Հունվարի 31-ին, ժամը 09։17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասի Բաղրամյան փողոցում գտնվող գազալցակայանի կոմպրեսորային հատվածում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ առկա է գազի արտահոսք։ Կա երեք տուժած։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։40-ին, մարվել՝ 10։33-ին։ Այրվել են շինության (մոտ 150 քմ) տանիքից մոտ 56 քմ հատվածի փայտե կառուցատարրերը, վնասված խողովակներից արտահոսած գազը և պայթել՝ կոմպրեսորի էլեկտրական շարժիչը։
Տուժածներ Ա․ Մ․-ն (ծնված 1990 թ․), Ա․ Գ․-ն (ծնված 1965 թ․) և Ժ․ Ա․-ն (ծնված 1960 թ․) հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները Ժ. Ա․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուսները տեղափոխվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Կարդացեք նաև