Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. Ժոզեպ Բորելը պատասխանել է ԵԽ պատգամավորի հարցերին

Հունվար 31,2023 15:04

«Արմենպրես». 2022 թ. դեկտեմբերի սկզբից Եվրոպական Միությունն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և դրանց մարդասիրական հետևանքներին։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը մշտական կապի մեջ է երկու կողմերի արտաքին գործերի նախարարների հետ: Կողմերի հետ սերտ կապի մեջ է նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Եվրախորհրդարանի պատգամավոր Ասսիտա Կանկոյի՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ պաշտոնական հարցմանը Ժոզեպ Բորելի պատասխանում:

«ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել իր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկել՝ միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորությունների», – նշված է փաստաթղթում:

Ժոզեպ Բորելը հիշեցնում է, որ Պրահայում 2022 թ. հոկտեմբերի 6-ին ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում Հայաստանում երկու ամսով տեղակայվել էր ԵՄ առաքելություն, որն իր գործունեությունն ավարտել էր 2022 թ. դեկտեմբերի 19-ին:

Անդրադարձ է կատարվում նաև ԵՄ նոր դիտորդական առաքելության տեղակայմանը:

«ԵՄ-ն սկսել է ներգրավվածության նոր փուլ՝ որոշելով, ի պատասխան Հայաստանի դիմումի, Հայաստանում տեղակայել Եվրոպական Միության քաղաքացիական առաքելություն՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ամրապնդմանը և պայմաններ ապահովել, որոնք կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնց աջակցում է ԵՄ-ն», – ասված է փաստաթղթում:

Բորելը նաև անդրադարձել է ԵԽ պատգամավորի հարցման մեջ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառման վերաբերյալ հարցին:

«Պատժամիջոցները ԵՄ-ի ընդամենը մեկ գործիք են Արտաքին և անվտանգության ընդհանուր քաղաքականության նպատակներն առաջ մղելու համար, և այս դեպքում դրանք չեն դիտարկվում: Հայաստանի և Ադրբեջանի հետ ԵՄ-ի ջանքերը կենտրոնացած են երկխոսության միջոցով լուծումների հասնելու վրա, ինչին երկու երկրների ղեկավարներն էլ հայտնել են իրենց հանձնառությունը», – եզրափակել է Ժոզեպ Բորելը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031