Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զոհված զինվորի հայր Վահիկ Սահակյան. «Այս երկրում կարծես թե ամեն սրբություն ոտնահարվել է»

Հունվար 31,2023 13:02

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիկ Սահակյանը, «Հայելի» ակումբի ուղիղ եթերում խոսելով 2022 թվականի սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական փառքի պանթեոնում ոստիկանական ուժերի կողմից այնտեղ հանգչող հերոսների ծնողների նկատմամբ կիրառված բռնությունների եւ նրանց բերման ենթարկելու մասին՝ ասաց. «Այս երկրում ամեն մի սրբություն, կարծես թե ոտնահարվել է: Մենք որպես հերոսածին ծնողներ հաճախակի, եթե ոչ ամեն օր, լինում ենք Եռաբլուր զինվորական պանթեոնում մեր տղաների մոտ: Նմանատիպ օր էր սեպտեմբերի 21-ը: Մենք գնացել էինք մեր տղաների եւ նրանց նման հազարավորների արյան գնով ձեռք բերված անկախության տոնը շնորհավորելու: Եվ իմացանք, որ Նիկոլ Փաշինյանը լուսադեմին գաղտագողի ուզում է գալ ու ինչ-որ արարողություն անել: Սկզբում եկան ոստիկանները: Մեզ տեսնելով կամ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ նրանց միացան սեւ եւ կարմիր բերետավորները: Մենք ընդամենը 34-40 ծնող էինք: Թե ինչ վախ ու ահ կար այդ մարդկանց սրտում, չեմ կարող մեկնաբանել, բայց ասեմ, որ եկան, առանց որեւէ զգուշացման առանց մեզ որեւէ բան տեղեկացնելու, երեւի մի կես ժամ սպասելուց հետո սկսեցին իրենց գազան վերաբերմունքը մեր հանդեպ: Այն, ինչ այդ օրը մեր հանդեպ կատարվեց Եռաբլուրում, ոստիկանական եւ իրավապահ համակարգի ամենաամոթալի, ամենաստոր, ամենաանմարդկային երեւույթներից մեկն էր:»

Վահիկ Սահակյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 23-ին ՀՔԾ-ի կողմից իրենք ճանաչվել են տուժող, կան մայրեր, որոնք մարմնական վնասվածքներ՝ սալջարդ, մատների կոտրվածք են ստացել: «Տեսանյութերը կան եւ դրանք ավելի քան խոսուն են: Այո, գաղտագողի եկան եւ սկսեցին ծնողներին բերման ենթարկել: Այդ օրը մեր աչքը նաեւ մի քանի դիպուկահար առավ: Բայց ոստիկանությունն էր դիմել վարչական դատարան՝ մեր հանդեպ վարույթ ընդունելու: Եվ դատարանը մոտավորապես 22 անձի հանդեպ վարույթ ընդունել էր: Հիշենք մեր պապերի ասածը. սելը ճռռալուն՝ սելվորն է ճռռում: Մեզ ջարդել, փշրել են, անհամաչափ ուժ են կիրառել ու իրենք էլ դիմել են վարչական դատարան՝ մեզ տույժի ենթարկելու, նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով յուրաքանչյուրիս տուգանելու:

Մենք ոչ մի բանից չենք վախենում: Առաջներում ասում էին՝ մի խումբ ծնողներ: Հիմա մենք մի խումբ ծնողներ չենք, մենք բոլորս «Որդիների կանչ» ՀԿ անդամներ ենք: Մենք գործելու ենք օրենքի տառին համապատասխան: Մենք այս պետության դեմ որեւէ բան չունենք: Այսօր մենք իշխանավորներին ենք դեմ: Մեր տղաները զոհվել են պետության համար ու ո՞նց կարող է՝ մենք, ծնողներս, դուրս գանք այս պետության դեմ: Փաշինյանի հետ կապված երկրորդ դեպքը կատարվեց հունվարի 28-ին: Նա ի լուր աշխարհի ասել է, որ երբ իրեն թուրք են ասում, չի վիրավորվում: Ու նա որոշել էր այս անգամ գալ ամենակարեւոր՝ բանակի տոնը շնորհավորեր: Մենք ասում ենք. մարդ, որը ի վիճակի է բանակ քանդելու, ասելու, որ մենք բանակ չենք ունեցել, եկել ես Վազգեն Սարգսյան սպարապետին, Լեոնիդ Ազգալդյանին, հսկա հերոսներին ի՞նչ ասես»,-ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031