2022 թ. սեպտեմբերի վերջին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասում է, թե ճանապարհների բացումը կամ կառուցումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կողմերը հստակ սահմանեն երկրների միջեւ սահմանը հատելու իրավական ռեժիմը։ Բանակցությունների ընթացքում մշակվել է սկզբունք, այն է՝ «ճանապարհի նկատմամբ ինքնիշխանությունն իրականացնում է այն երկիրը, որի տարածքով է անցնում ճանապարհը»։ Այսինքն՝ եթե ճանապարհն անցնի հայկական տարածքով, ուրեմն դա հայկական ճանապարհ է, եթե ադրբեջանական տարածքով, ուրեմն՝ ադրբեջանական: «Չկա «արտատարածքային միջանցք», որը որեւէ կերպ կխախտի կողմերից որեւէ մեկի ինքնիշխանությունը, դա չկա եւ չի կարող լինել»,- սրանք ՌԴ փոխվարչապետի խոսքերն են «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցից։
Փաստն այն է սակայն, որ, ինչ անուն էլ տրվի, թյուրքական կողմը դա համարում է միջանցք եւ ուզո՛ւմ է միջանցք ու միջանցքային կարգավիճակ, որովհետեւ դա իր նպատակն է։ Նպատակ, որ չի էլ թաքցվում:
Իրականում թյուրքական կողմը ոչ մի ապաշրջափակում չի ուզում։ Որովհետեւ Թուրքիան ու դրա կովկասյան տարրը իբր ապաշրջափակման ծրագրի շրջանակներում տարածաշրջանային այնպիսի տրանսպորտային գծագիր են անում, որում Հայաստանը չունի որեւէ հնարավորություն շահառու դառնալու: «Զանգեզուրի միջանցքը» երազողներից մեկը՝ Ադրբեջանական ԽՍՀ ավտոճանապարհների նախկին փոխնախարար Մաիր Ալեքպերովը, դեռ 2021 թ. այն անվանել է «Թուրքական մայրուղի»։
«nic-pnb.ru» կայքը (Ազգային անվտանգության խնդիրների գիտահետազոտական կենտրոն) 2021 թ. ապրիլին «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված մի հրապարակում է զետեղել, որում Սյունիքին տիրանալու աշխարհաքաղաքական նպատակներին հավելում է նաեւ տնտեսական նպատակները։ Դե, իհարկե, թյուրքական կողմը հո չէր կարող մոռանալ, որ Սյունիքի Որոտանի ՀԷԿ-երի կասկադը ստեղծման օրվանից նաեւ Նախիջեւանի էլեկտրաէներգետիկ կարիքներն է բավարարել։ «Արաքսի վրա Մեղրիի հիդրոէլեկտրակայանի կառուցման կանգնած նախագիծը նույնպես կարող է բավական «գրավիչ» լինել Բաքվի համար, իհարկե՝ իր պայմաններով։ Չպետք է մոռանալ տեղական բարձրորակ հումքի (պղինձ, կոբալտ, բիսմութ, մոլիբդեն) վրա հիմնված գունավոր մետալուրգիայի ձեռնարկությունների մասին Կապան-Քաջարան շրջանում»,-գրում է հետազոտական կենտրոնի կայքը՝ հավելելով, թե այսօր Երեւանին Թուրքիայի աջակցությամբ փաստացի վերջնագիր է ներկայացվում՝ «Զանգեզուրը տալ Ադրբեջանին»։ Փաստ է՝ «Բաքուն եւ Անկարան, հավակնելով Զանգեզուրին, ձգտում են աշխարհագրորեն կտրել Հայաստանը Իրանից: Ստանալով առնվազն Մեղրիի շրջանը, Բաքուն վերահսկելու է նախկին ԽՍՀՄ-ի ամբողջ սահմանը Իրանի հետ Անդրկովկասում, ինչը գրեթե չի գրավում Մոսկվային եւ Թեհրանին»։
Կարդացեք նաև
Եթե այս ամենին հավելենք, թե մեր Արցախից օկուպացրած տարածքներում ովքեր են այս պահին Ադրբեջանի կողքին կանգնածները եւ մեր հարստության շահառուները, շատ բան ավելի հստակ կերեւակվի։ Թյուրքական աշխարհին աջակցող շահառուների համար ոչինչ չի փոխվել. նրանք մշտապես պատրաստ են զոհաբերել հայկական շահերը հանուն իրենց նպատակների։ Այդ շահառուները արցախյան առաջին ազատամարտից հետո սկսեցին, 44-օրյայից հետո կրկին ակտիվացան։ Եվ ակտիվ են մնալու այնքան ժամանակ, քանի դեռ չենք գիտակցում մեր՝ աշխարհագրորեն նպաստավոր դիրքը, որ իրականում խաչմերուկային է, ոչ թե փակուղային, որ այդ դիրքը մերն է, ոչ թե թշնամունը կամ նրան աջակցողներինն ու սպասարկողներինը։ Եվ որ այդ դիրքը մերը պահելու համար Հայաստանի տարածքով չի կարող անցնել որեւէ միջանցք՝ ինչ անուն ու նպատակ ուզում է վերագրվի։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: