, Հայկազ Բաղմանյանին՝ 10 միլիոն դրամի չափով (խմբ. Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ), Հովիկ Աբրահամյանին՝ 40 միլիոն դրամի չափով (խմբ․ ԱԺ նախկին նախագահ), Սպարտակ Սիմոնյանին՝ 7 միլիոն 297. 788 դրամի չափով, Գարեգին Լազարյանին՝ 1 միլիոն դրամի չափով:
Դատախազը թվարկեց նաեւ իրավաբանական անձանց ցուցակը, որոնք նախկին մարզպետի փոխառություններից օգտվել են, ցուցակում 7 ընկերություն էր, իսկ փոխառությունների ընդհանուր չափը հասնում էր մի քանի միլիոնի:
Կարդացեք նաև
Դատախազությունը պահանջում է նաեւ Սուրիկ Խաչատրյանի կնոջ եղբորից՝ Վարդան Բարսեղյանի տված փոխառությունները բռնագանձել:
Գեւորգ Քոչարյանը նշեց, որ կրկին իրենց դիրքորոշմամբ՝ Վարդան Բարսեղյանի անունից ու հաշվեհամարից են տրամադրված այդ փոխառությունները, սակայն իրականում Սուրիկ Խաչատրյանին պատկանող դրամական միջոցներից է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ