Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Ես հանրահավաք հրավիրելու երկու նախաձեռնություն եմ ունեցել եւ երկուսն էլ իրենց մեջ բովանդակային, գաղափարական խորհուրդ են պարունակել»

Հունվար 31,2023 14:05

Հանրային գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում անդրադարձավ հունվարի 28-ին՝ Հայոց Բանակի կազմավորման 31-ամյակի օրը, Հանրապետության հրապարակում իր նախաձեռնած հանրահավաքի եւ կազմակերպական թերությունների պատճառով մարդկանց սակավ մասնակցության առիթով հնչեցված քննադատությանը:

«Ես հունվարի 28-ի հանրահավաքի եւ երթի մասին տեղեկություն Երեւանի քաղաքապետարանին տվել եմ դրանից մոտ 10 օր առաջ: Իրազեկումը քաղաքապետարանն ընդունել էր հունվարի 17-ին: Այդ մասին մինչեւ հանրահավաքը կազմակերպելը բազմաթիվ քննարկումներ եմ ունեցել տարբեր քաղաքական ուժերի, տարբեր գործիչների հետ՝ հրավիրելով նաեւ, որպեսզի իրենք ոչ միայն մասնակցություն ունենան, այլ նաեւ լցնեն այդ հանրահավաքի բովանդակությունը: Որովհետեւ ես ոչ քաղաքական կուսակցություն, ոչ կազմակերպություն եմ ներկայացնում: Ես ընդամենը լուծել էի հանրահավաքի կազմակերպման իրավական կողմը: Ծանուցում էի տվել Երեւանի քաղաքապետարան: Ավելին, ոստիկանության եւ քաղաքապետարանի կողմից սահմանափակումներ դնելու հարցում դա վիճարկել եմ դատարանում, շահել եմ դատը: Այսինքն, ստեղծել եմ այդ հանրահավաքի կազմակերպման իրավական հենքը: Եվ եթե կլինեին մարդիկ, ովքեր կցանկանային դրանում ծրագրային փոփոխություններ անել, առաջարկություններ ներկայացնել, միանալ, դառնալ այդ հանրահավաքի առաջնորդող ուժը, հիմնական կազմակերպիչը եւ այլն, ես ինքս եմ հրավիրել շատ-շատերին, որպեսզի իրենք այդ ֆունկցիան իրականացնեն: Դա անձի հանրահավաք չէր:

Ես հանրահավաք հրավիրելու երկու նախաձեռնություն եմ ունեցել: Երկուսն էլ իրենց մեջ բովանդակային, գաղափարական խորհուրդ են պարունակել: Մեկը եղել է օգոստոսի 23-ին՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը, որի խորհուրդը եղել է այն, որ մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, տեր ենք ու հավատարիմ ենք մեր պետության եւ դրա ստեղծման հիմնադիր փաստաթղթին: Իսկ այս դեպքում հանրահավաքի խորհուրդը, գաղափարը բանակն էր. որ մենք տեր ենք մեր զինված ուժերին, մեր բանակին, որը հիմա հասցված է նման վիճակի:

Ընդունում եմ ցանկացած քննադատություն, դիտողություն: Հատկապես ինձ համար շատ հարգարժան անձանցից: Եվ ընդունելով հանդերձ, միաժամանակ տեղեկացնում եմ, որ այդ հանրահավաքի կազմակերպման հարցում ես եղել եմ շատ բաց, համագործակցային: Ցավոք սրտի, համագործակցող գործընկերներ են եղել ոչ բոլորը, այսպես ասենք՝ ավելի քիչ թվով մարդիկ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031