Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության կենսագործունեության ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր:
Ներկայացվել է պարենային ապրանքների, բենզինի և դիզվառելիքի շուկաներում, ենթակառուցվածքների ոլորտում ընթացիկ իրավիճակը:
Զեկուցվել է, որ կտրոնային համակարգի ներդրումը որոշակի չափով մեղմել է պարենային խնդիրը, սակայն շրջափակման հետևանքով բնակչությունը շարունակում է զրկված մնալ մի շարք կարևոր ապրանքատեսակներ ձեռք բերելու հնարավորությունից:
Ինչ վերաբերում է բենզինի և դիզվառելիքի շուկայում իրավիճակին, ապա նշվել է, որ առկա է պաշարների սղություն և կարևորվել է խիստ խնայողական ռեժիմի պահպանումը:
Կարդացեք նաև
Նիստի ընթացքում քննարկվել են նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական և գարնանացանի կազմակերպման հարցեր: Պետնախարարը գարնանացանի՝ պատշաճ ժամկետներում իրականացման խնդիրը կարևոր է համարել հատկապես պարենային անվտանգության տեսանկյունից՝ նշելով, որ սերմերի տեղափոխման հետ կապված ներկայումս աշխատանքներ են իրականացվում:
Հաշվի առնելով, որ օպերատիվ շտաբի անդամներն արդեն ավարտել են համայնքներում բնակչության հետ հերթական հանդիպումների շարքը՝ պետնախարարը պատասխանատուներին հանձնարարել է ամփոփել բարձրացված հարցերը և դրանց լուծման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմ